Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Գազի՝ 30 տոկոսով թանկացման մասին լուրի արտահոսքով ռուսական կողմը նպատակ ունի շոշափել հայ հանրության տրամադրություններն ու հայկական կողմի բանակցությունների տակտիկան՝ բարձրացնելու կամ չբարձրացնելու դեպքում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Նրա դիտարկմամբ՝ սա առևտրային բանակցություններում կիրառվող գործիքներ են, որոնց ի պատասխան` հայկական կողմը «լուռումունջ նստած է», քանի որ չունի էներգետիկ քաղաքականություն և կոմպետենտ թիմ: Տնտեսագետը կանխատեսում է՝ հետևանքն այն կլինի, որ տարեվերջին հապշտապ կկնքվի մի պայմանագիր, ինչ արվեց անցյալ տարվա դեկտեմբերին:
Տնտեսագետը նշում է, որ 30 տոկոսով թանկացման մասին արտահոսքը պատահական չէր նաև այն առումով, որ ռուսական կողմը ոչ միայն Հայաստանի համար է նախատեսում բարձրացնել գազի գինը, այլև մյուս գործընկերների հետ է բանակցում այս ուղղությամբ: «Բելառուսի դեպքում ևս զգալի տեղաշարժեր կան, և բելառուսական կողմը, կարծես, չի կարողանա պահել իր 125 դոլար՝ 1000 խմ հաշվով սակագինը, քանի որ մերժել է ռուսական կողմի՝ իր տարածքում ռազմաբազա ստեղծելու ծրագիրը»,- ասաց նա:
Հայաստանում, ըստ նախկինում հաստատված տեղեկատվության, ձևավորվել էր խումբ, որը պետք է բանակցեր ՌԴ-ի հետ՝ գազի երկարաժամկետ գին սահմանելու մասին: Սուրեն Պարսյանի համար հստակ է, որ որևիցե նախնական պայմանավորվածություն, ձեռքբերում չունենք. «Հայկական և ռուսական կողմերը չեն խոսում արդյունքների մասին, այլ տարբեր աղբյուրներից տեղի են ունենում տեղեկատվության արտահոսքեր՝ ըստ էության նպատակ ունենալով ճշտել ազգաբնակչության հնարավոր արձագանքները, տեսակետները»:
Անդրադառնալով 2019 թ. հունվարի 1-ից սահմանի վրա 15 դոլարով գազի գնի բարձրացմանը` տնտեսագետն ընդգծեց, որ այդ բարձրացումը որևիցե ձևով չանդրադարձավ գազի սակագնի վրա, բայց նաև տեղի չունեցավ «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների կամ աշխատողների թվի կրճատման հաշվին:
««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի կրճատել իր աշխատողների թվաքանակը և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չունի խնայողություններ: Ավելին` վերջին 3-4 տարիներին ինքն անընդհատ վնաս է կուտակել և չունի շահույթ»,- արձանագրեց տնտեսագետը:
Սուրեն Պարսյանի համոզմամբ` այս տարվա ընթացքում 15 դոլարի բարձրացումը ուղղակի ձևավորվել է որպես պարտք այդ ընկերության համար, և տարվա վերջին այդ պարտքը կկազմի 30 միլիոն դոլար, այսինքն` «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարտքը 30 միլիոնով կավելանա, ինչը լուրջ մտահոգություն է մեր գազամատակարարման համակարգի համար:
««Գազպրոմ Արմենիա»-ն բակի կրպակ չէ, որի սնանկացումը որևիցե ազդեցություն չունենա տնտեսության վրա, սա լուրջ ռազմավարական, բնական մոնոպոլիա է ու պետք է գործի առողջ, արդյունավետ, և հետագայում մենք պետք է գտնենք լուծումներ: Այսինքն` ուղղակի և անուղղակի եղանակով այդ գումարը վճարելու է հայ սպառողը, դա տեղի կունենա սուբսիդավորման միջոցով, գազի սակագնի բարձրացման միջոցով և այլն: Նաև կանխատեսելի է, որ եթե այս տարվա ընթացքում բարձրանա գազի սակագինը ևս որոշակի տոկոսով, ապա նոր հաշվարկների ժամանակ միանշանակ հաշվի է առնվելու նաև այս տարվա հունվարի 1-ի բարձրացումը. սա, անշուշտ, չի կարող անտեսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում, քանի որ նրա համար սա պարտք է: Այսինքն` 15 դոլարը և հետագա հնարավոր բարձրացումը ևս անմիջականորեն կդրվեն գազի սակագնի վրա, և հայ սպառողը կվճարի ոչ միայն այդ պարտքը, այլև դրա տույժերը»,-մտահոգություն հայտնեց Սուրեն Պարսյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.