Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած` քվեարկության նախնական արդյունքների` Երևանի ավագանիում մանդատ ստանալու իրավունք է նվաճել ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժերից 3-ը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը: Պաշտոնական տվյալներով` ՀՀԿ-ն ստացել է ընտրողների 55.9 տոկոսի քվեն:
Ընտրություններն անցան ճիշտ նույն սցենարով, վերարտադրման համար կիրառված նույն տեխնոլոգիաներով, ինչ նախորդ պառլամենտական և նախագահական ընտրություններինը, հետևաբար և պետք է արձանագրվեին այն արդյունքները, որոնք պլանավորել էր ստանալ իրավիճակն ամբողջությամբ վերահսկող իշխանությունը: Վերջինիս, քվեարկության նման պատկեր ներկայացնելով, հաջողվեց լուծել երեք խնդիր: Առաջին` բացարձակ մեծամասնություն կազմել ավագանիում, ինչը հնարավորություն կտա ոչ միայն միայնակ քաղաքապետ նշանակել, այլ բացառապես կուսակցական հայեցողությամբ ձևավորել կառավարությունը: Եթե անգամ ՀՀԿ-ն կամ, ավելի ճիշտ, նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրի գործադիր իշխանությունը ձևավորել կոալիցիոն սկզբունքով, ավագանու ընտրությունների նման արդյունքը թույլ է տալու հանդես գալ միանշանակ խաղի կանոններ թելադրողի դիրքրերից: Այսպիսի արդյունքով Սերժ Սարգսյանն սեփական դիրքերն ամրապնդեց:
Երկրորդ` ոչ իշխանական բևեռից ավագանի անցնելու իրավունքը տրվեց այն երկու ուժերին, որոնց մոտ ամենաքիչն է հնարավոր կամ իրատեսական հետընտրական դաշինքի ձևավորումը: Իհարկե, ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն կազմելու պարագայում, զուտ իրավիճակ փոխելու պոտենցիալի առումով, նման դաշինքը ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող, սակայն ի զորու կլիներ արդյունավետ վերահսկողություն իրականացնել գոնե մայրաքաղաքային բյուջեի ձևավորման, ծախսերի և ծրագրերի կատարման նկատմամբ: Իրականում ընդդիմադիր միասնական բևեռի ձևավորումը նախընտրական շրջանում տապալվեց հենց այս երկու ուժերի դիրքային պայքարի ու չափազանցված ամբիցիաների բախման հետևանքով: Անգամ ընտրություններից հետո նրանք շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին: Դավանելով բացարձակապես տարբեր արժեքներ` նրանք այս ներքին հակասությունները տանելու են ավագանի, ինչը թուլացնելու է նրանց վերահսկողական գործառույթը:
Երրորդ` ՀՀԿ-ին անհրաժեշտ էր քվեարկության հենց այսպիսի պատկեր ստանալ` սրբագրելու նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքները Երևանում: ՀՀԿ-ին անհրաժեշտ էր ապացուցել, որ Երևանն «իրեն է պատկանում» նույնչափ, որչափ նախագահական ընտրություններից առաջ, և որ ամբողջապես տիրապետում է իրավիճակին: Սրա հոգեբանական ենթաշերտն այն է, որ Սերժ Սարգսյանը փորձեց ապացուցել, թե իր իշխանությունը գործնականում խոցելի տեղ չունի, իսկ նման տեղերի փնտրտուքը պարապ վախտի զբաղմունք է:
Թերևս իշխանության գերկենտրոնացման այս միտումների մասին է վկայում նաև այն փաստը, որ ՕԵԿ-ը` ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը, ավագանի չանցավ, այսինքն` այս անգամ ՀՀԿ-ն սեփական արբանյակ կուսակցությանն իր ետևից քարշ չտվեց: Արդյունքում` նա հնարավորություն տվեց, որպեսզի ՕԵԿ-ը բացահայտի իր մարդկային ռեսուրսների սնանկությունը: 15600-ից ավելի մարդ է, ըստ ԿԸՀ-ի ձայն տվել այս լուսանցքային ուժին, և դա բացառապես նրա առաջին համարի` Արմեն Երիցյանի և նրա ղեկավարած նախարարության վարչական լծակների շահագործման «շնորքն» էր: Սակայն էականն այս իրավիճակում այն է, որ, ՕԵԿ-ի ձեռքը բաց թողնելով, Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ հասկացնում է, որ այլևս, գոնե տևական հեռանկարի կտրվածքով, ՕԵԿ-ի կարիքը չունի: Դա պայմանավորված է, թերևս, այն իրողության գիտկացությամբ, որ 2018թ. նախագահական ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ը կարող է ինքնուրույն խաղ սկսել, այսինքն` կորցնել վստահությունը, որովհետև այն ժամանակ կուսակցությունը գործ է ունենալու ոչ թե Սերժ Սարգսյանի հետ, որին հավատարմության երդում էր տվել, այլ նրա «ժառանգորդի»: Սա իրականում ավագ գործընկերոջ կողմից գոտկատեղից ներքև հարված էր ՕԵԿ-ին և դժվար է ասել` ինչպես է վերջինս կարողանալու դուրս գալ նոկդաունից:
Բոլոր դեպքերում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը փաստի առաջ է կանգնեցնում անխտիր բոլոր այլընտրանքային ուժերին: Առաջիկայում քաղաքական լուրջ իրադարձություններ չկան, և դժվար է ասել` որն է լինելու այս ուժերի մոտիվացման հիմնական կռվանը: Սակայն կա առնվազն երեք հարցադրում, որոնք, պայմանավորված այս ընտրությունների արդյունքներով, պետք է լուրջ քննարկման ու վերանայումների տեղիք տան:
1. Ինչո՞ւ հնարավոր չի դառնում արդյունավետ պայքարը իշխանության կողմից վարչական լծակների անսահմանորեն շահագործման դեմ: Որքան այս ուժերը շատ են խոսում ընտրությունների ընթացքը վերահսկելու ունեցած ռեսուրսների, դրանց բավարար լինելու մասին, այնքան ընտրազեղծարարության տեխնոլոգիաները կատարելագործվում են ու դառնում անվերահսկելի:
2. Ինչպե՞ս հաղթահարել ընդդիմադիր կամ, այսպես կոչված, ոչ իշխանական դաշտում անընդատ խորացող ու նորանոր դրսևորումներ ստացող անհանդուրժողականության և անվստահության մթնոլորտը: Եվ ընդհանրապես` շեշտը պետք է դնել միասնականությա՞ն, թե՞? հատվածականության վրա: Ի վերջո, ակնհայտ է, որ ՀՀԿ-ին նման արդյունքներ բերող հիմնական պատճառներից մեկը հենց ընդդիմության ներքին «գզվռտոցներն» էին, որոնք չէին կարող չազդել ընտրողների տրամադրվածության վրա: Իրականում տեղի ունեցավ ընդիմադիր ընտրազանգվածի ձայների փոշիացում:
3. Այս ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը կատարելագործում է մի բոլորովին նոր, մանիպուլյացիոն տեխնոլոգիա` հիմքեր ստեղծել նաև ընդդիմադիր ուժերին մեղադրելու ընտրակեղծարարության մեջ: Նման արշավ իրականացվեցին թե' ԲՀԿ-ի, թե' ՀԱԿ-ի և թե' «Բարև Երևանի» դեմ: Եթե ընտրակաշառքների բաժանման, ընտրողների հավաքագրումների ու ընտրատեղամասերում տեղական հեղինակությունների կուտակումների ներազդեցության ճակատներում կարելի էր ԲՀԿ-ի դեմ ուղղված տեղեկատվական արշավի տակ հիմքեր տեսնել, ապա նմանատիպ որևէ լծակի չտիրապետող մյուս ուժերի պարագայում նման մեղադրանքները ակնհայտ պրովոկացիոն բնույթ ունեին: Նման արշավի ողջ իմաստը, ընտրակեղծարարության մեջ մյուս մասնակից ուժերի պատասխանատվությունը մեծացնելով, ՀՀԿ-ի և իշխանության պատասխանատվությունը նվազեցնելն է: Սրանով ՀՀԿ-ն պատասխանում է իր կողմից պետական լծակները կուսակցության վերատադրությանը ծառայեցնելու մասին մեղադրանքներին: Եթե թույլ տրվի, որ իշխանությունը շարունակի այս միտումները, վաղը կարող է հայտնվենք մի իրականությունում, երբ պարզվի, որ այս երկրում ընտրախատումներ են կատարում բոլորը, բացի... ՀՀԿ-ից ու իշխանությունից:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ