Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 18-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի կարևորագույն ձեռքբերումը, չհաշված, անշուշտ, աննախադեպ միահամուռությամբ ընդունված երկու նախագծերը՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», կարծում ենք, գեներալ Մանվելին ԱԺ ամբիոնի մոտ վերջապես տեսնելն էր: Պետք է ասել, որ գեներալը, հատկապես` ԱԺ նախագահության ֆոնին, հիանալի «նայվում» էր, ավելին՝ «լսվում»: Նրա խոսքը, որ հայ պառլամենտարիզմի պատմության մեջ մնալու է իբրև բացառիկ երևույթ, հարուցում էր թե՛ ԱԺ նախագահության, մասնավորապես` Հովիկ Աբրահամյանի և Էդուարդ Շարմազանովի, հիացմունքն ու լայն ժպիտը, թե՛ նաև դահլիճի մեծամասնության գորովագին վերաբերմունքն առ հռետոր. միանգամայն ակնհայտ էր, որ ՀՀԿ-ական խմբակցությունը մեկ անգամ ևս հանրությանն իր անդամների բարձր ինտելեկտուալիզմը ցուցադրելու հնարավորություն է ստացել:
Սակայն այդ օրվա ամենահետաքրքիր դեպքը տեղի ունեցավ ոչ բուն նիստի ժամանակ, այլ, ինչպես հաճախ է պատահում, ԱԺ միջանցքներում, ուր առավել է եռում քաղաքական կյանքը, և ուր նաև քաղաքական կրքերն են դրսևորվում ու պարպվում: Իսկ երեկվա օրը հայ պառլամենտարիզմի պատմության մեջ կմնա նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի արտահայտության շնորհիվ: Ընդդիմադիր մի պատգամավորի հետ բուռն բանավեճի բռնված այս կարկառուն ՀՀԿ-ականն ու բնապահպանը էքստազի մեջ արտաբերեց մի խոսք, որն այլ բան, քան անցած-գնացած խորհրդային ժամանակների գովք, հնարավոր չէ համարել: Արամ Մանուկյանին մեղադրելով ժամանակին հեշտ ու հանգիստ պատգամավորական մանդատ ձեռք գցելու մեջ՝ Վ. Այվազյանը գոռգոռալով հայտարարեց, որ ինքը, ի տարբերություն Ա. Մանուկյանի, ժամանակին «կարմիր դիպլոմով գռուզչիկ է աշխատել»: Այդ «դեպքը», անշուշտ, պատահել է խորհրդային դժվար տարիներին, քանզի այդ ժամանակ է Վ. Այվազյանը բարձրագույն կրթություն ստացել: Հիմա պատկերացնել միայն կարելի է այն բարձր պահանջկոտությունը, որ դնում էր խորհրդային պետությունն իր ապագա կադրերի վրա. կարմիր դիպլոմ և գռուզչիկ՝ ի՛նչ աներևակայելի չափանիշներ:
Մինչդեռ մեր ժամանակներում կարելի է, օրինակ, երկրի ընդերք ու հարստություն թալանել և տարիներ շարունակ պաշտոնավարել իբրև բնապահպանության նախարար, տնտեսական իրավիճակ հասցնել անդունդի եզրին և լինել նույն տնտեսության հիմնախնդիրները լուծելուն կոչված հանձնաժողովի նախագահ: Եվ դրա համար կարմիր դիպլոմ պետք չէ. ՀՀԿ-ականի կարմիր տոմսն էլ բավական է:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ