կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-10 17:16
Առանց Կատեգորիա

Տառարվեստ. մեռնո՞ղ, թե՞ զարգացող մշակույթ

Տառարվեստ. մեռնո՞ղ, թե՞ զարգացող մշակույթ

Հայաստանում նոր տառատեսակների մշակման արվեստը (տառարվեստը) զարգացում է ապրում, և գնալով ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ցանկանում են զբաղվել տառարվեստով: Տառաստեղծ, Հայաստանի ազգային գրապալատի հայկական տառատեսակների ստեղծման և պահպանման բաժնի վարիչ Էդիկ Ղաբուզյանը նշում է` տարիներ առաջ Հայաստանում գործածվում էին հիմնականում 2 տառատեսակ` Arial Armenian և Times Armenian, այսօր դիզայներները տառատեսակների ընտրության անհամեմատ ավելի մեծ հնարավորություն ունեն: Yerkir.am-ի զրուցակիցն է Էդիկ Ղաբուզյանը:

 

- Պարո'ն Ղաբուզյան, վերջերս մասնակցում էիք Բանգկոկում  կայացած «Գրանշան» համաժողովին: Ի՞նչ առաքելություն ուներ հայկական պատվիրակությունն այդ  համաժողովում:

- Իրականում Բանգկոկում «Գրանշան» խորագրով համաժողով անցկացնելն արդեն իսկ վկայում է «Գրանշանի» համաշխարհային ճանաչման մասին։ Համաժողովի հիմնական կազմակերպիչը Մյունխենի տպագրական դիզայներների միությունն էր, որը 2010-ից  ՀՀ մշակույթի նախարարության հետ միասին «Գրանշան» միջազգային տառատեսակների ամենամյա մրցույթի համակազմակերպիչն է: 2012-ին Հայ  գրատպության 500-ամյակին եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակներում Երեւանում անցկացվեց ոչ  լատինական  տառատեսակների խնդիրներին նվիրված` «Գրանշան-2012» համաժողովը, որի ընթացքում մասնագետները, գիտակցելով, որ արծարծված խնդիրներն անչափ կարևոր են ոչ լատինական այբբենական համակարգերի համար, որոշեցին Բանգկոկում անցկացնել համաժողովի երկրորդ փուլը: Բանգկոկում Անժելա Պողոսովան ընթերցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը, իսկ ես հանդես եկա ելույթով' հայկական տառատեսակների ստեղծման, զարգացման ու արդի խնդիրների վերաբերյալ։ Բանգկոկի Գյոթեի անվան ինստիտուտում մեկ ամիս շարունակ ցուցադրվում էին «Գրանշան 2008-2012» մրցույթների մրցանակակիր աշխատանքները։ Համաժողովը լայնորեն մեկնաբանվեց Թաիլանդի ԶԼՄ-ների կողմից, իսկ կենտրոնական հեռուստատեսությունը մոտ մեկ ժամ տևողությամբ հեռուստահաղորդում հեռարձակեց՝ նվիրված «Գրանշանին»։


Արդեն 6 տարի է, ինչ անցկացվում են «Գրանշան»  ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթները: Այս տարի նոր անվանակարգեր ավելացե՞լ են:

-2010-ից մենք «Գրանշան» մրցույթն անցկացնում ենք այն երկրում, որտեղ տեղի է ունենում «AtypI»՝ տառաստեղծների եւ դիզայներների համաշխարհային միության հերթական համաժողովը: «Գրանշանն» այսօր աշխարհում շատ մեծ հեղինակություն է վայելում. սկսելով հայկական, կիրիլյան եւ լատինական տառատեսակների մրցույթից` հետագայում որոշեցինք հրաժարվել լատինականից եւ շեշտը դնել ոչ լատինական այբբենական համակարգերի վրա` տարեցտարի ավելացնելով նոր անվանակարգեր: Տարիների ընթացքում հայկականին ու կիրիլյանին ավելացան հունական, հնդկական ու արաբական տեքստային տառատեսակների անվանակարգերը, իսկ այս տարի ավելացավ նաև չինական տեքստային տառատեսակների անվանակարգը: Բանգկոկում մեզ առաջարկեցին 2014 թվականից ավելացնել նաեւ կորեական ու թաիլանդական տառատեսակների անվանակարգերը։ Մենք կարող ենք վստահ ասել, որ «Գրանշան» մրցույթը գրավեց աշխարհը:

 

-Ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել լատինական տառատեսակները մրցույթում ներգրավելուց:

-Այնպես չէ, որ մենք չենք սիրում լատինական տառատեսակները: Ես` որպես տառաստեղծ, մեծ հաճույքով նախագծում և թվայնացնում եմ նաեւ լատինական տառատեսակներ: Լատինական տառատեսակների համար ամեն տարի անցկացվում են մի շարք մրցույթներ, դրանցից ամենահեղինակավորը, անշուշտ, «TDC2»-ն է, որն անցկացվում է 1946թ., եւ մենք նրանց հետ մրցելու խնդիր չունենք: Որոշեցինք շեշտը դնել ոչ լատինական տառատեսակների վրա, քանի որ դրանք անհամեմատ վատ են զարգացած եւ հենց դրանց վիճակն է ծանր: Այդ առումով մենք, իրոք, շատ մեծ հաջողություններ ունենք: Լատինականի տառաստեղծները մեզ ըմբռնումով են մոտենում, եւ մենք հաջողությամբ համագործակցում ենք: Պատկերացրեք` ինչ հրաշալի է, երբ էկվադորցի կամ մեքսիկացի տառաստեղծը հայկական տառատեսակ է նախագծում: Ճիշտ է, առաջին փորձերն այնքան էլ հաջող չէին, բայց 2011-ին, օրինակ, անգլիացի տառաստեղծ Բեն Ջոնսը 3-րդ մրցանակ ստացավ` հայկական տեքստային տառատեսակների անվանակարգում, իսկ 2012-ին «Դալտոն Մաագ» ընկերության «Նոկիա Պյուրե» տառատեսակն արժանացավ 1-ի կարգի մրցանակի. այն շուտով կներդրվի «Նոկիա» հեռախոսներում ու սմարթֆոններում։

 

-Հայաստանում տառարվեստի զարգացմամբ որքանո՞վ են հետաքրքրված:

-Հայկական տառարվեստն այսօր մի քիչ տխուր վիճակում է, քանի որ տառատեսակները մեզ մոտ չեն դիտարկվում որպես ապրանք, եւ տառատեսակների շուկան դեռեւս ձեւավորման փուլում է: Մեր հիմնական տառաստեղծները՝ էնտուզիազմով սկսելով իրենց գործունեությունը, հետագայում, սոցիալական խնդիրներից ելնելով, անցան այլ գործունեության։ Հայաստանում տառարվեստը կզարգանա, երբ կձեւավորվի շուկան, կսկսեն հասկանալ, որ հեղինակային իրավունքը պետք է հարգել եւ կվճարեն տառաստեղծին իր աշխատանքի համար: Այժմ հիմնականում հայկական տառատեսակներ ստեղծում է Հայաստանի ազգային գրապալատը: Ուրախալի ու հուսադրող է, որ կան նաեւ երիտասարդներ, ովքեր նույնպես հետաքրքրված են տառաստեղծմամբ:

 

-Կարելի՞ է փաստել, որ «Գրանշանի» կարեւոր առաքելություններից մեկը ինտերնետում որակյալ տառատեսակներ ունենալն է:

-Այո, սակայն ոչ միայն ինտերնետում. մենք նաեւ տպագրության մեջ շատ քիչ որակյալ տառեր ունենք: Մինչև վերջին 2-3 տարին, մեզ մոտ ամեն ինչ տպվում էր կամ Arial Armenian կամ Times Armenian տառատեսակներով, ինչը շատ տխուր էր: Պատկերացրեք թե որքան անհարմար է նույն կոշիկով սար բարձրանալ, ռեստորան գնալ, իսկ օրվա վերջում այդ նույն կոշիկներով էլ քնել: Որակյալ տպագրական դիզայնն սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունով։ Եթե տառատեսակը ճիշտ չէ ընտրված, որակյալ դիզայնի մասին խոսք լինել չի կարող։ Օրինակ` պոեզիայում, ինչպե՞ս կարելի է Չարենցն ու Տերյանը նույն տառատեսակով տպել' մի դեպքում եռանդուն տառատեսակ է պետք' Չարենցի մտքերն ընդգծող, իսկ մյուս դեպքում' նուրբ, տառերի կորերն ավելի կոկիկ ու  լիրիկական: Անշուք ու դժվարընթեռնելի են նաև հեռուստահաղորդումներում գործածվող տառատեսակները։ Ինչ վերաբերում է ինտերնետին, անելիքները, այո, շատ են, քանի որ հիմնականում չունենք էկրանային որակյալ տառատեսակներ։ Վտանգ է ներկայացնում նաեւ այն, որ ինտերնետում հայերեն տեքստերը գրում են լատինական տառերով, հետեւաբար, վտանգված է հայոց լեզուն, եւ կարծում եմ, դա այլեւս ազգային անվտանգության խնդիր է։

 

-Առաջիկայում կրկին հայկական տառատեսակներ եք ներկայացնելու, այս անգամ` որտե՞ղ և ի՞նչ «առիթով»:

-Հոկտեմբերի 4-7-ը Բեռլինում տառատեսակների իմ անհատական ցուցահանդեսն է լինելու: Արդեն պատրաստ են բոլոր' 55 պաստառները: Հայկական տառատեսակներին զուգահեռ' որոշեցի նաև կիրիլյան ու հունական տառատեսակներ էլ ներկայացնել' ցույց տալով, որ Հայաստանում ոչ միայն հայկական տառատեսակների ստեղծմամբ ենք զբաղվում: Օգտվելով առիթից' դիմեցի իմ դիզայներ ընկերներին, որոնք իմ տառատեսակներով պաստառներ ձևավորեցին, եւ սա հիանալի առիթ է, հայկական տառարվեստից զատ, նաեւ հայկական դիզայնը ցուցադրել Բեռլինում: Հոկտեմբերի 9-14-ը Ամստերդամում կայանալու է «AtypI»-ի հերթական համաժողովը, որին զուգընթաց կանցկացվի  «Գրանշան 2013» ոչ լատինական տառատեսակների 6-րդ մրցույթը։

 

-Հայաստանում հիմնականում ո՞ր տառատեսակի ստեղծման արվեստով են հետաքրքրված:

-Բնականաբար, առաջին հերթին հայկական: Մեզ մոտ, աշխարհաքաղաքական դիրքերից ելնելով, շատ են գործածվում նաեւ լատինական եւ կիրիլյան տառատեսակները, իսկ ես, դրանցից բացի, նախագծում եմ նաեւ  հունական տառատեսակներ: Հայաստանի ազգային գրապալատում նախագծված իմ տառատեսակներից երկուսը 2010-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին որպես պետական փաստաթղթաշրջանառությունում գործածման պարտադիր տառատեսակներ, որի շնորհիվ մի շատ կարեւոր խնդիր լուծվեց. մինչ այդ պետական ոլորտում Arial Armenian-ն էր գործածվում, որը հեղինակային իրավունքի խախտում էր: Համաձայնեք, որ անկախ մեր հայացքներից, պետական կառույցներում գործածվող տառատեսակները պետք է լինեն որակյալ ու կատարյալ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ