Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գազի թանկացումն, իհարկե, սոցիալական ընդվզման չի հանգեցնի մի քանի պատճառով: Նախ` Հայաստանում արհմիություններ չկան, որոնք կարող են երկիրը ոտքի հանել տնտեսական կամ սոցիալական պահանջներով: Երկրորդ` Հայաստանը բաց երակ է: Մարդիկ այս կամ այն կերպ հույս ունեն, որ տրանֆերտներով կփոխհատուցեն:
Հայը մեղադրանքներ շռայլող չի: Ինքը ելքեր գտնող է: Ընդ որում` ելքեր ե'ւ ուղղակի, ե'ւ անուղղակի իմաստով՝ կա'մ վճարելու ձեւը գտնում է, կա'մ թողնում, գնում է երկրից: Բարեբախտաբար, սահմանները փակ չեն: Հայի համար փակուղիներ չկան: Հանցագործներ կան, կաշառակերներ կան, արնախումներ կան, հհկականներ կան, բայց փակուղիներ չկան: Երբ հային ասում ես՝ մթնոլորտը գաղջ է, դա նրա համար զուտ տերմինաբանություն է: Կարող է նաեւ ծիծաղել` համաձայնելով: Իսկ իրիկունը, չդիմանալով կնոջ փնփնթոցներին կամ երեխայի սոված աչքերին, ինքնասպանություն գործել: Հայ մարդն իրենից չի տարանջատել իշխանության ներկայացուցիչ լինելու մարմաջը: Ինքը ուզում է լավ ապրել ու գիտի, թե ով է լավ ապրում: Ով որ իշխանության մեջ է: Երբ նրան 5 հազար դրամ են առաջարկում, ինքն իրեն զգում է 5 հազար դրամանոց իշխանության ներկայացուցիչ: Երբ նրան մարզպետը ժպտում է, ինքն իրեն զգում է իր փոխադարձ ժպիտի իշխանության ներկայացուցիչ: Ինչո՞ւ է իշխանությունը հաճախ վազում ընչաքաղցի մոտ: Որովհետեւ ինքը գիտի, որ ընչաքաղցի վերջին ապաստանը իր բարոյական ներկայությունն է նրա կողքին:
Հայաստանում միայն քաղաքականապես կողմնորոշվածները գիտեն, թե որտեղ փնտրեն շան գլուխը: Բոլոր ընտրություններին պաշտոնապես 50 տոկոսը չի մասնակցում: Եթե չբացառենք, որ 20 տոկոսն էլ իշխանությունն է լցոնում կամ պարզապես նկարում, նշանակում է` երկրում քաղաքականապես կողմնորոշված է մոտ 30 տոկոսը: Այս 30 տոկոսից 15-20 տոկոսը ՀՀԿ-ականներն են կամ նրանց մերձ մարդիկ, այսինքն` նրանք, ովքեր ընտանիքում կամ գերդաստանում մեկ ՀՀԿ-ական ունեն: Հետեւաբար` սոցիալական ընդվզման համար մնաց 10 տոկոս: Նկատենք, որ այդ 10 տոկոսի գոնե կեսը Երեւանից դուրս է ապրում: Մյուս կեսը քաղաքականապես կողմնորոշված է, բայց հավես չունի փողոց դուրս գալու, հոգնել է կամ գիտի, որ ինքը գազի թանկացման տակից դուրս եկող է: Հետեւաբար, սոցիալական ընդվզումն անհնար է:
Իշխանությունը հաշվել է հայաստանցիների ատամները: Ընդ որում` հաշվել է ցանկացած իրավիճակում: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման մատաղի կադրերը հենց դրա մասին են վկայում: Կառավարության վերջին նիստի գազի գնի բարձրացումը 30 տոկոսով սուբսիդավորելու մասին որոշումը այլ բանի մասին չեն: Հայաստանցին փողոց դուրս գալու համար «բռնվելու» տեղ չունի: Քաղաքական կուսակցությունները դա չեն կարող անել, որովհետեւ նախ երբեք չեն կարողացել ժողովուրդ առաջնորդել, երկրորդ` գրեթե բոլորը բացառապես ռուսական կողմնորոշման են, երրորդ` իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչպես չքաղաքականացնեն ակնհայտ քաղաքական այս փաստը: Քաղաքացիական շարժումները «մենթալիտետորեն» (ինչպես ժամանակին արտահայտվել էր մեր տնտեսական «իմաստուններից» մեկը) ի վիճակի չեն ամբողջ ժողովրդին առաջնորդելու, որովհետեւ ակամայից կմտնեն քաղաքականության բաղերը: Ո՞վ մնաց: Մնաց հայ մարդը, որն իր ոտքով կգնա կառավարության կամ Բաղրամյան-26-ի դուռը: Իսկ հայ մարդը,- վերեւում արդեն նշեցինք,- իր ոտքով գնացող չէ: Չմոռանանք, որ նրա ատամները հաշված են:
Սեյրան Հանոյան