կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-12 11:10
Քաղաքական

Չի բացառվում` ''Պուտին'' ակումբների ստեղծումը դառնա պետական ծրագիր

Չի բացառվում` ''Պուտին'' ակումբների ստեղծումը դառնա պետական ծրագիր

Ինչպես հայտնի դարձավ, երեկ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն «ԱԺ-ի պատվո մեդալ»-ով է պարգևատրել ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանին, ով, ինչպես հայտնի է, Հայաստանում աչքի է ընկել, այսպես կոչված, «Պուտին» ակումբների ստեղծման նախաձեռնությամբ: Հովիկ Աբրահամյանը վերջինիս նման պատվի է արժանացրել ոչ ավել, ոչ պակաս` «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում ԱՊՀ երկրների երիտասարդական միության ցուցաբերած ակտիվ մասնակցության համար»:

 

Նիկողոսյանը Հայաստանի եվրասիական ինտեգրմանն ուղղված իր «ակտիվ» գործունեությունը, որը պոիտինիզմի քարոզչությունից այն կողմ, ըստ էության, չի անցել, ծավալել է շատ ավելի վաղ, քան Սերժ Սարգսյանը կհայտարարեր Մաքսային Միությանը և Եվրասիական միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: Փաստորեն, միայն հիմա է երկրի իշխանությունների համար պարզ դարձել, թե ինչպիսի տիտանական աշխատանք է տարել Նիկողոսյանը Հայաստանի եվրասիաինտեգրացիայի շրջանակներում:

 

Հետաքրքրականն այն է, որ պարգևատրումը տեղի է ունենում վարչապետ Տիգրան Սարգսյանի` Մոսկվա կատարվող այցի ֆոնին: Տղերքը, փաստորեն, այնպես են արել, որ Եվրասիական միությանը միանալու Հայաստանի ունեցած մեծ ցանկության մասին Մոսկվայում վարչապետի կանխատեսելի հավաստիացումներն ավելի արժանահավատ թվան Կրեմլի համար, և գուցե հնարավոր լինի դրանով հալեցնել Պուտինի սրտի սառույցը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Եվ իսկապես` ինչպես կարելի է չհավատալ մի վարչապետի, որի երկրի խորհրդարանի նախագահը նման պատվի է արժանացնում հոգով ու սրտով պուտինիստ ոմն գործարարի, ում «լավ ճանաչում ու գնահատում են» նաև Ռուսաստանի իշխանական ու պետական էշելոններում:

 

Ինչպես երևում է, Սերժ Սարգսյանի կողմից Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքագլուխ ընտրվելու կապակցությամբ հղված շնորհավորական ուղերձն առանձնապես չի տպավորել Մոսկվային: Երևանի արցունքներին այնտեղ չեն հավատացել, և որոշում է կայացվել` այս պրոցեսն էլ ավելի զարգացնել ու նոր շուք հաղորդել դրան: Եվ հենց այդտեղ էլ հիշել են Նիկողոսյանի մասին. գցել-բռնել եւ որոշել ոչ ավել, ոչ պակաս` «ԱԺ պատվո մեդալ»-ով պարգեւատրել (եւ հավանաբար միայն նրա համար, որ նա ձեռքով բարեւել կամ մի քանի մետրից տեսել է Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությանը):

 

Եվ չի կարելի արդեն բացառել, որ դրանից հետո եվրասիասիրությունն ավելի համոզիչ դարձնելու համար ՀՀ Կառավարությունը կորոշի «Պուտին» ակումբների ստեղծումը դարձնել պետական ծրագիր և բյուջեի միջոցներով սկսի դրա կենսագործումը:

 

Ահա այսպիսի «կլոունադա», որից չգիտես լա՞ս, թե՞ խնդաս:

 

P.S. Ուշագրավ է, որ որպես ապացույց` Անդրանիկ Նիկողոսյանը համացանցում շատ արագ տարածել է իր պարգեւատրումը փաստող լուսանկարը` հավանաբար ցույց տալու, որ այս անգամ չի խաբում, ու որ, այո', իշխանությունները գնացել են նման քայլի:

 

Գ. Ա.