Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի' Ադրբեջան կատարած մեկօրյա աշխատանքային այցից տպավորվեց երեք բան. նրա ժամանումը Կասպից ծովում «Դաղստան» հրթիռային նավի ուղեկցությամբ, հին Բաքու կատարած էքսկուրսիան և Ադրբեջանի նախագահի տանը կազմակերպված թեյի հյուրասիրույթունը, որով էլ, փաստորեն, ադրբեջանիցների համար երկար սպասված այդ այցն ավարտվեց: Ինքնին արարողակարգի այս առանձնահատկությունների վրա կատարած շեշտադրումները ցույց էին տալիս, որ երկու կողմից խնդիր է դրվել ստեղծել երկու երկրների և դրանց ղեկավարների միջև բարեկամության ցուցադրական էֆեկտ: Եվ դա պատահական չէր. ուրիշ այլ կերպ ուղղակի հնարավոր չէր լինելու ծածկել այս այցի ինքնանպատակայնությունը և եկկողմ ակնկալիքները փոխադարձաբար փաստացի չբավարարելու հանգամանքը:
Կայացած բանակցությունների վերաբերյալ երկու նախագահների հրապարակային հայտարարությունները չափազանց զուսպ էին: Ռուս-ադրբեջանական օրակարգին վերաբերող ոչ մի հարցի վերաբերյալ կոնկրետ ուղերձներ, առավելևս համաձայնեցված միասնական տեսակետներ, չարտահայտվեցին: Սա նշանակում է, որ կամ բանակցությունների փոխարեն տեղի է ունեցել եղանակի շուրջ մտքերի փոխանակում, կամ, որ ավելի հավանական է' ոչ երկկողմ ու ոչ էլ տարածաշրջանային հիմնական հարցերում կողմերը համաձայնությունների գալ չեն կարողացել:
Դժվար է ասել' արդյոք այդ բանակցություններում քննարկվել է պուտինյան եվրասիական միությանը Ադրբեջանի հնարավոր միանալու խնդիրը: Հրապարակային հայտարարությունների մակարդակով այդ թեման ընդհանրապես չի շոշափվել: Սակայն ցանկացած գնով այդ միությունը գլուխ բերելու մտասևեռում ունեցող ՌԴ նախագահը չէր կարող այս այցը չօգտագործել' դրա հետ կապված Ադրբեջանի իշխանության և քաղաքական էլիտայի տրամադրությունները շոշափելու ուղղությամբ: Այս պահին դա առավելագույնն է, ինչ կարող է անել Պուտինը, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի վրա այդ հարցում քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ կիրառելու նրա ռեսուրսներն անհամեմատ ավելի թույլ են:
Եթե նկատի ունենանք այս կապակցությամբ այցի ընթացքում ադրբեջանական փորձագիտկան շրջանակների կողմից հղվող ուղերձները' Ռուսաստանին իբրև «բարեկամի», իրենց վզին փաթաթել չփորձելու վերաբերյալ, ակնհայտ է դառնում, որ Պուտինի համար չափազանց բարդ է լինելու Բաքվում հենման կետեր գտնելը: Թերևս հենց այս իրողությամբ էր պայմանավորված ԼՂ հիմնահարցի կապակցությամբ Վլադիմիր Պուտինի արած հայտարարության նկատելի կոշտությունը: Բանակցություններից հետո Ալիևի հետ համատեղ ասուլիսին Պուտինը հայտարարեց, թե ԼՂ հիմնահարցը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով: Դրանով նա նորություն չասաց և ուղղակի կրկնեց այն գաղափարը, որն արդեն 4 տարի շարունակ ընկած է ԵԱՀկ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունների հիմքում: Բայց նման ձևակերպումը նշանակալի է դառնում հատկապես մոտ մեկ ամիս առաջ Մոսկվայում իր ադրբեջանից գործընկերոջ' Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարության ֆոնին, թե ստատուս քվոն անընդունելի է, քանի որ այն խոչընդոտում է ադրբեջանական տարածքների վերադարձմանը:
Մյուս կողմից Պուտինը նման հայտարարությունն անում է Ադրբեջանին 1մլրդ դոլարի հարձակողական սպառազինություն վաճառելու ֆոնին' ըստ էության հղելով այն մեսիջը, թե այդ զենքը չի կարող կիրառվել ղարաբաղյան ճակատում: Հատկանշական է, որ հենց Պուտինի' Ադրբեջան կատարելիք այցի օրերին էր կազմակերպվել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի այցը Հայաստան, որով Մոսկվան, փաստորեն, մի կողմից փորձեց չափավորել ադրբեջանական այցի հետ կապված առկա մտավախությունները Հայաստանում, մյուս կողմից հուշեց Ադրբեջանին, որ տարածաշրջանային ստրատեգիական նախընտրություններում միակողմանիորեն վերանայումներ չի կատարելու: Այս իմաստով Պուտինի այցը Ադրբեջան ավելի շատ բխում էր բալանսավորման այն քաղաքական կուրսից, որի մասին ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակները խոսում էին նաև զինտեխնիկայի աղմկահարույց գործարքն արդարացնելիս:
Վլադիմիր Պուտինի այս այցից Իլհամ Ալիևի հիմնական ակնկալիքներից մեկն էլ ուղղակիորեն կապված էր առաջիկա նախագահական ընտրություններում Մոսկվայի լիակատար աջակցությունը ստանալու հետ: Սակայն ըստ ամենայնի' Պուտինը այցը առկախված է թողել այս հարցը' թերևս այն պատճառով, որ իր հերթին չի կարողացել Ալիևից համարժեք փողհատուցման հարցում համաձայնության հասնել: Այցի ընթացքում Բաքվում համագործակցության պայմանագիր ստորագրվեց ռուսական «Ռոսնեվթ» և Ադրբեջանական նավթային ընկերության միջև, որով նրանց մասնակցությամբ ստեղծվելու է համատեղ ընկերություն: Այն զբաղվելու է գազի և նավթի տեղափոխման և համատեղ ենթակառուցվածքների շահագործման հարցերով: Սակայն ըստ էության սա այն չէր, ինչ ոզւոմ էր ստանալ Ռուսաստանը: Հայտնի է, որ «Ռոսնեվթ»-ը խիստ շահագրգռված էր մուտք գործելու մոտ 300մլրդ խ/մ գազի պաշարներ ունեցող ափշերոնյան հանքերի շահագործման ոլորտ, որի մասին, սակայն Պուտինի այցի ընթացքում ոչինչ հայտնի չդարձավ: Ստորագրված փաստաթուղթը այս իմաստով շատ ավելի հռչակագրային եղավ, ինչը չէր կարող բավարարել ռուսական կողմին:
Չնայած ոմանք հակված են Պուտինի' «Դաղստան» հթրթիռակրի ուղեկցությամբ Բաքու այցելելը հենց Ալիևի վարչակազմին աջակցելու ցուցադրական նշան համարել, սակայն դա ոչ այնքան ընտրությունների հետ կապ ուներ, որքան Կասպից ծովում Ռուսաստանի հեգեմոն կարգավիճակն ընդգծելու: Իսկ Ալիևին աջակցելու մասին կարող էր վկայել Ադրբեջանի միացյալ ընդդիմության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրված Ռուստամ Իբրահիմբեկովի քաղաքացիության հարցի լուծումը, որը գտնվում է հենց Ռուսաստանի իրավասության շրջանակում: Խնդիրն այն է, որ Իբրահիմբեկովը և Ադրբեջանի և ՌԴ-ի քաղաքացի է, բայց ըստ ադրբեջանական օրենսդրության' նման կարգավիճակ ունեցող քաղաքացին նախագահի պշտոնում առաջադրվելու իրավունք չունի: Պուտինի այցի ընթացքում Իբրահիմբեկովի քաղաքացիության հարցը չլուծվեց, նրա փաստաթղթերը դեռևս ԿԸՀ չեն ներկայացվել: Եթե առաջիկա օրերին ևս դա տեղի չունենա, նշանակում է, որ Պուտինն իսկապես Ալիևին քաղաքական օժանդակության երաշխիքներ չի տվել, որովհետև միայն այդ դեպքում Ալիևի վարչակազմը կարող էր թույլատրել Իբրահիմբեկովի գրանցումը' վստահ լինելով, որ Ալիևի հաղթանակի ապահովման դեպքում Մոսկվան ճանաչելու է նրա ընտրությունը' անկախ նրանից, թե ինչ գնով դա կապահովվի: Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության ներվային արձագանքը, թե Ալիևը Պուտինի աջակցության կարիքը չունի, ևս ցույց է տալիս, որ իշխող վարչակազմի ակնկալիքներն այս հարցում իսկապես առայժմ չեն արդարացել:
Միակ բանը, փաստորեն, որին գուցե կարողացավ հասնել Ալիևը, Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների կարգավորումն էր, որն, իհարկե, թույլ կտա հետագայում ավելի անկաշկանդ մթնոլորտում երկխոսություն ծավալել: Դրա համար էլ Ալիևի տանը կազմակերպված թեյախմությունը դարձավ այս այցելության ամենալուսավոր կետը:
Գևորգ Դարբինյան