Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հեռուստաեթերից հույսեր էր հայտնում, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կստորագրի Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը` որոշ ձեւափոխություններով, իսկ հակառակը պնդող եվրոպացի պաշտոնյաների պորտն էլ տեղն էր դնում, թե մեկ-երկու գործչի հայտարարությունը հիմք չէ վատատեսության համար:
Նման մի բան էլ ասում էր արտգործնախարար Նալբանդյանը Ազգային ժողովում. «Բոլոր ձեւաչափերում հնարավոր է շարունակել սերտ եւ խոր համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ զարգացնելով մեր հարաբերությունները այն դրական հիմքերի վրա, որոնք վերջերս գրանցվել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ»: Նալբանդյանը լիահույս էր, որ դեռ կարող են ստորագրել համաձայնագրերը:
Հույսեր կարող է հայտնել ՀՀ շարքային քաղաքացին, սակայն երբ արտգործնախարարն ու պատասխանատու պաշտոնյաներն են հույս հայտնում, որ փաստաթուղթը կստորագրվի, դա արդեն ծիծաղելի է: Ինքը, որպես նախարար, պարտավոր է հստակ իմանալ` ստորագրվելու է «եվրաասոցացման» այդ փաստաթուղթը, թե` ոչ: Նա պարտավոր էր դա իմանալ Սերժ Սարգսյանի` Մոսկվա մեկնելուց առաջ: Նրանք պետք է ոչ թե վերլուծությունների հիման վրա մտածեին, այլ հստակ բանակցությունների արդյունքում տեղյակ լինեին` ինչ է մեզ սպասվում:
Ի՞նչ է ստացվում: «Ասոցացման համաձայնագրի անդամ դառնալուց հետո Մաքսային միության մուտքի դուռը կփակվի»,- թեեւ Ուկրաինայի մասին, ասում է ՌԴ վարչապետ Մեդվեդեւը: «Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը հանված է օրակարգից»,- ասում է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը` նշելով, որ նման տեսակետ ունի նաեւ Միրոսլավ Լայչակը: «Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ո'չ Ասոցացման եւ ո'չ էլ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը»,- ասում է Եվրամիության ընդլայնման եւ հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը, իսկ մերոնք դեռ շարունակում են պնդել` «Մեր օրակարգում մնում է Վիլնյուսում նախաստորագրելու խնդիրը, Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում» (Վիգեն Սարգսյան): «Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը» (ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյան):
Պարզից էլ պարզ է, որ այդ երկու միություններն անհամատեղելի են, լի` խոր հակասություններով, եւ հիմա մեր խնդիրն ավելի շատ պետք է լինի իրավիճակը ճիշտ գնահատելն ու ըստ այդմ շարժվելը: Արդյո՞ք մինչ սա Էդվարդ Նալբանդյանը չգիտեր, թե ինչ է մեր գլխին գալու: Ինչո՞ւ բոլոր փաստաթղթերը պատրաստ էին նոյեմբերին Վիլնյուս տանելու համար, իշխանական վերլուծաբան-սազանդարները գովերգում էին մեր ստանալիք տնտեսական ու քաղաքական օգուտները ու հանկարծ...
Ընդամենը մեկ ամիս առաջ` հուլիսի 24-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ, որն Ասոցացման համաձայնագրի մի մասն է: Այսօր, սակայն, շատերը խոսում են դրա տապալման մասին: Լեհաստանի Հանրապետության արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ասում է. «Մաքսային միություն ընդգրկվելու վերաբերյալ Հայաստանի կայացրած որոշումը հաշվի առնելով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրել ցանկացող մյուս երկրները պետք է առաջիկա շաբաթների ընթացքում կրկնապատկեն իրենց ջանքերը՝ անհրաժեշտ պահանջները կատարելու համար»: Ասել է, թե Հայաստանը վճարեց բոլորի փոխարեն. բոլոր այն ԱՊՀ երկրները, որոնք փորձում էին նույն Վիլնյուսում Արեւելյան գործընկերության համաժողովի շրջանակներում «խոր եւ համապարփակ» ստորագրումներ անել, արդեն ճիշտ կհաշվեն հնարավորությունները: Կտեսնեն, թե ինչ է կատարվում Մաքսային միություն մտնող Հայաստանի հետ եւ ավելի սթափ կորոշեն սեփական ճակատագիրը:
Ճիշտ էր Սերժ Սարգսյանի որոշումը, թե` ոչ, խոսքը սրա մասին չէ, բոլորովին, այլ` ժամանակն էր, թե` ոչ, պատշաճ ձեւով ներկայացվեց, թե` ոչ: Հայաստանը չունի միասնական սահման Մաքսային միության հետ, չունի նաեւ Եվրոպայի հետ: Տնտեսական զարգացման հեռանկարները երկու միությունների պարագայում էլ դեռ անորոշ են, ԼՂՀ ճակատագիրը` եւս: Ուրեմն այս պահին դեռ երկու միություններից մեկը ընտրելը հրատապ չէր:
Արդեն ռուսական կազմակերպությունների, մասնավորապես` Եվրասիական բանկի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, թե ինչ տնտեսական իրավիճակ կունենա Հայաստանը. պարզվում է, որ ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով, կունենանք էներգետիկ անվտանգություն, կուենանք աբխազական երկաթուղի, որը թեեւ այս պահին այնքան էլ հնարավոր չէ, սակայն ասում են` լինելու է: Դրա չլինելը Հայաստանի օգուտները նվազագույնի է հասցնում, կունենանք արտագաղթի ու տրանսֆերտների աճ, խոպանչիները ավելի որակով ու պաշտպանված աշխատանքի կանցնեն եւ շատ գումար կուղարկեն տուն: Խոսք է գնում հսկայական ներդրումների, արտաքին առեւտրի մեծացման մասին: Սրանք բոլորը թվերով չհիմնավորված վերլուծություններ են, իրական հաշվարկ չկա, թե մենք ինչ ենք շահում` որեւէ միության մեջ մտնելով: Իսկ գուցե ոչինչ էլ չե՞նք շահում եւ, ընդհակառակը, մոտենում ենք սեպտեմբերի 21-ին անկախությունն ու ինքնիշխանությունը կորցրա՞ծ:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ