կարևոր
7612 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-13 00:10
Հասարակություն Մշակույթ

Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը

Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը

Մահացել է կինոգետ, կինոքննադատ Սուրեն Հասմիկյանը: Այս մասին հայտնում է թատերագետ Նարինե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջով: Վերջինս գրում է.

«Մեծ մտավորական, գաղափարների շտեմարան, տաղանդավոր տոհմի արտիստիկ զավակ, դեպի դուրս ուղղված փիլիսոփայական հայացքով, դեպի ներս՝ ինքնահեգնանքով, մեղմ ու պոռթկուն, պարզ ու խորը, մեծ մտքով, մեծ սրտով ու շուրջը բարության, շիտակության ցոլքեր սփռող Մեծատառով Մարդ՝ Սուրեն Հասմիկյան։ Ո՛նց ենք աղքատանում Ձեր բացառիկ մարդ տեսակի կորստով»։

Սուրեն Հասմիկյանը ծնվել է Երևանում: Եղել է դերասանուհի Հասմիկի թոռը:

Դեռ մանկուց որոշել էր, որ եթե զբաղվի արվեստի որևէ ճյուղով, ի պատիվ տատիկի, անպայման կընտրի «Հասմիկյան» կեղծանունը, սակայն հետագայում կեղծանունը դարձել է նրա «պաշտոնական» ազգանունը: 1952թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1957թ.` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուս գրականության բաժինը:

1961թ. Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան` կինոգիտության գծով: 1970թ. պաշտպանել է թեզ և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է առաջին կինոգետներից, որ գիտական ուսումնասիրության առարկա է դարձրել հայ կինոն: 1960-ականների սկզբից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես խմբագիր: 1971-82թթ եղել է Հայաստանի Պետկինոյի գլխավոր խմբագիրը: 1989թ-ից եղել է Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության կինոքննադատների համքարության (կոլեգիա) նախագահը: 1968-78թթ հեռուստատեսությունում վարել է հայ կինոյին նվիրված հաղորդաշար: 1991թ. նկարահանվել է Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ» ֆիլմում:

1957թ-ից հեղինակել է շուրջ 1000 կինոքննադատական հոդված, բազմաթիվ սցենարներ, 3 գիրք: Նրա աշխատություններից առավել հայտնի են «Սեղմ կադր» և «Փրկության կղզի» գրքերը: 1972թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետում, 1983թ-ից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1994-2006թթ եղել է արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը: 1987թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2005թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.՝ ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալների, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար: Մահացել է Երևանում»: