կարևոր
559 դիտում, 57 րոպե առաջ - 2026-07-18 10:27
Հասարակություն

Արցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն․«Ժողովուրդ»

Արցախի նախագահի և ԱԺ նախագահի ընտրությունների վերաբերյալ քննարկումներ կլինեն․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

«Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

«Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։

«Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։

Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։