Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 26-ին եւ 27-ին, նաեւ մայիսի 3-ին եւ 4-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի «Անուշ» օպերայի նոր բեմականացումը:
«Անուշ»-ի նոր մեկնաբանության եւ բեմադրության հեղինակ` ֆրանսաբնակ հայ դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սա այն «Անուշը» չէ, որը տարիներ շարունակ տեսել է հայ հանդիսատեսը: Ըստ նրա` եթե իրենք պետք է «Անուշ» բեմադրեին, պետք է նախ ժամանակակից հայացք ունենային:
«Իսկ մեր գործում, այո, կտեսնեք մի քանի փոփոխություններ: Օրինակ` լիբրետոյի ադապտացիան. պոեմում կան մի քանի կերպարներ, որոնք դուրս էին մնացել մեզ հայտնի «Անուշ»-ից. պատճառը խորհրդային կարգերն էին: Այդպիսի կերպարներից էր տեր հոր կերպարը, ով Անուշին հարցնում է, թե սիրո՞ւմ է Սարոյին, եւ եթե` այո, ինքը պետք է պսակի նրանց, այսինքն` եկեղեցին իր դիրքորոշումն է ցույց տալիս»,- ասաց Ավեդիկյանը եւ հավելեց, որ Թումանյանը ցանկացել էր ցույց տալ, որ նոր սերնդի դիրքորոշումն արհամարհվում է հին սերնդի մոտ, եւ այն ժամանակ դեռ հին սովորույթներն էին իշխում:
Ըստ ռեժիսորի` օպերայի ստեղծման աշխատանքները երկար են տեւել, քանի որ ինքը չէր ցանկանում, որ այն միայն Հայաստանում ցուցադրվեր: Վերջապես Ավեդիկյանին բախտ է վիճակվել համաձայնության գալ Փարիզի Նանտերի Ամանդիե ակադեմիական թատրոնի հետ, որտեղ էլ մայիսի 22, 23, 25, 26-ին կցուցադրվի «Անուշը»:
Բեմի ձեւավորման, հագուստների եւ խորեոգրաֆիայի հեղինակ Նիկոլա Մյուզեն նշեց, որ իրենք այնպես են արել, որ գործը դառնա համամարդկային` բնականաբար, չհեռանալով նրա արմատներից:
«Եվրոպայում գուցե մեզ չթույլատրեին, որ այս գործը բեմ բարձրանար, քանի որ այն շատ մաքուր է եւ զտված, քանի որ հանդիսատեսի հետաքրքրությունը բավարարելու համար անհրաժեշտ է տեսնել մերկ կին կամ պայթուններով լեցուն տեսարաններ»,-ասաց Մյուզեն` հավելելով, որ ինքը նախկինում «Անուշ»-ի մի շարք տարբերակներ է դիտել, սակայն երբեք չի մտածել, որ այն կարող է իրեն հետաքրքրել. «Իսկ երբ Ավեդիկյանն ինձ Թումանյանի պոեմը տվեց, շատ բան փոխվեց, եւ ես ասացի` այ, սա ուրիշ բան»: