Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Գյումրին պաշտոնապես հռչակվեց 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք. որոշումն ընդունվել էր դեռեւս 2012-ին` Աշխաբադում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ պատահական չէ, որ հենց Գյումրին է ընտրվել մշակութային մայրաքաղաք. «Գյումրին հայրաքաղաք էր, դարձավ մայրաքաղաք եւ առայժմ՝ մշակութային: Ծրագրի շրջանակներում իրականացնելու ենք մի շարք միջոցառումներ, ինչպես վայել է գյումրեցուն»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ Գյումրին մի շարք փորձությունների միջով է անցել եւ այսօր իր վերքերը պետք է ամոքի հենց մշակույթի միջոցով:
«Ծրագրի շրջանակներում մոտ 45 միջոցառումներ են իրականացվելու, իսկ ծրագրի փակումը տեղի կունենա նոյեմբերի սկզբին` Գյումրիում Սպիվակովի երաժշտական համույթի ելույթով: Մենք այս տարի Գյումրի ենք բերելու անգամ «Ոսկե ծիրանն» ու «Երգ երգոցը»,- ասաց Բալասանյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավաստիացնում է, որ այս ծրագիրը դառնալու է ԱՊՀ երկրների մշտական գործող հարթակ: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ծրագրի իրագործման համար գումարներ են ներդրել մշակույթի նախարարությունը /53 միլիոն դրամ/, Գյումրիի քաղաքապետարանը /17 միլիոն դրամ/, «Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը» /200 միլիոն դրամ/ եւ ՀՀ կառավարությունը /193 միլիոն/:
«Այս տարի, ցավոք, ժամանակակից արվեստի բիենալե չի անցկացվի, սակայն հույս ունեմ, որ 2014-ին կվերականգնվի այն»,- ասաց նախարարը` հավելելով, թե պատճառը ֆինանսները չեն, որ միջոցառումն այս տարի չի իրականացվելու:
Yerkir.am-ի հարցին, թե նախորդ հանդիպմանը, նախնական տվյալներով, որոշվել էր, որ Գյումրիում պետք է անցկացվեն լավաշի եւ հումորի փառատոներ, արդյո՞ք դրանք այժմ ընդգրկվել են տոնական միջոցառումների ծրագրում, նախարարը պատասխանեց` այո. «Հումորի փառատոնին Գյումրի կժամանեն մի շարք անվանի հումորիստներ, իսկ լավաշի փառատոնին ավելի շատ մենք ենք ցուցադրելու դրսի հյուրերին, որ լավաշ թխելն էլ մշակույթ է»: