կարևոր
229 դիտում, 7 րոպե առաջ - 2026-11-17 12:30
Աշխարհ

Պեսկովը հայտնել է՝ ինչ հարց կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

Պեսկովը հայտնել է՝ ինչ հարց կարող են քննարկել Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն իրականացնելու հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի առաջնորդը նոյեմբերի 18-19-ը կմասնակցի Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Հինգշաբթի օրը նախատեսվում է Պուտինի, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Պեսկովը նաև նշել է, որ Պուտինի և Թրամփի երկկողմ հանդիպման հստակ ժամը դեռևս որոշված չէ, և քննարկվում են դրա անցկացման մի քանի ձևաչափեր։

«Անշուշտ, չի կարելի բացառել, որ Թրամփի հետ շփումների ընթացքում այս հարցը նույնպես կքննարկվի»,- «Վեստի» լրատվականին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփի հետ շփումների ընթացքում կարող է քննարկվել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն իրականացնելու հարցը։

Կոնստանտինովկան գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հյուսիսում՝ Դոնեցկից 55 կմ հեռավորության վրա։ Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը քաղաքն ուներ շուրջ 80 հազար բնակիչ և հանդիսանում էր երկաթուղային տարանցիկ հանգույց։ Այնտեղ գործում էին մի շարք մետալուրգիական, քիմիական և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։

Հուլիսի 3-ին ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակն ամբողջությամբ ազատագրել է քաղաքը։ Քաղաքի գրավումը, ըստ ռուսական կողմի, ուղիղ ճանապարհ է բացում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ընթացքում Պուտինն առաջարկել է Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալյոշկիի փորձի օրինակով։ Նա նշել է, որ Ռուսաստանը վերահսկում է Կոնստանտինովկան և պատրաստ է ապահովել նման առաքելության անվտանգությունը։