կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-27 11:19
Առանց Կատեգորիա

Արտգործնախարարի հերթական ֆիասկոն

Արտգործնախարարի հերթական ֆիասկոն

Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկության արդյունքում՝ Ադրբեջանը դարձավ այդ կառույցի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ: Կողմ են քվեարկել 153 երկրներ այն բանից հետո, երբ նույն տեղի համար պայքարող Սլովենիան հենց վերջին քվեարկությունից առաջ հետ է վերցրել իր թեկնածությունը, և Ադրբեջանը փաստացի մնացել է միակ առաջադրված թեկնածուն:

 

Սակայն դիվանագիտական այս հաղթանակը Բաքուն վաստակեց ոչ թե այդ պատճառով, այլ այն, որ փաստացի ձեռք էր բերել քվեարկող երկրների բացարձակ մեծամասնության ձայները: Նախորդ օրերին մի քանի անգամ կայացած քվեարկությունների ժամանակ Ադրբեջանը մշտապես ամենամեծ թվով` հարյուրից ավելի ձայներն էր ստանում, ինչը և գործնականում դրդեց Սլովենիային դուրս գալ մրցապայքարից: Այս իմաստով ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ դառնալը Բաքվի համար իսկապես հաջողություն պետք է համարել, որն առաջիկա առնվազն երկու տարիներին Ադրբեջանը կփորձի վերածել քաղաքական-քարոզչական կապիտալի՝ հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Եվ դա պայմանավորված է լինելու երկու հիմնական գործոնով:

 

Առաջին` Բաքվին լուրջ վստահություն է ներշնչելու հատկապես նման մեծ թվով կողմնակիցներ ունենալու հանգամանքը: Եվ չնայած ակնհայտ է, որ դրանց մեծամասնությունը Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամներն են, ստացած ձայների պատկառելի թիվը Բաքվի համար հիմք է տալու տարատեսակ նախաձեռնություններով հանդես գալու, դրանք առաջ մղելու և իր միջազգային կշիռը բարձրացնելու համար: Այս իրողությունը Բաքուն անպայման ներկայացնելու է որպես միջազգային հարաբերություններում Հայաստանի նկատմամբ ձեռք բերած դիվանագիտական լրջագույն հաղթանակ:

 

Սկզբնական շրջանում ԱԽ ժամանակավոր անդամի նույն տեղի համար պայքարում հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, որը, սակայն շատ արագ հրաժարվել է այդ մտադրությունից: Այս քայլը Երևանը, թերեւս, կատարել է ոչ այնքան ԱԽ անդամ դառնալու, որքան Ադրբեջանի առաջադրումն ու հնարավոր հաղթանակը կանխելու համար: Սակայն արագ հրաժարումը ցույց է տալիս, որ Երևանը պարզապես անարդյունավետ է համարել այդ մեթոդի կիրառումը` գուցե նաև դա արել էր խուսափելու համար հետագա հնարավոր ֆիասկոյից:

 

Փաստն այն է, սակայն, որ ՄԱԿ-ում հայ-ադրբեջանական հերթական այս դիմակայությունում հաղթանակ է տանում ադրբեջանական նախաձեռնողական դիվանագիտությունը: Նման թվով աջակիցներ ունենալու հանգամանքը հուշում է, թե որքան անզոր ու թույլ է եղել Հայաստանի դիվանագիտությունը` գոնե փոքրինչ փոխելու քվեարկության` մեզ համար նման խայտառակ պատկերը: Եվ դա այն դեպքում, երբ հայկական կողմի ձեռքին կային այնպիսի խաղաքարտեր, ինչպես՝ Ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքրորշումը, նրա սանձազերծած սպառազինության մրցավազքը, ռազմական ագրեսիա սկսելու նրա ցանկությունները զսպելու միջազգային հանրության ուղեգիծը, որոնք անգամ որևէ հեռավոր աղերս չունեն «անվտանգություն» եզրույթի հետ: Այս իմաստով կարելի է համարել, որ ադրբեջանական հաղթանակը, որը, ինչ խոսք, նաև վերջինիս էներգետիկ ռեսուրսների շուրջ միջազգային հետաքրքրությունների արդյունքն էր, ձեռք է բերվել նաև հայկական դիվանագիտության պարտության հաշվին:

 

Երկրորդ, Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակը Ադրբեջանին հնարավորություն է տալու ոչ միայն ղարաբաղյան հարցը անընդհատ ԱԽ շրջանակներում քննարկման առարկա դարձնել և նույնիսկ նոր բանաձևի ընդունմանը հետամուտ լինել, այլև գործնական քայլեր կատարել հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատը փոխելու և այն ԵԱՀԿ-ի շրջանակներից ՄԱԿ տեղափոխելու ուղղությամբ: Դա, իհարկե, հեշտ չի լինելու ոչ թե Հայաստանի, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիմակայության պատճառով: Սակայն նման փորձերը թե՛ Հայաստանին և թե՛ Մինսկի խմբի համանախագահներին մշտապես լարվածության մեջ են պահելու, և նրանք ստիպված են լինելու անընդհատ ներքաշվել ՄԱԿ-ում Ադրբեջանի նախաձեռնություններին դիմադրելու ավելորդ ու ժամանակատար գործընթացների մեջ:

 

Սա գործիք է լինելու Բաքվի ձեռքին` նաև որոշակի ճնշումներ բանեցնելու միջնորդների նկատմամբ և վերջիններիցս իր համար ավելի շահեկան առաջարկություններ, կարգավորման տարբերակներ ու մեխանիզմներ պահանջելու: Ինչևէ, արձանագրենք, որ ցանկացած՝ քիչ, թե շատ քաղաքակիրթ երկրում որևէ ոլորտում նման ձախողումը հանգեցնում է առնվազն տվյալ ոլորտի գործունեության համար պատասխանատու պետական պաշտոնյայի, եթե ոչ իշխանության համար պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժի հրաժարականին: Ինչքանով այս կանոնը կգործի Հայաստանում, կտեսնենք առաջիկա օրերին:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ