կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 13:38
Առանց Կատեգորիա

Մի քանի տեղ աշխատեք` բարձր գնով գազ գնելու հնարավորություն ունենալու համար

Մի քանի տեղ աշխատեք` բարձր գնով գազ գնելու հնարավորություն ունենալու համար

Գազի գնի եւ հնարավոր այլ թանկացումների վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:

 

- Պարո'ն Բադեյան, գազի թանկացումը, որն անդրադառնալու է նաեւ այլ ոլորտների վրա, հնարավո՞ր է սոցիալական բունտի հանգեցնի:

- Չէ, հնարավոր չէ, որ սոցիալական բունտ լինի, որովհետեւ բունտով գազի գինը չի իջնի, դա լուծում չէ: Բունտ արին պրծան, հետո էդ բունտը ի՞նչ է տալու, գազի գինն իջնելո՞ւ է դրանից:

 

- Մարդիկ ի՞նչ անեն, չեն կարողանում ապրել, միայն աշխատավարձով չեն կարողանում իրենց, ընտանիքի անգամ տարրական հոգսերը հոգալ:

-Ընդամենը պետք ա ավելի լավ աշխատել, ավելի շատ աշխատել: Խոսքը վերաբերում է ե'ւ կառավարությանը, ե'ւ յուրաքանչյուր մարդու: Մարդ պետք է ավելի շատ աշխատի, որ ավելի շատ վաստակի, որ հնարավորություն ունենա բարձր գներով գազ գնել: Կամ պետք է հրաժարվի գազից:

 

- Պարո'ն Բադեյան, աշխատանք չկա, ինչի պատճառով էլ մարդիկ արտագաղթում են:

- Բնավ համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետեւ ընդամենը պետք է հեռուստացույց միացնել եւ նայել, թե աշխատատեղի որքան հայտարարություն կա: Խնդիրն ուրիշ հարթությունում է, խնդիրն աշխատավարձերի ցածրության մեջ է, եւ որպեսզի աշխատավարձը բարձ լինի, պետք է արդյունք ստեղծես ավելի շատ, որ կարողանաս շատ աշխատավարձ ստանաս: Այլ եղանակ գիտե՞ք:

 

- Այսինքն` աշխատատեղ կա, բայց ցածր վարձատրությամբ:

- Աշխատավարձը ցածր է, որովհետեւ արտադրողականությունն է ցածր, որովհետեւ արտադրությունը լավ չի կազմակերպված, եւ երկրորդ` մարդիկ մղված չեն ավելի շատ աշխատելու:

 

- Ծո՞ւյլ են:

- Այդ գործոնն էլ կա, անկասկած: Ծուլության գործոնը կա: Կա նաեւ գիտելիքների պակասի գործոնը: Սրանք, իհարկե, սուբյեկտիվ գործոններ են, իսկ օբյեկտիվ գործոնները մեր շուկայի փոքրությունն է:

 

- Հիմա, երբ պարզ է, որ գազի գինը բարձրանալու է, որպես լուծում առաջարկում եք մի քանի տե՞ղ աշխատել, եւ պնդում եք, որ ՀՀ-ում աշխատատեղե՞ր կան:

- Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում, ձրի՞ տանք գազը: Ես ասում եմ, որ Հայաստանում աշխատատեղ կա: Կարելի է անգամ մի տեղ աշխատել, բարձր արտադրողականությամբ եւ ստանալ բարձր աշխատավարձ:

 

- Լավ, եթե այստեղ` մեր երկրում, աշխատատեղեր կան, եւ, փաստորեն, Դուք էլ թանկացումների ֆոնին ապրելու լուծումն եք առաջարկում, գիտե՞ք` մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում:

- Արտագաղթի պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, պատճառն ավելի խորքային է: Տնտեսական պատճառը թեեւ կա, բայց այն որոշիչը չէ արտագաղթի մեծացման համար, սոցիալականն է: Հիմնական գործոնն, իմ կարծիքով, հոգեբանականն է, որ միշտ մեզանում եղել է` հարեւանի հարսը սիրուն է, դրսում ամեն ինչ լավ է: Լավ դատելու համար, պետք է համեմատեք այդ մարդկանց տնտեսական վիճակը գնալուց առաջ եւ գնալուց հետո: Գնացեք, տեսեք լավ է, թե` ոչ, գնալուց հետո շատ ավելի վատ վիճակում են: Համաձայն են շատ ավելի վատ վիճակում աչքից հեռու լինեն, քան թե այստեղ` հարեւանի կողքին: Սա սոցիալական ստատուսի անկման քողարկումն է, այստեղ է պետք խնդիրը որոնել, ոչ թե գնացին այնտեղ` սկսեցին միլիոններ աշխատել, շատ ավելի վատանում է իրենց վիճակը, երբ որ գնում են:

 

- Այսինքն` խնդիրը ցանկության մեջ է, մեծ ցանկության դեպքում կարելի է այստեղ մի քանի տեղ աշխատել եւ լավ ապրել:

- Այո, իհարկե: Իսկ ամենահեշտ ձեւը բազմոցին պառկելն ու ասել է` եկեք ինձ պահեք, ոչ ոք ձեզ չի պահի:

 

- Մեր ժողովրդի քանի՞ տոկոսն է բազմոցին պառկող:

-Ցավոք սրտի, շատերը: Մեծ մասը չի, բայց այդպիսի շատ մեծ հատված կա:

 

-Լավ, իսկ թոշակառունե՞րն ինչպես ապրեն:

-Իմ ծնողներն էլ են թոշակառու:

 

-Ձեր ծնողները դժվար թե խնդիր ունենան, որովհետեւ Դուք նրանց ապահովում եք:

-Այո, այսինքն` հույսը` զավակներն են, դա մեր ավանդույթի մեջ է ու նորմալ է: Մեր ավանդույթն այնպիսին է, որ զավակը պահում է ծնողին:

 

- Իսկ եթե զավակները Ձեզ նման ապահովված չեն, երեւի հանգում ենք նորից նրան, որ պետք է մի քանի տեղ աշխատի, շատ աշխատի ու թոշակառու ծնողներին էլ կարողանա պահել:

- Այո, բա լավ ապրելու ուրիշ ձեւ չկա: Լավ ապրելու միակ ձեւը շատ աշխատելն է, ուրիշ ձեւ գոյություն չունի, ոչ ոք պարտավոր չէ ձեզ պահել, ոչ ոք էլ չի պահում: Դու պետք է աշխատես եւ ապրես, դասագրքային ճշմարտություն է:

 

-Կոնկրետ օրինակով խոսենք: Փաստորեն, հավաքարարն էլ մի քանի տեղ պետք է աշխատի, մի քանի փողոց ավել ավլի:

-Հավաքարարը ցածր որակավորում պահանջող մասնագիտություն է, բնականաբար, նա չի կարող բարձր վարձատրվել: Սովետական միությունից ի վեր, հավաքարարը մի քանի տեղ էր աշխատում, ուրիշ ձեւ չկա: Աշխատավարձը տրվում է արդյունքից, աշխատավարձը օդից չի լինում, ոչ էլ կառավարության որոշումով է, ձեւավորվում է արդյունքից: Եթե ցածր է ՀՆԱ-ն, այնքանով ցածր է աշխատավարձը: Աշխատել, աշխատել եւ աշխատել, ձեւ չկա:

 

 - Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում, որ հայ տղամարդը, ընտանիքի հայրը, տեսնելով, որ իր երեխան կարիքի մեջ է, եւ իմանալով, որ աշխատատեղ կա, չի գնում աշխատելու:

- Դուք, իհարկե, շատ ճիշտ պատկերացում ունեք, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը, բայց ցավոք սրտի, դա այդպես չէ, հավատացեք, որ աշխատատեղեր շատ կան, եւ կան շատ տղամարդիկ, որ պառկում են բազմոցին, կնոջն են ասում` բեր, ինձ պահի: Սրա մեջ պետք է արմատը տեսնենք:

 

- Այսինքն` խնդիրը արժեքային համակարգի մե՞ջ է:

- Իհարկե, ես ասում եմ, որ հոգեբանական ոլորտում է խնդիրը, այդ մթնոլորտը պետք է վերացնենք: Շատ տղամարդիկ կան, որ պառկում են բազմոցին, ասում են` բերեք, ինձ պահեք: Իսկ չաշխատողներն ամենաշատը նպաստ ստացողների մեջ են, ում որ նստացրել են նպաստի ասեղի վրա, սովորեցին լոբուն ու ձեթին, որ իրենց նվեր էին տալիս, կոտրվեցին հոգեբանորեն եւ էլ չեն ուզում աշխատել, այ սա մենք պետք է փոխենք: Հիմա էլ գնում են, արտագաղթում են, որ այնտեղ իրենց պահեն:

 

- Պարո'ն Բադեյան, եթե ամփոփելու լինենք մեր զրույցը, հայ ժողովուրդը ծո՞ւյլ է:

- Չէ, բայց հայ ժողովուրդն ունենում է իրեն ակտիվ եւ պասիվ դրսեւորելու ժամանակաշրջաններ, ինչպես ցանկացած ժողովուրդ: Այս պահին ես գիտեմ շատ ավելի աշխատասեր ժողովուրդներ` կորեացիները, չինացիները, ճապոնացիները: Դրանում պետք չէ մեղադրել ժողովրդին, մեղավորը ձեւավորված մթնոլորտն է: Մենք մի հասակարգից մեկ այլ հասարակարգի շատ դանդաղ ենք փոխվում, մենք անընդհատ պահանջատեր ենք, եւ այդ պահանջը միշտ մղված է ինչ-որ հորողբոր, օրինակ` պետությանը, արտասահմանցիներին, հարուստներին: Լավ ապրելու միակ ձեւը շատ աշխատելն է: Իսկ դա յոթանասուն տարի մենք չեն հասկացել, մեզ թվացել է` մեկը մեզ պետք է պահի, պետությունը պապա է, մեր երկիրը պապա չի, ամեն մեկը մեկ պապա պետք է ունենա:

 

Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ