Փոխարժեքներ
08 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։ Այս տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է` Ս.Խաչի վեր բարձրացման և փառաբանության տոնը:
Ըստ ավանդության՝ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տեառնեղբայրը, ձեռք բերելով Քրիստոսի խաչափայտից մի մասունք, վեր է բարձրացրել ի տես հավատացյալների` երգելով «Խաչի քո Քրիստոս երկիր պագանեմք» շարականը: Երբ Հեղինե թագուհին գտնում է Քրիստոսի Խաչը, Երուսաղեմի Կյուրեղ Եպիսկոպոսը բարձրացնում է այն` հավատացյալների երկրպագության համար: 333 թ. Մեծն Կոստանդիանոսը կառուցում է Ս. Հարություն տաճարը Քրիստոսի գերեզմանի վրա:
Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստանում հատկապես պարսկական գերությունից վերադարձին, երբ շեշտվում է ազատագրված Ս. Խաչի հաղթական վերադարձը Երուսաղեմ: Այն տեղի է ունեցել 7-րդ դարի առաջին կեսին: 614 թ. պարսկաբյուզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերեվարում Քրիստոսի խաչափայտը: Երկարատև կռիվներից հետո Հերակլ կայսեր գլխավորությամբ բյուզանդացիներին հաջողվում է ծնկի բերել պարսկական պետությանը և ազատագրել խաչափայտը: Այդ գործում մեծ նպաստ են բերել նաև հայկական զինվորական ուժերը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Ազատագրված խաչափայտը մեծամեծ հանդիսություններով և կրոնական արարողություններով Հայաստանի տարածքով տարվում է Կ. Պոլիս և ապա վերադարձվում Երուսաղեմ:
Խաչվերացի տոնը Հայ Եկեղեցին տոնում է սեպտեմբերի 11-ից 17-ի միջև ընկած կիրակի օրը:
surbzoravor.am-ը ներկայացրել է՝ «Խաչվերաց. ժողովրդական սովորությունները».
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը: Ակունքներով այս տոնը պատմական է և վերաբերում է Հիսուս Քրիստոսի խաչափայտի ազատագրման հիշատակին:
Մինչև XX դ. սկզբները, Խաչվերաց տոնը, որը կենցաղում տարածված էր Սփխեչ կամ Սըբխեչ անվամբ, ուներ նաև այլ անվանաձևեր. Խչվերաց, Ուլոց (Ուլնոց), Խրով, Խաչեյն Զադագ և այլն:
Սեբաստացիները սեպտեմբեր ամիսը անվանում էին Խաչ-Խաչին, քանի որ տոնը հաճախ ընդգրկում էր ողջ սեպտեմբերը:
Ամենուր նախապատրաստվում էին՝ տոնը հանդիսավորությամբ նշելու: Տանտիրուհիները կարգի էին բերում բնակարանները, տնտեսությունը և սպասում ուխտավոր հյուրերին: Հարքում Սուրբ Խաչի պասը կոչվում էր Նան ու Տրի, որ քրդերեն նշանակում է հաց և խաղող, կամ հաց ու խաղողի տոն: Տոնին այցելում էին գերեզման և աղքատներին անվճար հաց, խաղող և այլ մրգեր էին բաժանում:
Խաչվերացի տոնին կազմակերպվում էին ուխտագնացություններ: Յուրաքանչյուր բնակավայր ուներ տոնին նվիրված իր ուխտավայրը: Մինչև այժմ էլ Խաչվերաց տոնի նշանավոր ուխտավայրերից է Վայոց Ձորում գտնվող Արկազի Սուրբ Խաչ եկեղեցին: Զանգեզուրում Սըփ խաչի կապակցությամբ կազմակերպվում էր զանգվածային ուխտագնացություն Ծիծեռնավանք, որին մասնակցում էին շրջակա գրեթե բոլոր գյուղերի բնակիչները: Զնաբերդցիների բարբառով Խաչվերացի տոնը Խրով է կոչվում՝ տոնի ծիսական գլխավոր ուտեստի՝ թոնրի մեջ ամբողջական խորոված ուլի անվամբ: Ուլ մատաղ անելու սովորույթով էր պայմանավորված տոնը բնութագրող նաև Ուլոց (Ուլնոց) անվանումը: Տոնի կապակցությամբ եկեղեցիներին մատուցում էին նվերներ (ուլեր, գորգեր, տարբեր գործվածքներ և այլն):
Ուխտավայրերում կազմակերպվում էին նաև տոնավաճառներ, խաղային-երաժշտական հանդիսություններ:
Ուխտավորները մեծ թիվ էր կազմում, ուխտի էին գնում գրեթե ողջ համայնքը, մասնավորապես հիվանդները, որոնք տասնյակ կիլոմետրեր էին ոտքով անցնում բաղձալի ուխտավայրը հասնելու համար:
Տոնին առնչվող ժողովրդական ավանդույթներից էր նոր հանգուցյալներ ունեցող ընտանիքներին՝ հարազատների կողմից ուլ կամ գառ նվիրելու սովորույթը: Դրանք թոնրի մեջ խորովելով, բլղուր ձավարով ու փլավի վրա դրված, բաժանում էին սգավոր ընտանիքներին»: