կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-29 10:52
Առանց Կատեգորիա

Դիրքերում զինվորն այլ մարդ է

Դիրքերում զինվորն այլ մարդ է

Բոլոր առաջապահ դիրքերը մի առանձնահատկություն ունեն՝ այստեղ զինվորը կյանքն այլ հարթությունում է: Այստեղ չկան պահանջներ կառավարությունից, կոմունալ-կենցաղային վարձեր չկան, եւ սոցիալական անհավասարություն էլ չկա: Այստեղ առաջին սիրո եւ, ընդհանրապես, սիրո շոշափելիության հետ մրցակցում է վաղվա շոշափելիությունը: Այստեղ երջանկության զգացումը հասունանում է հակառակորդի ավանտյուրաների բացակայության հետ: Այստեղ հակառակորդիդ հետ պատրաստ ես կիսել չկրակված փամփուշն այն իմաստով, որ չկրակված փամփուշտն արդեն օրհնություն է, քանի որ ցանկացած փամփուշտ նախատեսված է հատկապես քեզ համար: Կյանքի եւ մահվան կռիվն այստեղ տեղի է ունենում մտքերում: Խաղաղությունը միայն ուժեղացնում է այդ կռիվը:

 

Տղամարդու ձեւավորումը, որը, մեր մայրերի կարծիքով, տեղի է ունենում բանակում, դիրքերում, կարծես, ֆիլմի արագացված կադրերի տեսքով արտահայտվի: Դիրքերն այս աշխարհն սկսում են զրոյից: Դիրքերում զինվորն ավելին է, քան զինվորը, քանի որ կյանքն այստեղ ողորմածություն չէ, այլ շնորհ:

 

Դիրքերն, ինչպես գերեզմանոցը, հավասարեցնում են բոլորին: Այստեղ սոցիալական հրամայականներ չկան: Զենքն անընդհատ աչքիդ առաջ է, ուսիցդ կախ կամ ծառայակցիդ ձեռքին: Զինվորը սովորում է զենքի ներկայությանը այնպես, ինչպես հսկայական մորեխի ներկայությանը խրամատում: Երկուսից էլ նա տանը չի պահում, բայց միառժամանակ կյանքի մասն են դառնում անհրաժեշտաբար:

 

Կյանքը դիրքերում, իբրեւ արժեք, առավել ամբողջական չէ նույնիսկ առաջին կրակոցից հետո եւ կրակահերթն էլ այն առավել ամբողջական չի դարձնում: Կարիք կա, որպեսզի թշնամուն սպանես քո մտքերում: Կարիք կա, որպեսզի պատճառներ ունենաս դրա համար: Առօրյա կյանքում սպանությունը կարող է ծնվել մեկ ակնթարթում, դու այն կգիտակցես նույնիսկ արարքից հետո: Կյանքում սպանությունն ազատված է փիլիսոփայությունից: Դիրքերում դու բավական «ժամանակ» ունես մարդ սպանելու համար: Դիրքերում սպանությունը եւ ոճիրը նույն բանը չեն: Սպանում ես, որովհետեւ ապրելու իշխանություն ունես: Սպանում ես, որովհետեւ հակառակ դեպքում քեզ կսպանեն: Սպանում ես, որովհետեւ պարզ չէ, թե ինչո՞ւ հենց դու պիտի մեռնես:

 

Բոլոր զինվորներն այստեղ մտասեւեռված են: Զրուցելիս ոչ ոք մի քանի բառից ավելի չի ասում: Աշխարհների փոփոխությունը տեսանելի է, նրանց աչքերում տեսանելի են զոհեր, որոնց ասես խնդրում են ավելորդ շարժումներ չանել: Դիրքերում իրերի դասավորությունն անգամ պատմում է հակառակորդիդ սպանելու անհրաժեշտության մասին: Նախ` զենքը, երկրորդ` ականապատված տարածքները, որոնք դիրքերի ամբողջ երկայնքով երկու կողմն էլ շարել է դիվերսիաներից հեռու մնալու համար: Երրորդ՝ ինքնապաշտպանության կանոնավորությունը: Առաջապահ դիրքերը նախ եւ առաջ տեսադաշտ են: Մարտակերտում դրանք էսթետիկական լայնություն ունեն, իսկ Հադրութում եւ Աղդամում՝ անապատային: Դիրքերում կյանքը չափվում է տեսադաշտով:

 

Թշնամին այլ հասկացություն է, քան մենք նրան ընկալում ենք խոր թիկունքում: Հակառակորդն այստեղ դեռեւս թշնամի չէ: Թշնամին ծնվում է դիրքերիդ վրայով թռչող փամփուշտների հետ: Թշնամին ծնվում է այն զգացումից, թե ում կարող էր խոցել գնդակը: Հակառակորդը հուշարձան է զինվորի մտքի մեջ: Թշնամին արդեն հուշարձան չէ, այլ այդ հուշարձանից կենդանություն առած մեկը:

 

Ծառայությունն այստեղ արկածախնդրություն է, եթե թիկունքիդ Հայրենիք չկա: Հայրենիքը դիրքերում «դասավորում» է զինվորի ամեն գործողությունը, ըստ էության` Հայրենիքի մասին միտքն է զինվորին տղամարդ դարձնում: Նա դիրքերում սովորում է պատասխանատվություն կուտակել: Այստեղ կյանքն իր մասին զգացնել է տալիս հարաբերական անդորրի խախտման դեմքով, օրվա մեջ, հատկապես` գիշերը, կողմերն «ապրում» են կրակոցներով: Դիրքերում բոլորն այդպես են իրենց հիշեցնում միմյանց մասին: Եթե հանգամանքների բերումով նայել ես հակառակորդի աչքերի մեջ, ուրեմն պայքարն սկսված է: Դիրքերում զինվորը սովորում է ապրել զրոյից: Սովորում է սիրել հարազատներին` զրոյից: «Հանուն» ասվածը զինվորական հասկացություն է, եթե զինվորը թիկունք ունի: Դիրքերում զինվորն այլ մարդ է: Մինչեւ կվերագտնի բոլորին, ում գնահատել է զրոյից:

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ