կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 17:38
Քաղաքական

Երբ սիրտը կոտրված է

Երբ սիրտը կոտրված է

Սեպտեմբերի 3-ից հետո իշխանական վերնախավից ամենատղամարդավարի պահվածքը, թերևս, վարչապետինն է: Մինչ մյուսները` պատգամավոր ու նախարար, մարզպետ ու փոխնախարար, հետին թվով երդում են ուտում, թե իրենք էն գլխից ՀՀ Մաքսային միության մեջ մտնելու քաղաքականության կողմնակիցն են եղել և չորս ձեռքով են համաձայն նախագահ Սարգսյանի` «Հայաստանի» որոշմանը` ՄՄ մտնելու վերաբերյալ, վարչապետը հայտարարում է, թե ինքը չի փոխել Մաքսային միության մասին ունեցած իր կարծիքը: Իսկ վարչապետի կարծիքին, անշուշտ, շատերն են ծանոթ: Հետևաբար, անարդար կլինի չգնահատել քաղաքական-գաղափարական հաստատակամությունը մի մարդու, ում մինչ այսօր ինչ մեղադրանք ասես հասցեագրվել է, շատ դեպքերում` արդարացիորեն, ընդ որում` նաև նրանց կողմից, ովքեր հիմա Մաքսային միության ջերմեռանդ պաշտպանների շարքում են` չնայած երեկվա լրիվ հակառակ դիրքորոշմանը:

 

Բայց վարչապետն արժանի է ոչ միայն գովասանքի, այլ նաև, կամ առավելապես, կարեկցանքի: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած կառավարության նիստում նա ստանձնել է ևս մեկ պարտականություն` ղեկավարել Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստման նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը: Անկասկած, այդ պարտականությունը նա ստանձնել է ոչ կամովին, այլ` ի պաշտոնե: Բայց ի՞նչ սրտով է դա անելու մի մարդ, ով ամբողջ հոգով դեմ է եղել դրան, ով երկար տարիներ ամեն ինչ արել է` գլուխ բերելու լրիվ հակառակ նպատակը` եվրաինտեգրումն ու ասոցացումը Եվրամիությանը: Դժվար է ասել, թե նախագահ Սարգսյանին որչափ է ձեռնտու, նույնիսկ` անվտանգ այսպիսի անկումային տրամադրությունների մեջ գտնվող մարդուն Մաքսային միության մեջ մտնելու գործընթացը նախապատրաստելու դժվարին գործը վստահելը, գործ, որին վարչապետի սիրտն ակնհայտորեն չի կպչում: Մարդը հին «սեր» ունի, և սիրտը նորին չի կպչում: Չի կպչում այնքան, որ մոռացած տարրական զգուշություն ու զգուշավորություն, ՀՀԿ-ականի համար աննախադեպ ուղղամտությամբ այդ մասին հայտարարում է հրապարակավ` չվախենալով մի գիշերվա մեջ հակառակ դիրքորոշումը որդեգրած իր բազում կուսակիցների և կուսակցական բոսի համարժեք արձագանքից:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ