|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է: Պետություն, որտեղ լեգիտիմ պետական եւ հասարակական ոչ մի մարմին չկա։ Լեգիտիմության երաշխավորը պետության դեպքում օրենքն է, քաղաքացու դեպքում՝ արժանապատվությունը։
Հայտնի է, որ մեր երկրում օրենքները չեն գործում։ Այսինքն, եթե նույնիսկ կան, զուտ կամայական են։ Կամայական կիրառելի օրենքը քաոսի ոլորտից է։ Այսինքն` դրանք աշխուժացնում են քաոսը, այն դարձնում շարժունակ։ Երբ օրենքները դադարում են գործել պետության մեջ, որի վրա ոչ մի թշնամի չի հարձակվել, այսինքն, որտեղ ռազմական եւ արտակարգ դրություն չկա, պետությունն իր կենսունակությունը պահպանում է զուտ քաղաքացու արժանապատվության հաշվին։ Այսինքն` արժանապատվությունը պետության իմունիտետն է, օրենքը՝ պետության առողջությունը։ Հիմա Հայաստանն առողջություն չունի, համարենք, որ գրիպ է։ Բայց երբ դիմադրողականություն էլ չունի, այդ գրիպը հավասարարժեք է քաղցկեղին, շաքարային դիաբետին, ՄԻԱՎ-ին եւ այլն։ Քանի դեռ արժանապատվությունը կա, պետությունն իրեն շատ կարճ ժամանակով կարող է անօրենություններ թույլ տալ։ Հենց վերացվում է արժանապատվությունը, պետության բիոլոգիական մահը զուտ ժամանակի խնդիր է։ Իմ համոզմամբ` Հայաստանը բիոլոգիական մահվան ճանապարհին է, այսինքն` կլինիկապես մեռած պետություն է։
Ի՞նչ եղավ քաղաքացու արժանապատվության հետ։ Սա հասկանալու համար, պետք է պարզել, թե 22 տարվա ընթացքում ի՞նչ արեցին քաղաքացու հետ։ Ցանկացած իշխանություն՝ ՀՀՇ-ական, արհեստավարժների, «ժողովրդի կուսակցության», ՀՀԿ-ական, այս պետության մեջ տեսել է միայն իրեն։ Իսկ երբ իշխանությունը միայն իրեն է տեսնում, բնականաբար, ինքը ամեն ինչ անում է, որ այդ տեսադաշտում ավելորդ օբյեկտներ, ինչպիսին, ասենք, ժողովուրդն է, արդյունաբերությունն է, դիվանագիտությունն է, չլինի։ 22 տարի իշխանությունը Հայաստանում չի տեսել Հայաստանի քաղաքացուն։ Ռուսներին տեսել է` դատելով «Գույք պարտքի դիմաց» պայմանագրից, թուրքերին տեսել է` դատելով հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովից, Եվրոպային տեսել է` դատելով Եվրադատարանի վճիռներով մեր բյուջեն դատարկելու որոշումներից, որոնցից ոչ մեկը Հայաստանը չի վիճարկել։ Ժողովուրդը տարբեր խնդիրներով գնացել է իշխանության դուռը եւ միշտ արհամարհվել, 5 տարին մեկ իշխանությունն ինքն է եկել ժողովրդի դուռը` ընտրակաշառք առաջարկելու։ Սակայն այստեղ կանգ առնենք։ Քանզի ընտրակաշառքը հենց ժողովրդի ոչ լեգիտիմության կարեւոր մեխն է։ Այսինքն` ժողովուրդը, որը ընտրակաշառքով է քվեարկում, արդեն լեգիտիմ չէ։
Բայց ինչո՞ւ նա սկսեց ընտրակաշառք վերցնել։ Որովհետեւ հասկացավ, որ ինքն այլեւս հաշիվ չէ։ Իր քվեն հաշիվ չէ։ Ամեն ինչ սկսվեց 1995-ի հուլիսի 5-ի Սահմանադրության հանրաքվեից։ Ու ինքը փոխանակ վիճարկելու իր չտված քվեով ձեւավորված Սահմանադրությունը, հետեւողականորեն ընտրությունից ընտրություն սկսեց ընտրակաշառք վերցնել։ Այսինքն` ինքն իր դիմադրողականությունն սկսեց կրծել որպես անհրաժեշտ կեր։ Այսօր հայաստանցին այլեւս պատրաստ չէ քվեարկությամբ իշխանություն ձեւավորել։ Հիմա նրան կարելի է նույնիսկ քնից հանել, ընտրակաշառք առաջարկել, ուղարկել ընտրատեղամաս ու գնալ հանգիստ քնել։ Հայաստանցին չի ասի՝ եղբայր, էս ի՞նչ ես անում։ Ինքը լեգիտիմ չէ, այսինքն` ինքն արդեն պետության մասնակցության մեջ իր քաղաքացիական գործառույթները չգիտի։ Այսինքն` ոչ թե ի սկզբանե չգիտեր, այլ այլեւս չգիտի։ Լեգիտիմությունը չիմացությունը չէ, այլ իմացության դեմ դուռը շրխկացնելը։ Քաղաքացին գիտի,- հենց սա է սարսափելի,- որ օրենքի բացակայությամբ քվեն զրո է։ Ինքը գիտի, որ այդ քվեն չի կարող իմաստավորել սեփական «պտիչկայով»։ Բայց գնում ու քվեարկում է։ Ու դա, բնականաբար, անում է` ՀՀ քաղաքացիության անձնագիրը հանձնաժողովի անդամին մեկնելով։ Որովհետեւ էդ անձնագիրը իր հանդեպ իշխանության պարտավորությունների երաշխիքն է։ Եվ քաղաքացու լեգիտիմության գլխավոր փաստաթղթային զենքը։ Այսօր այդ զենքով քաղաքացին միայն արտագաղթում է` լեգիտիմության դագաղին խփելով վճռական միակ մեխը։
Սեյրան Հանոյան