կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-11 18:17
Առանց Կատեգորիա

Ի՞նչ է արգելված գրականությունը

Ի՞նչ է արգելված գրականությունը

Մի քանի օր առաջ «Արմենիա» հեռուստաընկերությունը դատում էր արգելված գրականության մասին։ Հաղորդման մեկնաբանը, արգելված գրականություն ասելով, հասկանում էր պոռնոգրաֆիկ տեքստը։ «Մարդը անպաշտպան է հենց այն պատճառով, որ չկա գրաքննություն»,- քաղաքական գրաքննությանն անդրադառնալիս ասաց Նազենի Հովհաննիսյանը։

 

«Մարդկային գործոնը», մի խոսքով, շոու էր գտել։ Գտել էր մի ժամանակ, երբ ոչ ոք էրոտիկ տեքստ չի գրում։ Իսկ եթե գրում է, չի գրաքննվում։ Իսկ եթե գրաքննվում է, այդ մասին ոչինչ հայտնի չէ։

 

Ինչպե՞ս սահմանել արգելված գրականությունը։ Հաղորդման վերնագիրը բոլոր հյուրերի աչքի առաջ է՝ «Մարդկային գործոն»։ Արգելողը մարդն է, հետեւաբար` «արգելված գրականություն» արտահայտությունը միֆ է, մարդն արգելում է մեկ այլ մարդու գիրը, որն, ըստ իրեն, գրականություն չէ։ Ինչ-որ մեկի քմահաճույքն է արգելված գրականությունը, օրինակ՝ Ստալինինը, ավստրիական կայսր Իոսիֆ Երկրորդինը (Մոցարտի ժամանակակիցը)։ Արգելված գրականություն չի եղել առաջին տեքստից ի վեր։ Եղել են արգելողներ։ Որովհետեւ չկա մի բռնապետ, թող որ ընթերցողի տեսքով, որ կարողանա սահմանել այս կամ այն տեքստի հասարակական վտանգավորությունը։ Եթե գրողը, գեղագիտական զգացողությունից զատ, կաղում է էթիկական զգացումներում, ընթերցողը նրան պատժում է չընթերցելով։ Այսինքն` արգելված գրականությունը յուրաքանչյուր ընթերցող սահմանում է յուրովի։ Եվ գտնում է այն գրականությունը, որն ուզում է կարդալ։ Պետական մակարդակով արգելված գրականությունը նոնսենս է։ Այսինքն` գոյություն ունի տոտալիտար երկրներում, բայց նոնսենս է։ Օրինակ` ստալինյան տարիներին արգելված էին մարդու իրավունքները։ Ազատությունը թեմա չէր։

 

Բայց գրականությունն արգելված է, եթե այդ արգելանքի տակ գրողն ինքն է դնում իրեն։ Այսինքն` ինքը կարող է գրել հատկապես այդ թեմայի մասին, բայց իրեն արգելում է գրել։ Իսկ ուրիշ թեմայի մասին էլ չի կարող գրել։ Հասունացած տեքստը հնարավոր չէ արգելել, որովհետեւ ուրիշի արգելանքը երբեք էլ չափանիշ չէ։ Հանգուցյալ Չարենցի գրականությունը 1937-ից մինչեւ 1955 թվականներն արգելված էր։ Եվ ի՞նչ։ Եթե գրականությունը փակվեր Չարենցով, արգելանքն իմաստ կունենար։ Բայց աշխարհը ստեղծագործում է, ստեղծագործում էին Չարենցի ժամանակակիցները։ Մարկիզ դը Սադի գրականությունը հենց նրա կենդանության օրոք այդպես էլ չարգելվեց Ֆրանսիայում, թեպետ նա գրում էր բանտում։ Գրականության արգելանքն սկսվում է գրական չափանիշների հավասարությունից, ինչպիսին էր սոցիալիստական ռեալիզմը ԽՍՀՄ-ում։ Բայց դա չխանգարեց, որպեսզի ունենանք Հրանտ Մաթեւոսյան։ Այդ ռեալիզմը սպանեց Ակսել Բակունցին, բայց դրանից «Խոնարհ աղջիկը» չանհայտացավ։

 

Չի կարելի ինչ-որ մեկի քմահաճույքը դարձնել չափանիշների քննարկման թեմա։ Եթե քննարկվող թեման քո ներքին կանոնները չեն, ուրեմն դա թեմա չէ։ Արգելանքները ծնվում են համքարությունների ստեղծումով։ Դիցուք` ֆեմինիզմը, թվում է, թե կանանց իրավունքների հռչակումն է, բայց կինն իր ներքին աշխարհագրությամբ հակաֆեմինիստական է, որովհետեւ ֆեմինիզմը չի «խոսում» Բակունցի «Խոնարհ աղջկա» կամ «Ալպիական մանուշակի» հերոսուհու հետ։ Միջազգային բոլոր կառույցները մի օր կարող են ֆեմինիզմը հռչակել պարտադիր սոցիալական նորմ եւ պահանջել գրականության դասագրքերից հանել Բակունցի ստեղծագործությունները։ Ես ինչո՞ւ պետք է գնամ ինչ-որ ստուդիայում քննարկեմ միջազգային չինովնիկների քմահաճույքները։ Մարդու հետ ինչպես էլ վարվես համակենտրոնացման ճամբարներում, կգտնվի մեկը, ով կգրի «ԳՈՒԼագ Արխիպելագը»։ Տեքստի ճանապարհը հարթվում է ոչ միայն մարդկային ողորմածությամբ։ Որովհետեւ էդ հարցը բաց է մնում՝ ո՞վ է մարդը, որ գիր արգելի։ Արգելված գրականության «պատասխանատուն» կարող է լինել հրդեհը, երկրաշարժը, որեւէ երկնաքար, որը հողին կհավասարեցնի ամբողջ մոլորակը` նրա բոլոր ստեղծագործություններով հանդերձ։ Մարդն ի՞նչ կարող է անել՝ կարող է ստեղծել, ասենք, ընթերցողների միություն։ Ընթերցողների միությունը կարող է լինել արգելված գրականության ազդակ, որովհետեւ այդ միությունը կարող է գրականության չափորոշիչներ մշակել։ Բայց կհայտվի մեկ ուրիշ միություն, որն իր չափորոշիչները կներկայացնի, որոնք կլինեն նախորդից միանգամայն տարբեր։ Այդպես 1900-ականների սկզբներին հռչակվում էին ստեղծագործական ուղղությունները գրականության մեջ՝ ավանգարդիզմ, ակմեիզմ, սյուրռեալիզմ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, մոգական ռեալիզմ։ Սրանցից մի քանիսի ազդեցությամբ է ստեղծագործել նաեւ Եղիշե Չարենցը։ Մոգական ռեալիզմի սահմանումը Մարկեսինը չէ, այլ ֆրանսիացի քննադատ Էդմոն Ժալինը։ Չարենցը դեռ կար, երբ սահմանվեց մոգական ռեալիզմը։ Որովհետեւ այդ ուղղությամբ արդեն կերպարվեստի գործեր էին ստեղծվում։ Այսինքն` մարդը գրում է, ստեղծագործում է, ուղղությունները սահմանվում են։ Հարկադիր արգելանքը թեմա չէ, եթե դու հնարավորություն ունես խոսելու այդ մասին։ Հետեւաբար, արգելված գրականությունը նոնսենս է, նույնիսկ եթե ոչ ոք իրավունք չունի թեկուզ սեփական մորը յուրովի գրել, թե ինչքան է սիրում նրան։ Չէ՞ որ, ի վերջո, մարդը նախ չի դիմանում իր զգացումներն արտահատելու սահմանափակությանը։ Եվ մի օր մեկը պոռթկում է։ Որովհետեւ գրականությունը գալիս է մարդուց հետո, հարկ եղած դեպքում՝ մարդու վրայով։ Ինչպես էլ ընդդիմանան ոմանք, նրանք միայն հաստատելու են գրի առաքելությունը։

 

Սեյրան ՀԱՆՈՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: