Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերբիայի խորհրդարանն օրերս ընդունեց երկրի կառավարության հաշվետվությունը Բրյուսելում ապրիլի 19-ին Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի մասին: Դրանով, փաստացի, Սերբիան ճանաչեց Կոսովոյի տարածքային ամբողջականությունը, ինչից համառորեն խուսափում էր 2008-ից, երբ Կոսովոյի փաստացի իշխանությունները ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ միակողմանիորեն հռչակեցին երկրամասի անկախությունն ու ինքնիշխանությունը:
Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը, սակայն, ոչ թե ուղղակիորեն առնչվում է Կոսովոյի կարգավիճակին, այլ միայն երկրամասի հյուսիսային 4 շրջաններում կենտրոնացած և մեծամասնություն կազմող էթնիկ սերբերի հետագա ճակատագրին: Փաստաթղթով Բելգրադը վերջնականապես խզում է հարաբերությունները այդ տարածաշրջանում գործող սերբական համայնքային կառույցների հետ, որոնք, չենթարկվելով Կոսովոյի օրենսդրությանը, իրականացնում էին այդ շրջանների կառավարումը` հիմնականում սերբական օրենսդրության և դատական համակարգի օրինակով: Բրյուսելի համաձայնագրի ստորագրումից հետո այդ կառույցներն այլևս նյութական, մեթոդական օժանդակություն չեն ստանա Սերբիայից, բայց որոշ չափով կպահպանեն իրենց ինքնուրույնությունը: Մասնավորապես` չնայած այդ շրջանններում պետք է սկսեն գործել Կոսովոյի դատական համակարգը և դատարանները, սակայն համայնքային կառույցների առաջարկությամբ է նշանակվելու տեղի ոստիկանապետը: Բացի դրանից` Կոսովոյի կենտրոնական իշխանությունները պարտավորվում են որևէ պարագայում զինուժ և զինտեխնիկա չմտցնել այդ շրջանններ, եթե խոսքը տարերային աղետներին չի վերաբերում: Պրիշտինայի այս պարտավորության կատարման վերահսկողությունը դրվում է ՆԱՏՕ-ի վրա: Այսինքն` կարելի է ասել, որ այս բանակցությունների և ստորագրված համաձայնագրի ողջ էությունը Կոսովոյի հյուսիսային շրջաններից Սերբիայի վերջնական հեռացման իրավական ամրագրում էր:
Չնայած Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչի հետ այդ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է, թե դրանով Բելգրադը դե յուրե ճանաչում է Կոսովոյի անկախությունը, սակայն պաշտոնական Բելգրադը կտրականապես դեմ է նման մեկնաբանություններին: Վերջինիս հիմնական փաստարկն այն է, թե բանակցություններում հստակ ամրագրվել է, որ Կոսովոյի` ՄԱԿ-ին անդամակցության հարցը օրակարգում չի լինելու: Մինչդեռ, ըստ ամենայնի, Բելգրադում չեն հերքում, որ համաձայնագրով երկու կողմերն էլ պարտավորվել են չխոչընդոտել միմյանց միջազգային կառույցներին ինտեգրվելու, անդամակցելու հարցերում: Բացի դրանից, ինքնին Կոսովոյի հետ վարչապետի մակարդակով ուղղակի բանակցությունների մեջ մտնելն ինքնին այդ ինքնահռչակ կազմավորման ներկայիս կարգավիճակի ճանաչման դրսևորում է:
Կարելի է ասել, սակայն, որ, չնայած Եվրամիությունում տիրող աժիոտաժին, Բրյուսելի համաձայնագիրը մեծ հաշվով Կոսովոյի խնդիրը վերջնականապես չի լուծել: Պատահական չէ, որ պատմական հռչակված այդ փաստաթղթի ստորագրումը մեկնաբանելիս գլխավոր միջնորդը`ԵՄ բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ընդգծված զգուշավորություն է ցուցաբերում` արձանագրված հաջողությունն ընդամենը «լավատեսություն ներշնչող» որակելով: Խնդիրն այն է, որ բացառությամբ ԵՄ-ի, բոլոր կողմերն այս համաձայնագրից դժգոհ են: Սերբիայում քաղաքական ընդդիմությունը համաձայնագրի ստորագրումն արդեն որակել է որպես դավաճանություն ազգային ու պետական շահերին: Թեեւ ակնհայտ է, որ Կոսովոյի սերբերին «լքելու» գինը ԵՄ-ին Սերբիայի անդամակցության համար այդ համաձայնագրով կանաչ լույսի վառումն էր Բրյուսելի կողմից, սակայն առ այսօր դեռևս հստակ չէ, թե այդ ուղղությամբ ե՞րբ են սկսվելու բանակցությունները, և արդյո՞ք այդ երկիրը ԵՄ-ին կարող է անդամակցել մինչև 2020թ: Կոսովոն դժգոհ է, որ փաստաթուղթը չի արտացոլում Սերբիայի կողմից իր անկախությունը ճանաչելուն ուղղված որևէ կոնկրետ ձևակերպում` մինչդեռ էթնիկ սերբերին շոշափելի ավտոնոմ իրավունքներ են տրվել: Դատելով այս հանգամանքից` արդեն իսկ կասկածներ են հնչում, թե Պրիշտինան հազիվ թե պահպանի հպատակեցնելուն ուղղված` սերբերին ճնշումների չենթարկելու իր պարտավորությունը: Առավել ևս, երբ իրենք` Կոսովոյի սերբերը` ի դեմս համայնքային կառույցների, միացյալ հայտարարություն են ընդունել այն մասին, որ չեն ընդունում Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը, քանի որ այնտեղ բացարձակապես արտացոլված չեն իրենց իրավունքները, և այն չի ստորագրվել իրենց ներկայացուցչի կողմից: Սա նշանակում է, որ սերբերը բացահայտ սպառնում են չենթարկվել Կոսովոյի Սահմանադրությանը և օրենսդրությանը: Նման իրավիճակն այլ կերպ, քան պայթայունավտանգ, չի կարելի համարել: Խաղաղության միակ գրավականը, ինչպես նախկինում, մնում է միայն ՆԱՏՕ-ի խաղաղապահների ներկայությունը այդ տարածաշրջանում:
Թերևս հենց այս հակասական երևույթներով է պայմանավորված հանգամանքը, որ ապրիլի 19-ին ստորագրված Բրյուսելյան համաձայնագրի կապակցությամբ Երևանը դեռևս պաշտոնական դիրքորոշմամբ հանդես չի եկել: Ընդհանուր առմամբ, այդ փաստաթուղթը համապատասխանում է ԼՂ հարցում հայկական կողմի շահերին: Սակայն որոշ նրբություններ, այնուամենայնիվ, ստիպում են այս օրինակը, հատկապես` կիրառվող մեխանիզմների կտրվածքով, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նախադեպային համարելու իմաստով ընդգծված զգուշավորություն ցուցաբերել: Նախ` խոսքը այս համաձայնագրով, ինչպես նշեցինք, չի վերաբերում Սերբիայի կողմից Կոսովոյի փաստացի կարգավիճակի ճանաչմանը: Մինչդեռ Երևանի և Ստեփանակերտի համար ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակի ճանաչումը բանակցություններում առաջնայնություն է: Երկրորդ` եթե իբրև հակամարտող կողմեր ենք ընդունում Սերբիային և Կոսովոյին` որպես ինքնիշխան պետություններ, ապա ակնհայտ է դառնում, որ համաձայնագիրն ստորագրվել է` ի հեճուկս Կոսովոյի էթնիկ սերբերի հետաքրքրությունների: Փաստացի, Բելգրադն այդ բնակչության անվտանգությունը և հետաքրքրությունները զոհաբերել է ԵՄ-ին անորոշ հեռանկարում անդամակցության քաղաքականությանը: Դա տեղի է ունեցել բացառապես այն պատճառով, որ սերբական համայնքները որևէ մակարդակով ներգրավված չեն եղել իրենց կենսական հարցերին վերաբերող բանակցություններում: Հենց այս նկատառումով է վտանգավոր ԼՂՀ-ի մեկուսացվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցային պրոցեսից: Մյուս խնդիրն, անշուշտ, կապված է խաղաղարարների ներկայությանը հակամարտության գոտում: Համաձայնագրով ՆԱՏՕ-ն փաստացի այդ շրջանններում մնալու լրացուցիչ մանդատ է ստանում: Ակնհայտ է, որ Կոսովոյի օրինակով խաղաղապահների տեղակայումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով այս հակամարտության կարգավորման ամենանուրբ ու ամենադժվար լուծելի հարցերից մեկն է, որը շոշափում է երեք համանախագահող երկրներից յուրաքանչյուրի շահերը: Այս հարցի սրումը կարող է հանգեցնել հաստատված պարիտետի և ստատուս քվոյի խախտման հարցում այդ կողմերից յուրաքանչյուրի շահագրգռության մեծացմանը: Մինչդեռ այս պահին հայկական կողմին ամենաքիչը հենց հակամարտության սրումն է անհրաժեշտ:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ