|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը։
Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հիշատակի տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Սրբազան արարողության սկիզբը՝ ժամը 10:30-ին։