Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոս Սարգսյանի հիշատակին
Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք` ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում:
Բանից պարզվում է` չկա փոքրիկ տարածք, կան չզբաղեցրած, չյուրացված, չիրացված հողակտորներ, որոնց միացությունն է, ի վերջո, առաջացնում փոքրիկ երկրի կամ փոքրիկ Հայրենիքի պատրանք: Իր մեծ, հարուստ կյանքով, այնինչ, Սոս Սարգսյանը հավաստեց, իր օրինակով ցուցադրեց, որ զբաղեցրած, յուրացրած, իրացրած հողակտորների միացությունը միայն կարող է ստեղծել մեծ երկիր ու մեծ Հայրենիք: Եվ` առանց տարածքի:
Թերթենք նրա կենսագրության էջերը եւ կտեսնենք, որ նա ամենուր էր ու ամենագո: Նա թատրոնի եւ կինոյի մարդ էր, բայց նրան չէր կաշկանդում ոչ բեմի վարագույրը եւ ոչ էլ կինոխցիկի սառը աչքը: Նրան չէին կաշկանդում ոչ իշխանությունները եւ ոչ էլ հարազատ ու մյուս կուսակցությունները, իշխանավորներն ու քաղաքական այրերը, հարուստներն ու աղքատները, ներքին ու արտաքին թշնամիները, նույնիսկ բարեկամներն ու ընկերները: Նա ամենուր էր, ուր պահանջում էր ժամանակը: Երբ հարկ եղավ, չխուսափեց նաեւ քաղաքական հանձնառությունից: Նա իր ժամանակի մարդն էր: Նա իր ժամանակն էր ապրում, իր հողն էր մշակում, իր տարածքն էր ընդարձակում: Հարց չկար, որ նրան չհետաքրքեր, խնդիր չկար, որի լուծման համար ջանք չգործադրեր, երազանք չկար, որի իրականացման համար երեւակայություն չմսխեր: Կարելին իրագործում էր, անկարելին թողնում երազանքների` առաջին իսկ պատեհ պահին կրկին թռչելու պատրաստ թեւերին: Երկրաշարժի գոտում էր, Ղարաբաղում, մոսկովյան հացադուլում, հայաստանյան քաղաքական կյանքի թոհուբոհում… Ինչ հնարավոր էր` իրագործեց, ինչը դեռեւս հնարավոր չէր` մնաց երազանքի թեւերին: Թատրոն ստեղծեց` «Համազգայինը», թատրոնի շենքի կառուցումը մնաց երազանքների թեւերին: Երեք տնկատուն հիմնեց, հազարավոր ծառեր տնկեց նրա հիմնադրած կազմակերպությունը, ձորերի, մերկ լեռնալանջերի, գյուղամիջյան ճանապարհների ծառապատումը մնաց երազանքի թեւերին: Գրեթե վերահիմնադրեց թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Գրքեր գրեց, հուշեր, հուշապատումներ` անհայտությունից փրկելով հարյուրավոր մարդկանց, առանց որոնց հայի թվաքանակը այս աշխարհում ավելի փոքր էր լինելու:
Նա տեր էր: Եվ միաժամանակ` ծառա: Ծառա`իր մտահղացումներին, իր երազանքներին: Անխոնջ, աշխատավոր, աշխատունակ ծառա, ով, թերեւս, վերջին օրերին ամաչում էր բացթողումների, բայց ոչ երբեք չարածի համար, որովհետեւ, ինչպես ինքն էր ասում. «Երբ ուզում եմ չարված գործերս դնել իմ կյանքի որեւէ հատվածում, բաց տեղ չեմ գտնում»: Բաց տեղ չի եղել: Եղել է անընդմեջ աշխատանք: Նա իր կյանքն է ապրել, իր հողն է մշակել, իր տարածքը ընդարձակել: Եվ ժողովուրդը ընկալել է նրա այս առողջ կենսակերպը: Նրան սիրում էին ոչ միայն իր ստեղծած կերպարների, այլ իր իսկ կերպարի համար, ինչն, ի դեպ, նույնպես ինքն էր ստեղծել: Ժողովուրդը բնազդաբար հասկանում էր, որ գործ ունի իր հարազատ զավակի հետ: Եվ նրան տրված «Ժողովրդական» կոչումը հենց ինքը` ժողովուրդն էր տվել: Նույն բնականությամբ էլ առաջին իսկ օրից անդամագրվեց ու ապրեց իր կուսակցությամբ` Հ.Յ. Դաշնակցությամբ: Եթե գոյություն ունի ազգի հավաքական կերպար հասկացությունը, ապա մարմնավորողը Սոս Սարգսյան մեր ընկերն է: Հավերժ փառք մեր մեծ ժամանակակցին:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
28 սեպտեմբերի 2013