կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 14:55
Առանց Կատեգորիա

Նահանջ` երգով․ ինչու է Ռուսաստանը մասամբ դուրս գալիս Սիրիայից

Նահանջ` երգով․ ինչու է Ռուսաստանը մասամբ դուրս գալիս Սիրիայից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով` այսօրվանից սկսվում է Սիրիայից ռուսական զորքերի մեծ մասի դուրս բերման գործընթացը։ Այս որոշումը, որը շփոթության է մատնել աշխարհին, ՌԴ նախագահը կայացրել է երեկ՝ երկրի արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ։  Իր որոշումը ՌԴ նախագահը հիմնավորել է նրանով, որ ռուսական ուժերը կատարել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում իրենց հանձնառությունը, չեզոքացրել Ռուսաստանի համար ահաբեկչության հիմնական վտանգը, և որ զորքերի հանումը լավ պայմաններ կստեղծի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այսօր Պուտինն իր որոշման մասին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Ո\'չ Վաշինգտոնում, ո\'չ Բրյուսելում, ո\'չ էլ Սիրիայում դեռևս չեն կարողանում հասկանալ՝ ինչով է իրականում բացատրվում Պուտինի` այս շրջադարձային քայլը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ երեկոյան շնորհակալություն է հայտնել Պուտինին ցուցաբերած հսկայական օժանդակության համար և սիրիական հակամարտության ընթացքը կտրուկ ու գուցե անվերադարձ փոխելու համար։

Ռուսական քարոզչամեքենան Պուտինի այս որոշումը ներկայացնում է որպես Սիրիայից հաղթականորեն հեռանալ։ Իրականում, սակայն, սա ավելի շատ սիրիական ճահճից նվազագույն կորուստներով, պատվով դուրս գալու քայլ է, որի համար ընտրվեց ամենահարմար պահը, որը, ի դեպ, հենց Ռուսաստանն էլ ստեղծել էր՝ փետրվարի վերջին նախաձեռնելով Սիրիայում հրադադարի հաստատման գործընթացը։ Ռուսաստանն անում է այն, ինչը չկարողացավ ժամանակին անել Աֆղանստանում։ Նրան, իհարկե, չհաջողվեց լուծել ահաբեկչության ողնաշարը ջարդելու խնդիրը։ Թեև Սիրիայի կառավարական զորքերի հետ հաջողվեց մի քանի հարյուր բնակավայրեր ազատագրել ահաբեկչական խմբավորումներից և, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» զինյալներից, թեև լրջագույն հարված հասցվեց գրեթե կայացած Իսլամական պետության բոլոր հիմնական նավթարդյունաբերական, առևտրային և ռազմական ենթակառուցվածքներին, սակայն ստրատեգիական նշանակության երկու հենակետերը՝ Հալեպը և Ռաքքան, չազատագրվեցին, այսինքն` ջիհադական ահաբեկչությանը վերջնական ավերիչ հարվածները չհասցվեցին։

Փոխարենը Մոսկվան սիրիական գրեթե վեցամսյա «արշավի միջոցով» հասավ իր համար չափազանց կարևոր մի քանի քաղաքական խնդիրների լուծման: Վերջնականապես ամրապնդեց իր ներկայությունը Մերձավորարևելյան տարածաշրջանում՝ Սիրիայում տեղակայեց երկու ռազմակայան՝ Տարտուսում և Հմեյմիմում։ Դա ապահովագրում է նրա վճռական ազդեցությունը այդ տարածաշրջանի հետ կապված անխտիր բոլոր պրոցեսների վրա։ Մոսկվային հաջողվեց, Սիրիա «ներխուժելով», ոչ միայն ճեղքել Ղրիմի միացման և Դոնբասին ու Լուգանսկին հովանավորելու պատճառով Արևմուտքի կողմից իր նկատմամբ կիրառված միջազգային մեկուսացումը, այլև ստիպել պարտադիր հաշվի առնել Ռուսաստանի շահերը, հետաքրքրությունները և ազդեցությունը միջազգային օրակարգի բոլոր խնդիրների շրջանակում։ Թերևս պատահական չէր, որ Պուտինի այս որոշումը հաջորդեց Բրյուսելից հնչած հայտարարությանը, որ ԵՄ-ն առաջիկայում հստակեցնելու է Ռուսաստանի հանդեպ իր քաղաքականությունը, որը ստագնացիոն ներկայիս իրավիճակում թողնել, ըստ Բրյուսելի, այլևս իմաստ չունի։ Զորքերի մի մասը Սիրիայից դուրս բերելով` Մոսկվան առաջին հերթին ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնման ազդակ է հաղորդում։ Բացի դրանից` Ռուսաստանը տարածություն և առիթ ունեցավ սիրիական պատերազմում ցուցադրելու իր վերաթարմացող ռազմական պոտենցիալը, ռազմատեխնիկական նվաճումները և վերականգնելու միջազգային գերտերության` իր խաթարված համբավը։

Ակնհայտ է, սակայն, որ, կոնֆլիկտի կարգավորման տեսանկյունից, Պուտինի որոշման հետևանքները կարող են լինել խիստ անկանխատեսելի։ Դժվար է ասել՝ այն կնպաստի՞ ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին, թե՞ հակառակը՝ կհանգեցնի հաստատված փխրուն հրադադարի վերացմանը։ Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը, ահաբեկչական խմբավորումները Պուտինի այս քայլն ընկալեն իբրև Ռուսաստանի` խաղից դուրս գալու նշան և վերսկսեն ռազմական գործողությունները կառավարական ուժերի դեմ` վերադարձնելու համար վերջին ամիսներին կորցրած դիրքերը։ Դժվար է նաև գնահատել Արևմուտքի հետագա քայլերը, մանավանդ` Սիրիայի պետական կառուցվածքի և Ասադի ճակատագրի որոշման հետ կապված. նախ հարկ կլինի հասկանալ՝ արդյո՞ք այս որոշումը պայմանավորված էր Մոսկվայի կողմից Ասադին այլևս չվստահելու, նրա անվտանգության երաշխավորումից հրաժարվելու հանգամանքով։

Թերևս այս խնդիրները հաշվի առնելով է, որ Մոսկվան դեռևս չի շտապում հստակեցնել, թե որ չափով է հանելու զինուժը, ինչպիսի ներգրավվածություն է ունենալու հետագայում, եթե պատերազմական գործողությունները Սիրիայում վերսկսվեն, հանվող զինտեխնիկայի մեջ մտնո՞ւմ է, արդյոք, Հմեյմիմում տեղակայված` իր С-400 զենիթահրթիռային համակարգը։ Այս անորոշությունները Մոսկվային կօգնեն Արևմուտքի հետ ավելի ճկուն քաղաքականություն վարել։

Մեկ բան ակնհայտ է` Պուտինի այս քայլն էականորեն նվազեցնում է Սիրիայում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ պատերազմի հնարավորությունը և նպաստում Անկարայի հետ լարվածության թուլացմանը։ Դեռ նախօրեին, երբ Պուտինն Անկարայում իրականացված ահաբեկչության կապակցությամբ ցավակցեց թուրք ժողովրդին, հասկանալի դարձավ Թուրքիայի հետ առճակատումը թուլացնելու` Մոսկվայի շահագրգռությունը։ Հիմա արդեն կողմերը կարող են ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել միմյանց նկատմամբ և գուցե նաև սիմվոլիկ ժեստերից հետո սկսեն երկուսի համար էլ կենսական նշանակություն ունեցող երկկողմ հարաբերությունները վերականգնելու գործընթացը։ Այս խորապատկերին հասկանալի է դառնում, թե ինչու ՌԴ Պետդուման հրաժարվեց քննարկել Հայոց ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագիծը։

Հայաստանի համար Պուտինի քայլը երկակի նշանակություն ունի։ Մի կողմից ռուս-թուրքական առճակատման խորացումը Հայաստանը դարձնում էր առաջնագիծ և հնարավոր ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչից խուսափումը փրկություն է։ Լարվածության աճը նպաստում էր նաև ԼՂ հիմնահարցի շիկացմանը, քանի որ այն թե\' Մոսկվայի և թե\' Անկարայի համար միմյանց դեմ մկաններ և ատամներ ցուցադրելու գործիք էր։ Մյուս կողմից, սակայն, ռուս-թուրքական հարաբերությունների խաթարված վիճակը բարձրացնում էր Հայաստանի քաղաքական կշիռը Մոսկվայի համար։ Մինչդեռ` որքան ջերմանան ռուս-թուրքական հարաբերությունները, այնքան Հայաստանի հետաքրքրությունները ստորադասվելու են Ռուսաստանի և Թուրքիայի համընկնող շահերին։ Այս իմաստով չափազանց կարևոր էր, որ ռուս-թուրքական լարվածության կուլմինացիայի շրջափուլերում Երևանն իրեն նկատելիորեն զուսպ պահեց՝ չմղվելով առաջին պլան և իր վրա չվերցնելով Ռուսաստանի շահերի պաշտպանի անշնորհակալ գործը։ Այդ չեզոքությունը հիմա թույլ կտա ավելի հեշտ ադապտացվել ստեղծվող նոր իրադրությանը՝ առանց էական քաղաքական կորուստների։

Գևորգ Աղաբաբյան