Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվեց նոր' միասնական քննչական մարմին, որի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի ղեկավար նշանակվեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Միասնական քննչական մարմինը ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա:
Թե ինչ նշանակություն կունենա այս նոր կառույցը քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու գործում, yerkir.am-ը փորձեց պարզել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՓՊ նախագահի նախկին թեկնածու Տիգրան Աթանեսյանից:
- Պարո'ն Աթանեսյան, արդյո՞ք նման մարմին ստեղծելու անհրաժեշտություն կար:
- Միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտությունը դեռևս խորհրդային տարիներից էր զգացվում: Այդ փորձը կիրառվել է Ռուսաստանում, սակայն` մասնակիորեն: Բուն գաղափարը շատ լավն է, հարցն այն է, թե ինչպես կկիրառվի այն: Ափսոս, որ վաղուց չի ստեղծվել:
- Ըստ Ձեզ` նոր համակարգում կբարձրանա քննիչների դերը:
- Քննիչները, իրենց կարգավիճակով լինելով ավելի բարձր, քան հետաքննության մարմինը, նախկինում ենթարկվում էին հետաքննության մարմնին, այսինքն` ոստիկանության քննիչները ենթարկվում էին ոստիկանապետին: Թեև քննիչն իր կարգավիճակով ավելի բարձր էր, սակայն նրա ենթական էր: Որքան քիչ վարչական և դատավարական ղեկավար ունենա քննիչը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա փորձի իր լիազորություններն իրականացնել ազատորեն:
- Ճի՞շտ էր, արդյոք, Միասնական քննչական մարմնի կազմում ԱԱԾ քննչականը և Հատուկ քննչական ծառայությունը չներգրավելը:
- Ճիշտ կլիներ ԱԱԾ-ի քննչականը միացնել, իսկ Հատուկ քննչական ծառայությունն արդեն առանձին կարգավիճակ ունի, և դրա անհրաժեշտությունը չկա:
- Կնպաստի՞, արդյոք, այս կառույցը մեր երկրում արդարացի նախաքննության իրականացմանը:
- Եթե ձևը և բովանդակությունը նույնն է մնալու, կադրային փոփոխություններ չեն լինելու, այսինքն` նույն մարդիկ շարունակելու են նույն մտածելակերպով աշխատել, փոփոխություն չի լինի, կարևորը որակյալ կադրերի ընտրությունն է:
-Իրավական դաշտում տեղի ունեցող կարևորագույն փոփոխություններին Փաստաբանների պալատն ընդհանրապես չի արձագանքում: Չե՞ք կարծում, որ այս կերպ պալատը հաստատում է իր կախյալ վիճակը:
- Փաստաբանների պալատը իրավական համակարգի կարևորագույն օղակներից է: Այն կարող է ազատորեն իր կարծիքը հայտնել իրավական դաշտում տեղի ունեցող կարևորագույն փոփոխությունների վերաբերյալ: Օրինակ` ճիշտ կլիներ` գլխավոր դատախազի նշանակման հարցում որևէ տեսակետ հայտներ: Ճիշտ է, պաշտոնապես հայտնի չէ, թե ով է լինելու հաջորդ դատախազը, սակայն մենք կարող ենք պահանջներ ներկայացնել: Օրինակ` կարող ենք ասել, թե ինչպիսի անձ ենք ուզում, որ զբաղեցնի այդ պաշտոնը, կամ ինչ է արել նախորդը, որ չպետք է հաջորդն անի և այլն: Գլխավոր դատախազը լուրջ քաղաքականություն է սահմանում իրավական ոլորտում, ինչը մեզ` փաստաբաններիս, կամ մեր վստահորդներին առնչվում է գրեթե ամեն օր: Ինչո՞ւ նախագահը, օրինակ, 4-5 թեկնածու չի առաջարկում և դնում հանրային քննարկման, ինչո՞ւ է այդ ամենն անում անդրկուլիսյան եղանակներով: Պալատը չպետք է լռի, ստացվում է` պալատն իրենց համար է, ոչ թե ժողովրդի:
Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ