կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-07-11 15:08
Առանց Կատեգորիա

Ռուսական շովինիզմ և հայկական անողնաշարություն

Ռուսական շովինիզմ և հայկական անողնաշարություն

Շուրջ 1 մլրդ դոլարի զինտեխնիկայի մատակարարման շուրջ ռուս-ադրբեջանական գործարքի մասին հայտնի դառնալուց ի վեր ռուս քաղաքագետների, միջազգայնագետների ու ռազմական փորձագետների մի պատկառելի կոնտինգենտ արդեն տևական ժամանակ չի դադարեցնում այդ գործարքն արդարացնելուն, իսկ ավելի ճիշտ հայաստանյան հասարակայնության գլխի տակ փափուկ բարձ դնելուն ուղղված պրոպագանդան: Սկզբնական շրջանում այն կրում էր տարերային բնույթ, ինչը շտապողականության հետևանք էր:

 

Նախ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե հայերն այդ գործարքից սրտնեղելու կարիք չունեն, որովհետև դա սովորական բիզնես է, ու որովհետև այդ գործարքին հակակշռում է ռուսական 102-րդ ռազմակայանը և դրա հետևողական հագեցումը: Ավելի ուշ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինն ասաց, որ եթե Ռուսաստանը հրաժարվեր գործարքից, Ադրբեջանն այլ մատակարարների կգտներ, մինչդեռ այս կերպ Ռուսաստանը կարողանալու է Ադրբեջանին դնել իրենից ռազմատեխնիկական կախվածության մեջ: Ի դեպ, այս պատճառաբանությունն առայժմ ներկայացվածներից միակ քիչ, թե շատ հասկանալին էր:

 

Իսկ ահա, ըստ Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի, դրանով Ռուսաստանն իրականում փորձում է հավասարակշռություն հաստատել տարածաշրջանում: Երևանում, բյուրեղացնելով այս միտքը, Ռազմավարական հետազոտություների ռուսական ինստիտուտի փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Զախարովն էլ հայտարարեց, թե Մոսկվան ուներ հավասարակշռությունը վերականգնելու կարիք, որովհետև վերջին շրջանում, պատկերացնո՞ւմ եք, այն խախտվել էր Հայաստանի օգտին: Եվ իբրև դրա հիմնավորում, վկայակոչում է իբր Հայաստանում օպերատիվ-տակտիկական Iskander-M հրթիռային համակարգի գոյությունը, որը, սակայն, պաշտոնապես չեն հաստատել ո'չ ռուսական և ո'չ էլ հայկական կողմերը: Ավելին` Զախարովը նույնիսկ փորձեց դաստիարակիչ «լիկբեզ» անցկացնել Երևանում` հայտարարելով, թե սխալ է Ադրբեջանին սպառնալ` ռազմական ագրեսիայի դեպքում այդ երկրի էներգետիկ կոմունիկացիաներին հարվածելով:

 

Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, սրանք ընդամենը ռուսական ցինիզմի «ծաղիկներն» էին, որոնք հրապարակ էին նետվում միայն հայկական կողմի նախնական հարձակումներից պաշտպանվելու համար: Ու թերևս ոգևորվելով այն հանգամանքից, որ այդ հարձակումն այնքան էլ հուժկու չեղավ, ինչպես կարելի էր սպասել իրեն հարգող որևէ երկրի կողմից, ռուսական քաղաքական ու փորձագիտական միտքը սահուն անցում կատարեց արդեն բացահայտ շովինիստական հակահարձակման` բացահայտելով այդ գործարքի` թերևս հիմնական պատճառները և շարժառիթը: Ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում բառացիորեն ասում է. «Առաջին հերթին` դա ազդակ է` ուղղված Երեւանին, ավելի շուտ ոչ թե ազդակ է, այլ տագնապի լուրջ ազդանշան այն մասին, որ հարկավոր է կողմնորոշվել՝ ում կողքին է ցանկանում կանգնել Հայաստանն այս ծանր պահին: Մոսկվայում փորձագետները բավականին կոնկրետ հայտարարում են, որ հայաստանյան արեւմտյան թեւն անգամ կարող է գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլիին»: Այս միտքը այլ ենթատեքստով վերջերս evrazesnews.ru-ի հետ զրույցում արտահայտել է նաև ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով է սալարկված դժոխքի ճանապարհը»,- ասել է նա` այդպիսով գրեթե հաստատելով, որ եվրոպական ինտեգրման պրոյեկտների նկատմամբ Հայաստանի ձգտումները մերժելու քաղաքականությունը պաշտոնական բնույթ ունի: Այլ կերպ ասած` Ռուսաստանի համար այդ գործարքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հնարավոր պատերազմի վերսկսման պարագայում սպառնացող վտանգներով Հայաստանին շանտաժի ենթարկելու միջոց, որի նպատակն էր նրան ետ պահել որդեգրած եվրաինտեգրման կուրսից:

 

Իսկ Ռուսաստանն այդ լեզվով խոսելու իրավունքն իրեն վերապահում է այդ երկրի հասարակության, քաղաքական, տնտեսական ու ռազմական էլիտայի մոտ կարծրացած այն մտածողության պատճառով, թե Հայաստանը, Ռուսաստանից բացի, այլ ընտրություն պարզապես չունի: Պատահական չէ, որ ռազմական հարցերով ռուս հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը առանց որևէ կոմպլեքսների, ըստ «Վեդոմոստի» պարբերականին հղում կատարող «Առավոտ»-ի, հայտարարում է, թե փոքրիկ Հայաստանը մեծ ընտրություն չունի, ուզի, թե չուզի` ստիպված է Ռուսաստանի դաշնակիցը լինել: «Բա ո՞ւմ դաշնակիցը լինի` Ադրբեջանի կամ Թուրքիայի՞»,- ասում է նա:

 

Բոլոր այս հիմնավորումները, բացատրությունները անտեսում են այն պարզ իրողությունը, որ ռազմավարական դաշնակից երկրի հակառակորդի հետ նման գործարքը, բառի բուն իմաստով, անբարոյականություն է: Սակայն Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում նման պահվածք դրսևորել` կոնկրետ Հայաստանի պարագայում ռազմավարական գործընկերություն հասկացության վերաբերյալ ունենալով շատ յուրովի պատկերացումներ, ըստ որոնց` ռազմավարական գործընկերությունը միայն Հայաստանի պարտավորությունն է, իսկ ինքն այդ համատեքստում ունի միայն իրավունքներ, որոնք թույլ են տալիս սեփական բիզնես շահերը զարգացնել իր գոյության համար բացառապես Մոսկվային պարտական երկրի ռազմավարական շահերի ու անվտանգության հաշվին: Եվ դա բնական է, որովհետև Հայաստանը Ռուսաստանի պատկերացումներով ընդամենը պլացդարմ է, այսպես ասած` պոլիգոն, որտեղ պետք է շարային քայլերթ կատարի ռուսական զինվորը, հարևան երկրներին ու աշխարհաքաղաքական կենտրոններին ահուսարսափ ներշնչեն ռուսական հրթիռներն ու տանկերը, և որտեղ ոչ թե բնակչություն, ազգ, ժողովուրդ է ապրում, այլ ընդլայնվող ռազմաբազան սպասարկող անձնակազմ, որն էլ պետք է հոգա կայանի պահպանման բոլոր ծախսերը:

 

Բայց ուրիշ ի՞նչ կերպ պետք է վերաբերվեր Մոսկվան, եթե նրա այդ ռազմավարական դաշնակից երկրի իշխանությունն ինքն է իրեն պոլիգոնի պահակի տեղ դնում: Մինչ Հայաստանի նախագահը Վարշավայից հպարտ կեցվածքով այդ գործարքի ֆոնին պնդում է, թե իրենք որևէ պարագայում Ռուսաստանի շահերի դեմ քայլ չեն կատարի ու որևէ կոմպլեքս չունեն դրա մասին չխոսելու, արտգործնարարարությունն ու կառավարությունն այդ գործարքի հետ կապված այնպիսի պնդաճակատային լռություն ու անտարբերություն են դրսևորում, որ կարելի է կարծել, թե այդ գաղտնի գործարքը Հայաստանի հետ է արվել: Անվտանգության խորհրդի քարտուղարը ականջները կախած լսում ու հետո էլ հաստատում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այն պնդումը, թե քանի որ Գյումրու ռազմաբազան կա, մենք մտածելու բան չունենք: Ու ոչինչ, որ իրենք Ադրբեջանին մասսայական ոչնչացման զենք են վաճառում, որը ոչ թե այդ ռազմակայանի, այլ ԼՂՀ-ի ու Հայաստանի բնակչության դեմ կարող է ուղղվել, ոչինչ, որ պատմության ընթացքում ռուսական նման «ռազմակայանները» միշտ հայերի համար ամենաճակատագրական պահին դուրս են եկել խաղից, ու ոչինչ, որ առ այսօր Մոսկվան ո'չ միակողմանիորեն ու ո'չ էլ ՀԱՊԿ-ի ֆորմատով չի հայտարարել, որ ԼՂՀ-ի դեմ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման և դրանում Հայաստանի անխուսափելի ներքաշվելու դեպքում գործնականորեն կատարելու է անվտանգության երաշխավորի` իր ստանձնած պարտավորությունները: Բայց, չնայած դրան, աստիճանաբար ի հայտ են գալիս ռուսական շահերի սպասարկման տեղական փորձագետ-սազանդարներ, որոնք համառորեն հաստատում ու արդարացնում են ռուսական այս «պոլիգոնային», հայկական «պոլիփայտային» քաղաքականությունը, ինչը հասարակական թույլ դիմադրողականությունը վերջնականապես ջարդելու և ողջախոհությունն ու իրատեսականությունը ռուսական փափուկ բարձի վրա քնեցնելու նույնքան դավադրական նպատակներ են հետապնդում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ