Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երբ Ադրբեջանին ռուսական սպառազինություն վաճառելու մասին տեղեկատվությունը հայտնի դարձավ հասարակությանը, ռուսական կողմից` տարբեր մակարդակներով, սկսեցին տարբեր հիմնավորումներ բերվել, թե ինչու է Ռուսաստանին հարկավոր այդ գործարքը, բացի կոմերցիոն նկատառումներից: Նշում են Հայաստանին ավելի մատչելի ու ավելի արդիական զինատեսակների մատակարարումը, ռազմավարական գործընկերությունը, զենք վաճառելու միջոցով Ադրբեջանին «վերահսկելու» նկատառումները եւ այլն:
Տրամաբանությունը հուշում է, որ հայկական կողմը պետք է հանդես գա հստակ դիրքորոշմամբ, ընդ որում` բավականին կոշտ: Պարզ է նաեւ, որ հայ հասարակության մոտ արդեն առաջանում է սպասելի հարց` եթե մեր ռազմավարական գործընկերը զենք է մատակարարում մեր հակառակորդին, որը գրեթե ամեն օր մեզ սպառնում է պատերազմով, կարող է, չէ՞, վաղն էլ, երբ հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմը վերսկսվի, աջակցել ոչ թե մեզ, այլ մեր հակառակորդին…
Հայկական կողմը պետք է հնչեցնի պաշտոնական հստակ գնահատական ու հայտնի դիրքորոշում երկու պատճառով: Առաջին` սեփական հասարակությանը համոզելու համար, որ տվյալ երկրի հետ ռազմավարական դաշնակից լինելը կարեւոր է ու արդարացված մեր երկրի համար: Երկրորդ` պաշտոնական մակարդակով ռուսներին հասկացնելու համար, որ նման գործարքները, որքան էլ «վեր» ու «կարեւոր» լինեն ռուսական կողմի համար, միեւնույն է, հայ հասարակության մոտ հակառուսականության ալիք առաջացնելու իդեալական պատճառ են, ինչը հենց նույն Ռուսաստանի շահերից չի բխում:
Դա անելու համար պետք է ռուսական կողմի բերած փաստարկների դեմ լուրջ հակափաստարկներ ունենալ: Այդպիսի հակափաստարկ կարող է լինել Հայաստանում հասարակական բողոքի ու ընդվզման ալիքը: Բայց Հայաստանում հասարակական բուռն բողոքի ալիք, ինչպես տեսնում ենք, չկա. մարդիկ բողոքում են, բայց միայն յուրայինների շրջապատում, դժգոհում են, բայց ինքնամփոփ, փողոց դուրս չեն գալիս, մասսայական բողոքի միջոցառումներ չեն անցկացնում: Սա, բնականաբար, ձեռնտու չէ մեր երկրի կառավարիչներին:
Սակայն «էլիտան» ինքն է մեղավոր, որ հասարակությունը անտարբերություն է ցուցաբերում այս կարեւորագույն հարցի նկատմամբ` մասսայական բողոքի ու դժգոհության արտահայտման իմաստով: Մարդիկ ռուս-ադրբեջանական գործարքը, չասելու համար` սովորական, սպասելի են համարում: Վատն էլ հենց այդ է` հայ հասարակությունը արդեն ոչնչից չի զարմանում, ամեն ինչի սպասում է ու ասում` այս իշխանությունների պարագայում այդպես էլ պետք է լիներ…
Առհասարակ, ժողովուրդների, հասարակությունների իմունիտետը հենց ընդդիմանալը, բողոքելն է բացասական երեւույթների դեմ: Երբ հասարակության մեջ բողոքի ալիք է բարձրանում ինչ-որ հարցի առնչությամբ, դա նշանակում է, որ այդ հասարակությունը դիմադրողականություն ունի: Այս պարագայում այդ դիմադրողականությունը պետք էր հենց «էլիտա» կոչվածին, բայց…
Երբ հասարակությունը տեսնում է, որ ինչ-որ պաշտոնյա կարող է ծեծել մարդուն, հեռացվել իշխանական համակարգից, բայց հետո վերադառնալ ավելի բարձր աստիճանի, երբ տեսնում է, որ չինովնիկը կարող է բռնություն կիրառել լրագրողի կամ կնոջ հանդեպ ու անպատիժ մնալ, երբ բարձիթողիության պատճառով չինովնիկները, նրանց զավակները կամ թիկնապահները` նոքար-բեքարները, նազիր-վեզիրները կարող են մարդ սպանել, ու դրա համար տվյալ չինովնիկը նույնիսկ հասարակական պատասխանատվություն չի կրում, այլ շարունակում է հերոսաբար ներկայանալ հասարակությանն ու վաստակել իր «կուսակիցների» աջակցությունը, այդ հասարակությանը զարմացնել չի լինի:
Չի լինի զարմացնել, երբ մարդիկ տեսնում են, որ կայացած, հեղինակավոր մարզիկի մարզական կարիերան կախված է նախկին պատգամավորի քմահաճույքից, ում ձերբակալությունն էին պահանջում ամիսներ առաջ: Երբ որեւէ երկրի քաղաքացիներ տեսնում են, որ իրենց երկրի ռազմավարական դաշնակիցը կարող է թքած ունենալ իր դաշնակցի սոցիալական անվտանգության վրա, չվախենալ իր դաշնակցին փաստի առջեւ կանգնեցնելուց, իսկ սեփական չինովնիկներն էլ ծառայամտորեն համակերպվեն այդ ուժեղ դաշնակցի կամքին` սեփական ժողովրդի վրա իրենց անզորությունից առաջացած զայրույթը թափելով, այդ հասարակությանը դժվար է ակտիվացնել ու հանել բողոքի ակցիայի` այդ նույն ռազմավարական դաշնակցի` իր անվտանգությանն անմիջապես սպառնացող գործունեության դեմ բողոքելու:
Սա արդեն ողբերգություն է, քանի որ դարձել ենք մեզ կործանող երեւույթների նկատմամբ հանդուրժող, մեզ սպառնացող վտանգի նկատմամբ համակերպվող: Ու մեր երկրի ղեկավարները, քանի որ շատ էին ուզում պահպանել իրենց իշխանությունը եւ այդ իշխանությունը պահպանելու համար ոչ մի միջոցից չհրաժարվեցին ու հասան իրենց ուզածին, հիմա պետք է կրեն նաեւ այդ իշխանության «հարուցած» ծանր բեռը եւս: Իսկ առանց հասարակական բողոքի կամ աջակցության, առանց սեփական ժողովրդի դիմադրողականության այդ բեռը տանելն անհնար է:
Այդ դառը դասը պետք է ստիպի «էլիտարներին» արդեն սեփական նախաձեռնությամբ ակտիվացնել հասարակական հատվածը: Դրա համար հարկավոր է պարզապես թողնել, որ հասարակությունը բողոքի, այդ բողոքին ադեկվատ արագ որոշումներ կայացնել, մաքրել իրենց շարքերը, որպեսզի հասարկությունը վերագտնի հույսը եւ հավատա, որ իր պահանջը տեղ է հասնում: Հակառակ դեպքում` հասարակությունը չի վերագտնի իր դիմադրողականություն: Իսկ այդպիսի հասարակությունները, վաղ, թե ուշ, դատապարտված են կործանման:
Այդ դեպքում «էլիտարները» սեփական թերարժեքության բարդույթը հաղթահարելու եւ ինքնահաստատվելու տեղ էլ չեն ունենա: Այնպես որ` վիճակը նետված է…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ