Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երևանում երթուղային ուղևորափոխադրումների սակագները 50 տոկոսով ավելացնելու որոշման շուրջ ստեղծված իրավիճակը վերածվում է խեղկատակության և տիպիկ տրագիկոմեդիայի: Ոչ ոք, փաստորեն, չգիտի` իրավական ինչ հիմքով է ուղեվարձը 100 դրամի փոխարեն սահմանվել 150:
Սկզբում Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները վախվորած, լեզվի ծայրով հայտարարեցին, թե նման հարց ավագանու նիստում չի քննարկվել: Ավագանու ընդդիմադիր անդամների նման վախվորածությունը, թերևս, պայմանավորված էր մտավախությամբ, թե գուցե այն պահին, երբ այդ հարցը դրվել է քննարկման ու որոշում է կայացվել, իրենք կոլեկտիվ քնած են եղել կամ գտնվել են մասսայական աֆեկտի, հիպնոսի ազդեցության տակ: Դրանից հետո շրջանառության մեջ դրվեց այն կարծիքը, թե, ուղեվարձի բարձրացման հետ կապված, Երևանի քաղաքապետը որևէ որոշում չի կայացրել: Ո'չ քաղաքապետարանի կայքի միջոցով, ո'չ էլ որևէ այլ կրիչով նման որոշում չի հրապարակվել, այդ փաստաթուղթը, փաստորեն, ոչ ոք չի տեսել:
Ըստ news.am-ի` այսօր Երևանի ավանագու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը տեղեկացրել է, որ ավագանու իրավական հարցերով հանձնաժողովի հրավիրած նիստին հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը մասնակիցներին է հարցրել, թե ո՞ւր է տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը: «Ասում է` եկել եք, որոշում եք ուզում քննարկենք, բայց մենք չգիտենք` ինչ որոշման մասին է խոսքը: Դուք թուղթ պետք է ներկայացնենք, թե ինչ որոշման մասին է խոսքը»,- հանձնաժողովի նախագահի խոսքն է փոխանցել Դավիթ Սանասարյանը:
Գուցե այն, որ Երևանի ավագանու իրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ինքն է այդ թուղթը նիստի մասնակիցներից պահանջում, հնարավոր լիներ, հասարակական ներկայիս ճնշումներով պայմանավորված, հոգեխանգարմունքի փոքրիկ, ժամանակավոր դրսևորում համարել, ինչից ոչ ոք երաշխավորված չէ: Սակայն հենց այդ ընթացքում հրապարակվեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանի հարցումը, որը վերացրեց բոլոր կասկածները: Օմբուդսմենը քաղաքապետից փորձել է ստանալ մի պարզ, ավելի շուտ պարզունակ հարցի պատասխան` քաղաքապետը ստորագրե՞լ է նման որևէ որոշում, եթե` այո, ապա արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով հրապարակվել է, որից հետո միայն այդ որոշումը կարող էր իրավական ուժ ունենալ: Նման բովանդակությամբ հարցադրում անելն ինքնին նշանակում է, որ որոշում իսկապես գոյություն չունի կամ, եթե ունի, ապա այն իրավական ուժ չունի, քանի որ պատշաճ կերպով չի հրապարակվել: Իսկ եթե այդպես է, ապա ստացվում է, որ արդեն 5 օր շարունակ երևանյան երթուղային տաքսիներում և ավտոբուսներում ուղևորափոխադրման համար քաղաքացիներից 150-ական դրամ գանձելը եղել է ապօրինի, այսինքն` գծատերերի ինքնակամ որոշման հետևանք, ինչը կարելի է բնութագրել որպես խաբեությամբ մարդկանցից հավելյալ գումար շորթել, իսկ ավելի պարզ ասած` ռեկետ:
Այս իմաստով քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտնվում են որքան ծանր, նույնքան անհեթեթ վիճակում: Նրանք կա'մ պետք է հայտարարեն, թե նման որոշում կա, և ապացուցեն, որ այն իրավական ուժ ունի, կա'մ պետք է խոստովանեն, որ ոչ միայն գործել են օրենքի շրջանակներից դուրս, այլեւ հովանավորել ու երաշխավորել մարդկանցից ապօրինի կերպով հավելյալ 50 դրամ կորզելու` կազմակերպված գործընթացը: Բայց քաղաքապետը դրանցից ոչ մեկն էլ անել պատրաստ չէ. առաջինի դեպքում նա պետք է բացատրի, թե ինչու այդ որոշումը չի քննարկվել Երևանի ավագանու նիստում և գործողության մեջ չի դրվել միայն նրա հավանությանն արժանանալուց հետո, իսկ երկրորդի դեպքում ստիպված է լինելու ուղղակի, թե անուղղակի խոստովանել, որ անմեղսունակ է, իրավիճակին տիրապետել չի կարող և հլու-հնազանդ կատարում է գծատերերի պահանջները:
Սա եզակի դրսևորում չէ. եթե Երևանի քաղաքապետարանը կարող է առանց բավարար հիմքերի, շինարարությունն ավարտված համարելու համար առանց անհրաժեշտ պարտադիր պայմանների ապահովման բազմաբնակարան շենք ընդունել շահագործման` մի քանի տասնյակ բնակիչների թողնելով շինարարության հետ կապված` կենսական նշանակության բազմաթիվ չլուծված խնդիրների բեռի տակ և փաստացի խաբված վիճակում, ինչպես, օրինակ, Մազմանյան 5/9 հասցեում գտնվող շենքի դեպքում է, ապա ինչո՞ւ չի կարող թույլ տալ առանց ավագանու և քաղաքապետի որոշումների 50 դրամ ավելի գանձել ուղևորներից: Դեռ պետք է շնորհակալ լինել, որ խոսքը 50, այլ ոչ թե, ասենք, 500 դրամի մասին է, որովհետև համապատասխան որոշման բացակայության դեպքում կարելի էր սահմանել մտքով անցած ամենաֆանտաստիկ գինը:
Մոտ մեկ ամիս էլ չի անցել, ինչ կառավարությունն ընդունեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահե Էլոյանի հրաժարականը` հղում կատարելով «սեփական դիմումի համաձայն»-ին, այն դեպքում, երբ Էլոյանը, կարծես, պաշտոնից ազատվելու հիմք հանդիսացող այդ ամենակարևոր փաստաթուղթը` ազատման դիմումը, չէր գրել: Հետագայում Էլոյանը նշանակվեց մեկ այլ պաշտոնի` կրկին առանց նրա համապատասխան դիմումի: Ուղեվարձի թանկացման և այս դեպքի միջև կապը շատ ուղղակի է. երկու դեպքում էլ խոսքը վերաբերում է գործընթացի իրավական հիմքի բացակայությանը և այդ հանգամանքի բզացարձակ անտեսմանը: Հետևաբար, որքան էլ ուղեվարձի բարձրացման հետ կապված այս իրավիճակը թվա զավեշտալի և աբսուրդային, այն ներկայացնում է Հայաստանի` իբրև իրավական պետության, իսկապես կրախի մատնված լինելու հանգամանքը, ինչպես նաև անիշխանության մատնված լինելը:
Այս դեպքերից հետո արդեն դժվար է ասել` ով է կարգավորում երկրում և, մասնավորապես, Երևանում տրանսպորտի և ուղևորափոխադրումների ոլորտը` քաղաքապետարա՞նը, տրանսպորտի նախարարությո՞ւնը, օրենքի տա՞ռը, թե՞ գծատերերն ու շարքային ռեկետյորները: Նույնը կարելի է ասել նաև քաղաքաշինության, կոմունալ տնտեսության, ընդհանրապես, կենսագործունեության բոլոր մնացած ոլորտների մասին: Այնպես որ` այս ամենը ոչ թե ծիծաղելի է, այլ ավելի շուտ ողբալի ու նողկալի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ