կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-17 11:17
Մշակույթ

Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը

Մահացել է Ջերարդ Գաֆեսճյանը

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:

 

Գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում: Ավարտել է Նյու Յորքի «Hunter College»-ի էկոնոմիկայի բաժինը` բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը` «St. Johns Law School»:

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Միացյալ Նահանգների Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու-Յորքի «Hunter» քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: Ապա ուսանել է իրավագիտություն և պաշտպանելով թեզը` ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան: 1952-ին աշխատանքի է անցել «West Publishing» ընկերությունում: 1960-ին տեղափոխվել է Մինեսոտա, որտեղ զբաղեցրել է «West Publishing»-ի գովազդային բաժնի ղեկավարի պաշտոնը, ապա մարկետինգի գծով փոխնախագահի, վաճառքի գծով և կառավարության հետ կապերի փոխնախագահի պաշտոնները և վերջապես դարձել է գործադիր փոխնախագահ և տնօրենների խորհրդի անդամ: «West Publishing»-ում անցկացրած 44 տարիների ընթացքում Գաֆեսճյանի շնորհիվ ընկերության աշխատակիցների թիվը 2000-ից դարձել է 6500:

 

Հաջողությամբ հիմնել և ղեկավարել է «West Art and Law»-ն, որի համար ստացել է հեղինակավոր «Business and Arts» մրցանակը:

 

Նրա հայրը` Լեոն Գաֆեսճյանը, կորցրել էր ծնողներին և իր բոլոր հարազատներին Ցեղասպանության ժամանակ: 1996 թվականին Գաֆեսճյանը հիմնել է «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամը»: Հիմնադրամի նպատակն է ապահովել հայերի բարեկեցությունը: Հիմնադրումից ի վեր «Գաֆեսճյան Ընտանիք Հիմնադրամը» դրամաշնորհներ է տրամադրել մի շարք հայկական կազմակերպությունների: Դրանց շարքում են Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և մի շարք այլ նախագծեր` ԱՄՆ-ի Հայկական Հիմնադրամ, որն աջակցում է Վանաձորի դպրոցին, ԼՂՀ-ի հյուսիս-հարավ մայրուղուն և այլն:

 

Գաֆեսճյանը  Նյու Յորքի Իրավաբանների միության, Միացյալ Նահանգների Գերագույն Դատարանի Իրավաբանների միության, Սամոայի Գերագույն Դատարանի անդամ էր, նաեւ Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: Նրա հիմնադրամը մեծ նվիրտավություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար: