Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբն ապրիլի 18-ին ունեցավ առաջին հրապարակային հանդիպումը՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ:
Դաշնակցությունն այս ընտրություններին մասնակցում է ոչ թե ավագանու կազմում մի քանի մանդատ ունենալու համար, այլ, քաղաքապետին փոխելով, քաղաքում լուրջ փոփոխություններ նախաձեռնելու. ելույթ ունենալով ընտրողների առջեւ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակը:
«Սա պետք է չդիտվի միայն որպես համայնքային ընտրություն: Իշխանությունններն ամեն ինչ անում են, որ դա ներկայացնեն միայն կենցաղ-սպասարկման հարցեր լուծելու համար քաղաքապետի ընտրություն եւ այդպես չեզոքացնել դժգոհությունները: Որովհետեւ այդպես շատ հեշտ է լինում, անձնական մակարդակի հարցի մակարդակի իջեցնելով, քաղաքապետի ընտրությունները դարձնել անձի, բարեկամի, ծանոթի հարաբերություններով պայմանավորված ընտրություն: Սրան չպետք է տրվել, որովհետեւ սա քաղաքացիներին մղում է պասիվության: Եթե դուք հետաքրքրություն չունենաք այս ընտրությունների նկատմամբ, իշխանությունը կվերարտադրվի եւ կպահպանի այսօրվա իր հնարավորությունները: Երեւանցիների մեծ մասը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, եւ դրա կոնկրետ դրսեւորումը մեր աչքի առաջ է: Մենք, փոխելով Երեւանում քաղաքապետ, կարող ենք ոչ միայն Երեւանում, այլ ամբողջ հանրապետությունում լուրջ փոփոխության հիմք դնել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով` դժգոհություն ծնող հիմնական պատճառն այն է, որ գործող իշխանությունը, իշխող կուսակցությունը նույնացած է պետության հետ, իշխանությունը վերահսկելի չէ, եւ գոնե Երեւանում իրավիճակը կարող է փոխվել, եթե քաղաքապետը լինի ընդդիմադիր. «Նա կդառնա մի մեծ հակակշիռ այս իշխանությունների հետ հարաբերություններում: Ասում ենք՝ «Երեւան, փոխիր Հայաստանը», որովհետեւ եթե այդ լուրջ փոփոխությունները Երեւանում լինեն, այս միահեծան դրվածքը Հայաստանում կփոխենք»:
Արմեն Ռուստամյանի խոսքերով` Հանրապետական կուսակցությունը Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնը վերածել է նշանակովի պաշտոնի, քաղաքապետը որեւէ կերպ ընտրողին չի համարում իրեն հենարան, որովհետեւ նրան նշանակող-ազատողը կուսակցությունն է: Եվ պատահական չէ, որ 4 տարում 3 քաղաքապետ է փոխվել մայրաքաղաքում: Նույն միահեծան իշխանության պատճառով, ըստ Արմեն Ռուստամյանի, աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի կանխման, տնանկներին բնակարանով ապահովման հարցերը մնում են թղթի վրա:
ՀՅԴ թեկնածուն ասաց, որ եթե հնարավոր չեղավ իրավիճակ փոխել նախագահական ընտրություններում, ապա հարկ է միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, հնարավոր է համագործակցությունը արդեն հետընտրական փուլում եւ Երեւանում ընդդիմության իշխանության հաստատումը: «Եթե քաղաքացին իմանա, որ, քաղաքապետին փոխելով, կարող է քաղաքում լուրջ փոփոխությունների հասնել, որը թե' Հայաստանը կփոխվի, թե' Երեւանը, մենք կգնանք ոչ թե որպես պարզ ընտրության, այլ այս իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի»,- հավելեց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ թեկնածուն նաեւ նշեց, որ իշխող ուժը սկսել է տուրք տալ վարչական ռեսուրսներին, խոսք է գնում նաեւ ընտրակաշառքի մասին, սակայն նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ այս հակաօրինական միջոցներն այլեւս նախկին մեծությամբ չեն ազդում ընտրողի վրա: Ընդդիմությունն էլ, Ռուստամյանի հավաստմամբ, ունենալով տեղամասերում իշխանությանը հավասարաչափ ներկայացուցիչներ, կարող է ամբողջությամբ վերահսկել գործընթացը եւ պահպանել քաղաքացու քվեն:
Իսկ եթե ընտրողը ձայն տա Դաշնակցությանը, Արմեն Ռուստամյանը խոստանում է, որ, լիարժեք հնարավորություն ունենալով իր ծրագրերն իրականություն դարձնելու, շատ կարճ ժամանակում ակնհայտ կլինեն փոփոխությունները: