Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Սուրբ Խաչի տոնն է' Խաչվերացը, Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը:
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի' պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին' Սուրբ Հարության տաճարից գերեվարվում եւ Պարսկաստան է տարվում նաեւ Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում եւ դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը եւ այն վերադարձնում նախկին վայրը:
Հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաեւ հունական մասի հայոց զորքը' Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ' Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում եւ իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով' բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում' ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց եւ սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը' Խաչվերացը: