կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-29 21:11
Քաղաքական

Ռաբիսներն ու անգրագետները կվռնդվեն երեւանյան իշխանության բոլոր մակարդակներից

Ռաբիսներն ու անգրագետները կվռնդվեն երեւանյան իշխանության բոլոր մակարդակներից

Մարդիկ, ովքեր մինչեւ հիմա իշխանության գլուխ են Հայաստանում, ինչպես եկան իշխանության գլուխ կոմունիստներից հետո, այնպես էլ իշխանությունը չի փոխվել. այսօր Կենտրոնում Երեւանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

 

Նա հորդորեց երեւանցիներին չխաբվել կուսակցությունների անունների փոփոխությանը, որովհետեւ դեմքերը նույնն են, մոտեցումները նույնն են, եւ ագահությունը եւս նույնն է:

 

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երեւանում, պարզապես ագահության եւ քաղաքի քաղաքային մշակույթ չունենալու հետեւանք է: Որովհետեւ շուկայական քաղաքականությունը, ազատ տնտեսությունը երբեք ու երբեք չեն կարող ավելի վերադաս նպատակ լինել, նրանք ընդամենը ծառայում են, ընդամենը ենթակա են եւ պետք է ծառայեն` մարդկանց համար ստեղծելու նորմալ պայմաններ: Այնինչ մեր երկրում լիբերալ տնտեսությունը դարձել է մի արքա, մի թագավոր, որին ենթարկված է ամբողջ Հայաստանի բնակչությունը եւ երեւանցիները` հատկապես»,- ասաց Վահան Հովհաննեսյանը:

 

Ըստ նրա` երեւանցիներից խլում են կանաչ տարածությունները, բակային տարածությունները, օդը, ազատ շարժվելու հնարավորությունը, եւ Երեւանը դադարում է լինել հաճելի մայրաքաղաք, այլ դառնում է պարզապես քաղաք, որտեղ մարդիկ պարզապես ապրում են եւ գնալով սկսում են զգալ, որ ստիպված են ապրում: Վահան Հովհաննեսյանը շեշտեց, որ այս վիճակը հարկավոր է փոխել, եւ դա դժվար չէ անել:

 

Հարցին, թե ի՞նչ կանի ՀՅԴ-ն, երբ Երեւանում ստանձնի իշխանությունը, Հովհաննեսյանը պատասխանեց. «Նախեւառաջ ռաբիսներն ու անգրագետները կվռնդվեն երեւանյան իշխանության բոլոր մակարդակներից` թաղապետարան, քաղաքապետարան, վարչություններ, կանաչապատում, տրանսպորտ, աղբահանություն եւ այլն, ու բոլոր տեղերում, որոնք դարձել են հարստանալու տեղ եւ դադարել են ծառայել երեւանցուն, այդ բոլոր տեղերում լուրջ լվացք է սպասվում»,- հայտարարեց բանախոսը:

 

Վահան Հովհաննեսյանն ասաց, որ այնտեղ, իհարկե, կան մարդիկ, ովքեր լավ մասնագետներ են, բայց աշխատում են այս կանոններով, որովհետեւ նրանց պարտադրում են այդպես աշխատել:

 

«Նայե’ք Ազգային ժողովին, նույն բանն է, որովհետեւ այնտեղ էլ են մարդիկ գնացել ու իբր ընտրվել ձեր քվեներով, եւ այնտեղ են գնացել, որ ծառայեն ձեր շահերին: Ծառայո՞ւմ են, սակայն: Բացարձակապե’ս, որովհետեւ երկիրը կառավարվում է միահեծան ձեւով` վերեւից, ու մի կուսակցություն վերցրել է ամբողջ իշխանությունը` բացարձակապես պատրաստ չլինելով, նույնիսկ կադր չունենալով ղեկավարելու համար, եւ փորձում է ամեն ինչ անել` իշխանության գլուխ մնալու համար»,- նշեց Վահան Հովհաննեսյանը` շարունակելով, որ Հայաստանում ոչ մի պաշտոնյա չի նշանակվում իր պաշտոնին, որպեսզի իրեն վստահված աշխատանքը կատարի ավելի լավ, քան իր նախորդը կամ ընդհանրապես կատարի:

 

Նա հավելեց, որ ցանկացած նշանակում կատարվում է միայն մեկ տրամաբանությամբ` իրենց մարդուն նշանակեն պաշտոնի, որ հաջորդ ընտրություններում ապահովի իրենց վերարտադրվելը: Դրա համար, պարզաբանեց ՀՅԴ ներկայացուցիչը, քաղաքապետն էլ է ՀՀԿ-ական, թաղապետներն է են ՀՀԿ-ական կամ իշխանությանը պատկանող, ու նրանց բոլորի խնդիրը ոչ թե Երեւանը բարգավաճ քաղաք դարձնելն է, այլ որպեսզի Երեւանից եկած քվեներով ՀՀԿ-ն` պառլամենտում, ՀՀԿ ներկայացուցիչը` նախագահական ընտրություններում անպայման հաղթեն:

 

«Իշխանությունը փոխելը պետք է սկսել հիմա` սկսելով Երեւանից, եւ Երեւանը կփոխի Հայաստանը, Երեւանում իշխանության փոփոխությունը բավական է, որ ամբողջ Հայաստանում դա հնարավոր լինի անել հանգիստ, առանց բախումների, առանց որեւէ ջղագրգռության եւ մեր պետական ու ազգային շահերը չվտանգելով: Դրա համար միայն մեկ բան է պետք»,- ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորը ու շարունակեց, որ ճիշտ է Երեւանում իշխանությունը փոխել Դաշնակցությունով, որովհետեւ, շեշտեց Վ. Հովհաննեսյանը, ՀՅԴ թիմն ավելի գրագետ է, պատրաստված ու ավելի պրոֆեսիոնալ կարող է հարցերը լուծել: