կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-02 10:28
Քաղաքական

Ախ այդ ՛՛հերյուրող՛՛ լրագրողները

Ախ այդ ՛՛հերյուրող՛՛ լրագրողները

Իրեն ուղղված «Հրապարակ»-ի թղթակցի հարցին չպատասխանելով՝ ԲՀԿ-ական Գրիշա Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, շատ արագ քայլել է, լույսի արագությամբ բարձրացել երկրորդ հարկ ու անհետացել ԱԺ դահլիճում: Թերթը գրում է. «Կես ժամ հետո նա հաստատակամ վերադարձավ. կանգնած դիրքից ակնհայտ էր, որ այլևս «ինստրուկտաժն» անցել է և ցանկանում է հարցին պատասխանել: Չհիասթափեցրինք. «Տեղեկություններ ունենք, որ Դուք աշխատում եք ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին»: «Սովորաբար ասեմ Ձեզ. Ձեր հարցերը, երբ ես լսում եմ, բոլորը հերյուրանք են, անհիմն են՝ լրջագույն ձևով»


Ես հենց նոր «լրջագույն» հերյուրեցի՞ Ձեզ: «Այո»: Բայց Դուք հիշո՞ւմ եք, երբ ժամանակին Ձեզ հարցրի՝ պաշտպանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պատրաստակամ ասացիք' այո, և երկար-բարակ բացատրեցիք, թե ինչու: Փաստորեն, ես այնքան էլ չեմ հերյուրում' «սովորաբար»: «Սերժ Սարգսյանին պաշտպանում եմ, այո, և պաշտպանել եմ: Ինչ վերաբերում է Ձեր վերոհիշյալ' նոր, որ հարցրիք, դա հերյուրանք է. այսօր Սերժ Սարգսյանն ընտրվեց նախագահ, որին ես պաշտպանել եմ, Ձեր հարցն ուղղելիս ճիշտ հարց ուղղեք»

Պարոն Մարգարյան, շատ ճիշտ հարց ենք ուղղել, որովհետև Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը նույն թիմից են. Դուք եք կարծես անձի երկվության մեջ: «Բացարձակ' ոչ. իսկ որ Դուք հերյուրում եք, շանտաժային հարցեր եք տալիս, իսկ դա հաճելի՞ է. ինձ դա հաճելի չէ»: Բա հիմա Դուք ո՞ւմ եք պաշտպանում: «Ես չեմ ուզում Ձեր հարցին պատասխանել»: Ինչո՞ւ, չե՞ք ուզում տալ Օսկանյանի անունը: «Ոչ, որովհետև Ձեր հարցերը հերյուրում են և շանտաժ են պարունակում»

Վերջին հերյուրանքը, պարոն Մարգարյան. տեսակետ կա, որ ԲՀԿ-ի գործարարներն իրերը կապել, սպասում են հրահանգի, որ ԲՀԿ-ից դուրս գան դեպի ՀՀԿ՝ Օսկանյանի վերջին՝ ընդդիմադիր դառնալու մասին հայտարարությունից հետո: «Շանտաժ, հերյուրանք, որը որ Ձեր շուրթերից ես լսում եմ վերջին տասը տարիների ընթացքում, ինչքան որ ես պատգամավոր եմ»: Աչքիս՝ Ձեզ «լրջագույն» թրեյնինգ արեցին «թըմում», թե «ինչպես պատասխանել լրագրողին»: «Հա, գրավոր գրեցի, պատրաստվեցի-եկա, ի վիճակի չէի միանգամից պատասխանելու. «Ձեր ինտելեկտն էնքա՜ն բարձր ա, էնքան բարձր ա, որ ես զարմանում եմ՝ մի՞թե այդպես բարձր ինտելեկտով մարդը կաշխատի լրագրող: Զարմանում եմ»: