կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-24 17:23
Իրավական

Նախագահի պաշտոնի` ևս մեկ հավակնորդի են դատում

Նախագահի պաշտոնի` ևս մեկ հավակնորդի են դատում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելուց հետո սկսել է քննել ժամանակին երկրի նախագահի պաշտոնի հավակնորդ, քաղաքագետ, գործարար Արկադի Վարդանյանի գործը:

 

Եվ հետաքրքրական է, որ այս գործը ևս առնչվում է մահափորձի, ավելին` սա էլ քննում է գրեթե նույն դատավարական կազմը, որը ավարտին հասցրեց Սեդրակյանի գործը. մեղադրանքը պաշտպանում է դատախազ  Արամ Ամիրզադյանը, պաշտպաններից մեկն էլ Սեդրակյանի գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանն է: Միայն նիստը նախագահող դատավորն է ուրիշ` Գագիկ Պողոսյանի փոխարեն Արշակ Վարդանյանն է:  «Օջախ» ռեստորանային համալիրում անցկացվող էլիտար հարսանիքների օրինակով` կազմը նույնն է, հարսն ու փեսան են տարբեր:



Ինչևէ,  13 տարի առաջ հայաստանյան քաղաքական դաշտում անսպասելի հայտնված եւ այն ժամանակվա իշխանությունների ճնշումների ներքո հարթակը լքած Արկադի Վարդանյանը, ով այս տարվա նախագահական ընտրություններում սատարում էր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին ընկերոջ հորը կյանքից զրկելու փորձ կատարելու համար:
Բացի նրանից, մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև Արսեն Ավետյանը և Վարուժան Սաֆտալյանը:

 

Մեղադրական եզրակացության համաձայն`  Արսեն Ավետյանը, տեղեկանալով, որ իր հայրը' Ռոբերտ Ավետյանը, մտադիր է իրեն և իր որդուն,  առանց բաժին տրամադրելու, հանել իր առանձնատնից, փորձել է տիրանալ  հոր առանձնատանը: Այդ նպատակով նա հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ Արկադի Վարդանյանի հետ` որոշելով կյանքից զրկել հորը:

 

Ըստ մեղադրանքի`  2013թ. մայիսի 14-ին ընկերները զրուցել են այդ հարցի շուրջ: Մասնավորապես` Արկադի Վարդանյանն առաջարկել է Ռոբերտ Ավետյանին կամրջից ցած նետել կամ գետը գցել, իսկ Արսենն առաջարկել է հորը թունավորել  հոգեմետ նյութերի միջոցով:

 


Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ընկերները հանցագործությունը քողարկելու համար որոշել են ազալեպտին անունով հոգեմետ դեղ լցնել Ռոբերտի կողմից մշտապես օգտագործվող հանքային ջրի մեջ, իսկ  դեղը ձեռք են բերել տաքսու վարորդ  Վարուժան Սաֆտալյանից, ով, ի դեպ, Արսենին 500 հազար դրամ գումար է պարտք եղել:

 

Սակայն ԱԱԾ աշխատակիցների կողմից հանցագործությունը բացահայտվել է: Արկադի Վարդանյանն ու Արսեն Ավետյանը կալանավորված են, իսկ Վարուժան Սաֆտալյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Այսօրվա դատական նիստին ներկայացած` 78-ամյա տուժող Ռոբերտ Ավետյանը դատարանին հայտնեց, որ դժվարությամբ է հայերեն խոսում, հիմնականում արտահայտվում է ռուսերենով, սակայն, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ իրեն թարգմանիչ պետք չէ:
Դատավորի հարցին` արդյո՞ք ստացել է դատավարության վերաբերյալ հուշաթերթիկ և ծանո՞թ է, արդյոք, իր իրավունքներին ու պարտականություններին, տուժողը պատասխանեց. «Ես սենց եմ հասկացել, որ ոչ մի բան չեմ հասկացել»:

 

Ի դեպ, տուժողն անընդհատ վիճում էր դատավարության կողմերի հետ` պնդելով, որ գործն ընթացել է ոչ այն կերպ, ինչպես պետք է լիներ:

 

Այսօրվա դատական նիստում առաջադրված մեղադրանքում Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չճանաչեց և նշեց,  որ այս գործը նախաքննական մարմինը մակերեսորեն է ուսումնասիրել` հիմնվելով  կիսատ գաղտնալսումների վրա:

 

Իսկ ամբաստանյալ Արսեն Ավետյանը նշեց, որ ընդունում է դեղահաբեր ձեռք բերելու փաստը, սակայն այն, որ ազալեպտինը հոգեմետ նյութ է, չի ընդունում: 

 

Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանն էլ, իր հերթին, ասաց, որ  Ա. Ավետյանն իր առանձնատան միակ սեփականատերը չէ,  այլ Ժաննա Ավետյանի հետ համասեփականատեր է և ցանկության դեպքում էլ չէր կարողանա հորը սպանելու եղանակով տիրանալ տանը:

 


Իրեն լիովին մեղավոր ճանաչեց միայն ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը, ով հայտնեց, որ թեթևամտորեն է վերաբերվել հարցին:

 


Ի դեպ, այսօրվա նիստին էր ներկայացել դեղերի փորձագետ  վկա Անահիտ Այվազյանը, ով դատարանին տեղեկություններ հայտնեց ազալեպտին և կլոզապին  դեղամիջոցների վերաբերյալ: Նրա խոսքով` այս դեղերը շիզոֆրենիայով տառապող հիվանդների համար են, դրանց գերդոզավորումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ հիվանդների, հատկապես` ծերերի համար: Բացի այդ` մարդիկ չեն կարող նշված դեղերը հենց այնպես ձեռք բերել դեղատներից, պարտադիր պետք է բժշկի կողմից նշանակումը:

 

Մեղադրանքը պաշտպանող Արամ Ամիրզադյանը, ով Սեդրակյանի գործով  նիստերին աչքի էր ընկնում պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հետ բանավիճելով, այս գործով անդրանիկ նիստում վիճաբանության մեջ մտավ ամբաստանյալ Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանի հետ, ով, ի դեպ, պարզվեց նաև դատախազի համակուրսեցին է եղել:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Դատական գործից հատվածներ ` yerkir.am-ի տեսանյութում: