Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը ենթարկվում է նախորդ երկու մարդասիրական հրադադարների խախտման ճակատագրին։ Բաքուն փաստորեն չի կարողանում տեր կանգնել իր հանձնառությանը։ Այստեղ մեկնդմիշտ պետք է ըմբռնել, որ զինադադար հարգել կամ չհարգելն Անկարան է կայացնում Բաքվի փոխարեն։ Բաքուն ռազմաքաղաքական մարզում ամբողջովին հանձնվել է Անկարային։
Այս իրողությանը էապէս ծանոթ են բոլոր այն կողմերը, որոնք նախաձեռնում են միջնորդությամբ զինադադար հաստատելու աշխատանքը։ Երեք համանախագահող երկրները հերթով կատարեցին իրենց փորձը։ Որոշ նրբություններ պետք է նկատել այս վերջին նախաձեռնության դեպքում։ Կան փորձեր հրադադարը փրկելու։
ԱՄՆ պետքարտուղարը հորդորում էր հայերին պատերազմել եւ հաջողությամբ պաշտպանողական մարտեր կիրառել։ Նախագահ Թրամփն էր, որ ընտրական արշավների ընթացքում հատուկ կենտրոնացավ արցախյան պատերազմի վրա։ Մի պահ շրջանցելով զուտ ընտրական նպատակով կատարված հայտարարությունների բաժինը, նկատենք մի քանի արտահայտություն, որն այս առիթով կատարեց նախագահ Թրամփը։
Հայկական զանգվածային քվեին տիրանալու նպատակով հայտարարություն անող ԱՄՆ նախագահն ակնարկություն արեց ինչ որ ծրագրի, որի ուղղությամբ աշխատում է իր վարչակարգը։ Հավելեց, որ դյուրին լուծելի խնդիր է կարգավորումը եւ զուգահեռ գծեց Սերբիայի եւ Կոսովոյի պարագաների հետ։
Համեմատություն անելու այս երեւույթը անմիջապես մտաբերել է տալիս այս անգամ նախագահ Պուտինի արցախյան պատերազմի բնութագրման ընթացքում հայտարարած «Թուրքիան չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Ղարաբաղը» նախադասությունը։ Արցախը համեմատվում է Կոսովոյի եւ Ղրիմի հետ։ Առանց խորանալու Ղրիմի եւ Կոսովոյի կարգավիճակների տարբերությունները վերլուծելու փորձի մեջ, արագ նկատենք, որ երկու դեպքերում էլ, ըստ էության, Արցախի կարգավիճակի հարցն է, որը գերադասվում է։ Կարգավիճակի գերադասման հիմնավորումները Պուտինի պարագայում ավելի հստակ են։ Արցախը ենթարկվել է ցեղային զտման Ադրբեջանի կողմից․ ավելի հեռու անցյալում ենթարկվել է Ցեղասպանության՝ պատերազմը հրահրած Թուրքիայի կողմից։ Ռուսաստանը բոլորից ավելի շահագրգռված է խնդրի լուծմամբ, հետեւաբար ուզում է ասել՝ բոլորից առաջ պատրաստ է երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Թէ՝ ի՞նչ կարգավիճակով, պարզ չէ․ բայց Ղրիմի օրինակը բերելը որոշ պատկերացման ուղղորդում կարող է ենթադրել։
Մինչդեռ, Թրամփի թեկուզ ընտրական, այնուամենայնիվ ենթադրաբար ներվարչակարգային քննարկումների իբրեւ արդյունք՝ ծրագիրն ու Կոսովոյի հիշեցումը կարող են այլ պատկերացումներ հրապարակելու մեկնակետ հանդիսանալ։
ԱՄՆ պետքարտուղարը իրազեկ լինելով որ Արցախը պատերազմում է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի եւ թե՛ Թուրքիայի կողմից այս պատերազմում ներմուծված ահաբեկիչների դեմ, հայկական կողմին հորդորում է լավ կռվել, ակնկալելով նաեւ՝ լավ պաշտապանական մարտեր կիրառել։
Ստացվում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարը հայկական կողմին արդյունավետ պատերազմ էր մաղթում, մինչ նույն երկրի նախագահի անվտանգության հարցերի խորհրդականը զինադադարի նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Զուտ քաղաքագիտական ակնոցով Պոմպեոն ի վերջո համանախագահող միջնորդ երկրի ներկայացուցիչ է, եւ հրադադարի փոխարեն հաջող մարտերի մաղթանք էր կատարում կողմերից մեկին։ Այս բոլորի արանքում պատժամիջոցների սպառնալիքով վերստին լարվում են Անկարա-Վաշինգտոն հարաբերությունները եւ Թրամփը ընտրական կետեր արձանագրելու համար խոստանում է շատ արագ, հեշտությամբ լուծել արցախյան հակամարտությունը, հիշելով Կոսովոն։
Կոսովոյի հուշումը ընտրական խոստում է՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու։ Ղրիմի օրինակի զուգակցումը Արցախին, սկսելու համար Արցախը Ադրբեջանի տարածքից դուրս ընկալելու մոտեցում է՝ ռուսական ազդեցությունը հզորացնելու շահից մեկնելով։ Ի՛նչ էլ լինեն շարժառիթները համանախագահող երկու գերտերությունները այսպիսով գերադասում են Արցախի կարգավիճակի խնդիրը։ Երրորդ համանախագահող երկրի խորհրդարանը, ուր ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները արդեն մեկնել են Արցախ, պատրաստվում է քննարկելու Արցախի ճանաչման օրինագիծը։
Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ այս հանգրվանին՝ անմիջական առումով ո՛չ Կոսովոյի օրինակը կաշխատի, ո՛չ Ղրիմի կարգավիճակին կհետեւի Արցախը ո՛չ էլ Ֆրանսիայի խորհրդարանը կճանաչի Արցախի անկախությունը։ Բայց որ Արցախի կարգավիճակի քննարկումները կտեղափոխվեն միջազգային հարթություն, դա միանշանակ համոզում է։ Արցախի կարգավիճակի արծարծումը Թուրքիայի դեմ միջազգային ճնշամիջոց կդառնա։ Իսկ Անկարան միջազգային հանրությանը առիթավորվելու բազմաթիվ պատճառներ է տրամադրում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր