կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-21 21:12
Քաղաքական

Փոխել Հայաստանը` փոխելով Երեւանի քաղաքապետին

Փոխել Հայաստանը` փոխելով Երեւանի քաղաքապետին

«Եթե մենք հիասթափվենք, մտածենք, որ ամեն ինչ անիմաստ է, ընտրություններն անիմաստ են, միեւնույն է, այս իշխանություններից ընտրություններով ազատվել հնարավոր չէ: Մի կողմ քաշվենք կամ ասենք` այս ընտրությունները որեւէ բան չեն նշանակում` սրանք թաղային հարցեր լուծող ինչ-որ միջոցառում են, մենք մեծ ծառայություն մատուցած կլինենք այս իշխանություններին եւ ինքներս էլ կերկարաձգենք մեր այս դժբախտ, թշվառ վիճակը»,- այսօր Ավանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Երեւանի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

 

Նա նշեց, որ Դաշնակցությունը Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին գնում է, Երեւանի քաղաքապետին փոխելով, Հայաստանում իրավիճակ փոխելու կարեւորությամբ, այլ ոչ թե պարզապես միայն Երեւանում ինչ-որ հարցեր լուծելու նպատակով կամ Երեւանի ավագանիում մեկ-երկու մանդատ ունենալու ակնկալիքով: Արմեն Ռուստամյանն ասաց նաեւ, որ Դաշնակցական, ընդդիմադիր քաղաքապետը կանի այն, ինչ մյուսները մինչ հիմա չեն անում` իսկապես կպաշտպանի երեւանցիների շահերը նույն կառավարության առջեւ, նույն իշխանությունների առջեւ, որոնք այսօր միահեծան են իշխում եւ թույլ չեն տալիս, որ այսօրվա իրենց քաղաքապետն անգամ իր լիազորություններն իրականացնի.

 

«Դա իրենց ձեռնտու չէ, քանի որ նշանակում է այդ միահեծան կառավարման մոնոլիտը խարխլել, իսկ դա չի մտնում խաղի` իրենց կանոնների մեջ: Սա է հիմնական հարցը, որ մենք, իսկապես կարեւորելով այս ընտրությունները, ասում ենք` ընդդիմադիր քաղաքապետ ընտրելով` փոխհատուցենք այն կորուստը, որ ունեցանք նախագահական ընտրությունների ժամանակ: Մենք չենք սպասի եւս հինգ տարի` փոփոխությունների համար: Մենք այսօրվանից դրա հիմքը կդնենք»,- կարեւորեց ՀՅԴ համամասնական ցուցակի առաջատարը:

 

Արմեն Ռուստամյանը կոչ արեց այս ընտրությունները վերածել իշխանություններին անվստահություն հայտնելու հանրաքվեի` ընտրության օրը 5-10 րոպե տրամադրել ապագա խնդիրների լուծմանը: Իսկ ՀՅԴ-ն ամեն ինչ կանի, որ իր օգտին քվեարկված ձայները պահպանվեն, եւ նշեց, որ այս ընտրություններում ՀՅԴ-ն բոլոր տեղամասերում այդ վերահսկողությունը լիարժեք վերահսկմամբ իրականացնելու է:

 

«Եթե իրար աջակցենք, իրար օգնենք, որ իշխանությունները չվերարտադրվեն, հավաստիացնում ենք, որ, Երեւանը փոխելով, կփոխվի նաեւ Հայաստանը»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Ռուստամյանը: