կարևոր
1192 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-03-21 16:11
Հասարակություն

Գյումրին լոկոմոտիվ դեր ունի և կարող է Հայաստանի գործարար մայրաքաղաք հանդիսանալ․ Անդրանիկ Թևանյան

«Գյումրիում ազատ տնտեսական գոտու և չինական ազատ քաղաքի մոդելի ստեղծման նախագիծը ենթադրում է հարկերից ազատում կամ 50% հարկային զեղչ: Երբեմն Չինաստանում սա անվանում են հարկային դրախտ: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը և ԽՍՀՄ փլուզումը ծանր հարված հասցրեցին Գյումրիին: Արդյունաբերական քաղաքից այն վերածվեց աղետի և սոցիալական ծանր իրավիճակի տարածքի, սակայն այժմ էլ պահպանում է ռազմավարական նշանակության քաղաքի իր ներուժը: Հիմնական առավելություններն են՝ աշխարհագրական դիրքը, Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը, բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ենթակառուցվածքը և որակյալ աշխատուժը: Նախատեսվում է ստեղծել լոգիստիկ կենտրոն օդանավակայանի մոտ և ազատ տնտեսական գոտի՝ մոտ 300 հեկտար տարածքով:
 

Ազատ տնտեսական գոտում գործող ձեռնարկությունները կազատվեն շահութահարկից և շրջանառության հարկից արտահանման դեպքում: Ներմուծումը փոխարինող արտադրանքի համար կիրառվելու են լրացուցիչ հարկային արտոնություններ: Նախագիծը նպատակ ունի Գյումրիին վերածել տնտեսական լոկոմոտիվի և գործարար մայրաքաղաքի՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ Շիրակի մարզի և Հայաստանի համար»,-այս մասին Գյումրիում ընթացող կոնֆերանսի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
 

Նրա խոսքով՝ արտաքին ներդրողների հետաքրքրությունը կառաջանա ռուսական կապիտալի կողմից:
 

Նշենք, որ «Մայր Հայաստան» դաշինքը հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս է կազմակերպել Գյումրիում՝ նվիրված ազատ տնտեսական գոտու ստեղծման և հարկային ռեժիմի առումով Գյումրիին ազատ քաղաքի կարգավիճակ տալու «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկմանը։ Կոնֆերանսին մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական, փորձագիտական և բիզնես շրջանակների ներկայացուցիչներ՝ առկա և հեռավար կարգով։

Կոնֆերանսը նախաձեռնել է Գյումրիի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը։ 
 

Հիմնական բանախոսը «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է։ Կոնֆերանսին ներկա է Գյումրիում Ռուսասատանի Դաշնության հյուպատոսության ներկայացուցիչ, հյուպատոս-խորհրդատու Յուրի Կովալկոն։ Մասնակցում են տնտեսագետ Էդուարդ Մանուկյանը, «MANCH» մանկական կոշիկ արտադրող ընկերության հիմնադիր և տնօրեն Սուրեն Սուքիասյանը, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։ Կոնֆերանսին Մոսկվայից հեռավար կարգով մասնակցում է ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ինտեգրացիոն գործընթացների զարգացման ինստիտուտի առաջատար գիտաշխատող Անդրեյ Պետրոսյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
 

Նշենք, որ Գյումրու զարգացման «Մայր Հայաստանի» ծրագրին իր ստորագրությամբ 7.700 գյումրեցի է միացել: Ծրագրի կյանքի կոչման նպատակով «Մայր Հայաստանը» Գյումրու ապագա ավագանու ուղերձի նախագիծ է պատրաստել և այն ներկայացվելու է ձևավորվելիք ավագանու նիստի քննարկման:

Մանրամանմս՝ տեսանյութում։