կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 16:30
Սպորտ

Հոկեյի` համաշխարհային մեծության աստղերը կժամանեն Երևան

Հոկեյի` համաշխարհային մեծության աստղերը կժամանեն Երևան

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը  19:00-ին,  Երևանի Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական  հանդիպումը՝  ի պատիվ հոկեյի հայ առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Այս տարի լրացել է Կրասնոդարում ծնված  լեգենդար չեմպիոնի մահվան  տասներորդ տարին. հայտնում է msy.am-ը:

 

Տափօղակով հոկեյի  մեծանուն վարպետն  օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով  և ԽՍՀՄ հավաքականի դարպասը մշտապես պահել է անառիկ: Գ.Մկրտչյանի  մարզական ընկերները՝  «Հոկեյի լեգենդներ»  ակումբի անդամները,  գնահատելով հայ մարզիկի վաստակը, նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման  նախաձեռնությամբ  դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը:


ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետի  մեծարման պաշտոնական  միջոցառումների ծրագիրն իրականացնում են՝ ՀՀ-ից` ՀՀ նախագահի աշխատակազմը,  կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը,  ՌԴ-ից՝ ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը` ՀՀ-ում, «ТЭН» ընկերության խումբը, «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբները:


Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն  սեպտեմբերի 18-ին` ժամը 13:30-ին:

 

Սեպտեմբերի 18-ին հանրահայտ մարզիկները  կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, ՄՀՀ-ում  նախատեսված է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը միջոցառմանը հավատարմագրված լրագրողների հետ, ինչից հետո  ՄՀՀ-ում կմեկնարկի «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ»  հոկեյի ակումբների մրցամարտը: