|
Փոխարժեքներ
17 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ազատություն»-ը գրում է.
«Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար։
Դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։
Ով է հանքի նոր սեփականատերը
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի փաստաթղթերից պարզ է դառնում, որ Թեղուտի հանքավայրը շահագործող «Կուպրար ՌԱ»-ի նոր բաժնետերը «Դայնեմիք ֆրոնտիեր հոլդինգս» ընկերությունն է։ Այս ընկերությունը ՀՀ-ում գրանցված չէ, ըստ բաց աղբյուրների, այն հիմնադրվել է 2025-ի օգոստոսին Ամերիկյան Տեխաս նահանգում։
Տեխասի հարկային ռեգիստրից «Ազատության» ստացած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը ղեկավարում է Ֆլորիդայում գրանցված Կոնստանտին Սոկոլովը։
Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարությունը 52-ամյա ֆինանսիստ, ներդրող Կոնստանտին Սոկոլովին նշանակել է Սյունիքով անցնելիք ռազմավարական ճանապարհի զարգացման TRIPP+ հիմնադրամի ղեկավար։
«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները», - գրել էր հեղինակավոր The Guardian պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։
Սոկոլովը մինչ TRIPP-ում ներգրավումն արդեն հայտնի էր Հայաստանում՝ որպես հեռահաղորդակցության օպերատոր «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր․ 2024-ին նա ձեռք էր բերել ընկերության 20 տոկոսը։
Ապրիլին ՎՏԲ բանկի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինն ազդարարել էր՝ «ՎՏԲ-ն Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է»։
Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում պղնձի ու մոլիբդենի պաշարներով. գնահատված պաշարները հասնում են 450 մլն տոննա հանքաքարի։ Թեղուտում կա նաև լեռնահարստացման կոմբինատ, որ շահագործման հանձնվեց ավելի քան 10 տարի առաջ։ Հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին հայտնի դարձավ, որ «Վալլեքս գրուպ»-ը չի կարողանում մարել ՎՏԲ-ից վերցրած վարկային պարտավորությունները, ու 380 մլն դոլար պարտքի դիմաց հանքն անցավ ռուսական պետական մասնակցությամբ ՎՏԲ բանկին։
«Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ՝ մոտ 440 մլն դոլար»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։