կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-05 23:47
Հասարակություն

Ցնորամիտ օսմանյան սուլթանները սպանել են իրենց եղբայրներին՝ իրենց գահը պահպանելու համար

Ցնորամիտ օսմանյան սուլթանները սպանել են իրենց եղբայրներին՝ իրենց գահը պահպանելու համար

Մենք բոլորս գիտենք, որ օսմանյան բանակն անողոք դաժանությամբ զավթել է բազմաթիվ երկրներ։ Նաև գիտենք, որ Օսմանյան կայսրությունը զանգվածային սպանություններ և ցեղասպանություն է իրականացրել միլիոնավոր հայերի, ասորիների, հույների և քրդերի նկատմամբ։ Սակայն քչերը գիտեն, որ օսմանյան սուլթանները սովորաբար սպանել են իրենց ընտանիքի անդամներին:

Վերջերս անհավատալի մի տեսանյութ դիտեցի YouTube-ում, որտեղ փաստագրված էր օսմանյան սուլթանների բարբարոսական վարքագիծը: Տասներեք րոպե տևողությամբ տեսանյութի համաձայն՝ օսմանյան ղեկավարներն զբաղվել են «հոռի և կործանարար  գործերով»։  Տեսանյութը վերնագրված է՝ «Զարհուրելի բաներ, որոնք «բնական» էին Օսմանյան կայսրությունում»։ YouTube-ը ցույց է տալիս, որ տեսանյութը տեղադրվել է 2021 թ. հոկտեմբերի 15-ին, և վեց ամսից պակաս ժամանակահատվածում այն դիտել է 640 975 մարդ, որոնցից 10 հազարը հավանել է տեսանյութը: Սա նշանակում է, որ ավելի քան 640 հազար մարդ այժմ տեղյակ է օսմանյան սուլթանների դաժանությունների մասին:

Ահա տեսանյութի մասնակի սղագրությունը.

«Երբ [Սուլթան] Մեհմեդ Նվաճողը պաշարեց Կոստանդնուպոլիսը, նրա հորեղբայրը պատերի վրայից կռվում էր նրա դեմ։ Օսմանցուն բնորոշ ձևով Մեհմեդը անողորմ վարվեց իր հորեղբոր հետ և գահը վերցնելուց հետո պատգամ հղեց օսմանցիների ապագա սերունդներին: Նա սկսեց հավաքել արական սեռի իր բոլոր ազգականներին և մահապատժի ենթարկեց նրանց: Իր անխղճությամբ նա չխնայեց նույնիսկ կրտսեր եղբորը, որն ընդամենը նորածին մի երեխա էր օրորոցում: Մեհմեթն առանց աչքը թարթելու  շնչահեղձ արեց նրան: Երբ Մեհմեթը վերացրեց գահի համար իր բոլոր հնարավոր հավակնորդներին, նա հայտարարեց. «Իմ որդիներից ում որ անցնի սուլթանությունը, տեղին է, որ հանուն աշխարհակարգի նա սպանի իր եղբայրներին։ Ուլեմայի [բարձրաստիճան կրոնական առաջնորդների] մեծ մասը դա թույլ է տալիս: Ուրեմն թող գործեն դրանով»։

«Այսպիսով սկսվեցին սերունդների քաղաքացիական պատերազմների շարքը, երբ յուրաքանչյուր հաջորդ սուլթան՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդը, ստիպված էր ձեռքերը թաթախել իր եղբայրների, զարմիկների և հորեղբայրների արյան մեջ՝ գահը պահպանելու համար: Ասում են, որ մեկ այլ Մեհմեդ՝ Մեհմեդ III-ն այնքան սրտնեղած էր, որ հոգեվարքի մեջ մորուքն էր փետում, երբ կրտսեր եղբայրը ողորմածություն էր աղերսել և նորից ու նորից երդվել, որ երբեք զենք չի վերցնի նրա դեմ։ Սակայն, պարտավորված ընտանեկան ավանդույթներով, Մեհմեդ III-ն առանց որևէ խոսք ասելու շրջվեց, և հավատարիմ անձինք սպանեցին տղային՝ Մեհմեդ III-ի մյուս 18 եղբայրների հետ միասին: Բոլոր 19 եղբայրների մարմիններն ընկած էին Ստամբուլի փողոցներում, և ասում են, որ այդ գիշեր ողջ քաղաքը ողբում էր մահացածների հոգիների համար։ Նկատի ունեցեք, որ նոր սուլթանի գահակալությունից հետո սպանությունները չէին դադարելու։ Թագավորական ընտանիքի բոլոր ազգականների որսը շարունակվելու էր անողոքաբար»։

«Նույնիսկ Սուլեյման Հոյակապի  ձեռքերը մաքուր չէին, քանի որ նա փողոցում աղեղնալարով խեղդամահ էր արել իր որդուն միայն այն պատճառով, որ նրա ժողովրդականությունը խելագարության խնդիր էր դարձել օսմանցիների ամենանշանավոր  սուլթանի համար»:

«Սակայն երբ 1617 թվականին Ահմեդ Առաջինը հանկարծամահ եղավ, ընդհանուր համաձայնություն կնքվեց ազգականների և նրա թողած ընտանիքի միջև։ Այս անգամ Ստամբուլի փողոցները թագավորական արյունով ողողելու փոխարեն, հոգևորականները հանդարտորեն հաստատեցին առաջնեկության կիրառությունը [առաջնեկների իրավահաջորդության իրավունքը] և նոր սուլթան հայտարարեցին նրա կրտսեր եղբորը՝ Մուստաֆա Առաջինին, քանի որ Ահմեդի որդիները չափազանց երիտասարդ էին կառավարելու համար: Իրեն՝ Մուստաֆային խնայել էր իր եղբայր Ահմեդ Առաջինը, քանի որ 12 և 13-ամյա եղբայրները չափազանց մոտ էին միմյանց մահը պատվիրելու համար»:

«Այդ ժամանակվանից ազգականներին սպանելու քաղաքականությունը փոխարինվեց նրանց կալանավորմամբ։ Հնարավոր գահաժառանգներին բանտարկելու էին Թոփքափի պալատում։ Ստամբուլում այս հատուկ կացարանները կոչվում էին «քաֆես», որը թարգմանվում է որպես «վանդակ»։ Օսմանյան կայսրության իշխանը, հնարավոր է իր ամբողջ կյանքը բանտարկված անցկացներ «քաֆես»-ում ՝ օր ու գիշեր պահակների հսկողության տակ։ Այս իշխանները ստացել են ամեն տեսակ շքեղություն և կարող էին վարել արքայական ցեղին վայել ճոխ ապրելակերպ, սակայն խստորեն կիրառվել են տնային կալանքի սահմանափակումները։ Դրա պատճառով շատ իշխաններ խելագարվել են ձանձրույթից կամ դարձել խիստ անառակ: Երբ նոր սուլթանին բերում էին [Պալատի] Երջանկության դարպասների մոտ՝ վեզիրների (նախարարների) հավատարմությունը ձեռք բերելու համար, դա առաջին անգամ էր, որ նա տասնամյակների ընթացքում դուրս էր գալիս «վանդակից»... Կատարյալ նախապատրաստություն չէ՞ր մի մարդու համար, որը պատրաստվում էր դառնալ տիրակալ: Եվ չնայած ծիսական քաղաքացիական պատերազմներին վերջ տրվեց, սակայն թագավորի ազգականները դեռ ապրում էին՝ իրենց գլուխը ամեն վայրկյան կորցնելու մշտական վախով»։

Տեսանյութի երկրորդ մասում ներկայացվում է սուլթանի մեկուսացված կյանքը պալատում՝ իր բազմաթիվ հարճերի հետ հարեմում, որը գտնվում էր սուլթանի մոր վերահսկողության տակ։ Մենք գիտենք, որ, ցավոք, այդ կանանցից մի քանիսը եղել են երիտասարդ հայ աղջիկներ։ Տեսանյութի անանուն հեղինակը նկարագրել է նաև գլխատումները պալատում և երկու սյուները, որոնցից կախվելու էին կտրված գլուխները։

Այսուհետ, եթե որևէ մեկը ձեզ ասի, թե Օսմանյան կայսրությունը եղել է հանդուրժող և քաղաքակիրթ, կարող եք նրան ուղարկել այս հոդվածի պատճենը կամ հղում անել յութուբյան վերոնշյալ տեսանյութին: Դա կլռեցնի նրանց։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի