կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-03 21:52
Քաղաքական

Ազատ քաղաքացին կարող է երկրում բան փոխել

Ազատ քաղաքացին կարող է երկրում բան փոխել

ՀՅԴ-ն այդքան առաջարկեց գործող իշխանություններին` բանավիճել, ներկայացնել փաստարկները, հիմնավորումները քաղաքի կառավարման, քաղաքական հարցերի վերաբերյալ, բայց չեկան:

 

Որովհետեւ այդ ժամանակ կերեւա, թե ով ինչ արժեքային համակարգ, ինչ մտածողություն ունի, ինչպես է տիրապետում իրավիճակին, ով ինչ մարդկային որակներ ունի, այսօր, նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Այդ հանգամանքը ԳՄ փոխներկայացուցիչը բացատրեց նրանով, որ իշխանությունների նպատակը մրցակցությունը չէ, այլ ամբողջ իշխանույունն իրենց ձեռքում պահելն է:

 

«Հենց այդ պատճառով երեւանցիներս պետք է Երեւանում ՀՀԿ-ին զրկենք իշխանությունից: Սա առաջին հերթին իրենց համար լավ կլինի: Այլապես լկտիանում են, լճանում են, կարծում են, թե իրենց դեմ խաղ չկա. խաղ կա»,- ասաց Աղվան Վարդանյանը ու հավելեց, որ ՀՅԴ թիմը հպարտորեն մտել է այս ընտրապայքարի մեջ, հպարտորեն կանգնած է իրենց ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի կողքին:

 

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը շեշտեց, որ մրցակցությունը առաջընթացի միակ ձեւն է, իսկ միակուսակցական համակարգը լճացման է տանում: Նա նշեց նաեւ, որ Երեւանը Հայաստանի սիրտն է` կենտրոնը, ու Երեւանից պետք է սկսվեն մեր երկրի փոփոխությունները:

 

«Անազատ մարդը, վախեցած մարդը նույնիսկ իր ընտանիքին պետք չէ` նույնիսկ այնտեղ է իրեն վատ զգում: Անազատ մարդը չի կարող ծառայել իր հարեւանին, իր բարեկամին, իր ընտանիքին, իր քաղաքին, իր երկրին: Մենք պարտավոր ենք ազատ քաղաքացիներ լինել ու մեր երկրում բան փոխել: Մենք թիմ ենք, մենք Դաշնակցություն ենք, մեր բարձրագույն նպատակը Հայաստանն է, մեր բարձրագույն նպատակը հայ մարդն է` ազատ, բարեկեցիկ կյանքով ապրող, արժանապատիվ մարդը»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Նա իր խոսքը եզրափակեց` շեշտելով, որ այսօր կամ վաղը Հայաստանը լինելու է լուրջ, ուժեղ, բարեկեցիկ, հպարտ երկիր, եւ մեր քաղաքացիներն այստեղ են տեսնելու իրենց ու իրենց զավակների ապագան:

 

«Անենք առաջին քայլը: Ես երաշխավորում եմ` Այս ընտրություններն էլ կանցնեն, բայց ՀՅԴ-ն մնալու է այս սկզբունքային դիրքերի վրա: Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ փոփոխություն լինի այս երկրում: Սա մեր տեսակի, մեր մտածողության խնդիրն է»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը: