կարևոր
4342 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-02-13 12:06
Հասարակություն

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը

Տեառնընդառաջը (Տրնդեզ) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է:

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:

Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:

Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը` որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Այդ օրը սովորաբար եկեղեցիների բակում մեծ խարույկ են վառում: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ  պատարագ: