Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ներկայիս կառույցները չեն համապատասխանում ո'չ թամանյանական, ո'չ ռացիոնալ սկզբունքներին. այսօր կայացած քննարկում-ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևանի ներկայիս քաղաքաշինական խնդիրներին, հայտարարեց Երևանի ավագանու դաշնակցական թեկնածու Բորիս Հայրապետյանը:
Ըստ նրա` Երևանի կենտրոնում պետք է հիմնականում գործեն գրասենյակային և առևտրային շինություններ, նվազագույնի պետք է հասցնել բնակելի շենքերի քանակը:
Ավագանու ՕԵԿ-ական թեկնածու Հրայր Սարգսյանի կարծիքով էլ` պետք է առաջին հերթին վերանայվի Երևանի հատակագիծը, քանի որ քաղաքում սեյսմակայունության ապահովման խնդիր կա: Սարգսյանն առաջարկեց պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների օրինակով մնացյալ նախարարություններն էլ տեղափոխել քաղաքի ծայրամասերը` այնտեղի կյանքն աշխուժացնելու նպատակով:
ԲՀԿ-ական թեկնածու Գուրգեն Գասպարյանի համոզմամբ` Երևանը ծերացող քաղաքի տպավորություն է թողնում: Նա քաղաքաշինական հրատապ խնդիրների թվում առանձնացրեց հին` խորհրդային տարիներին կառուցված շենքերի ամրացումը: Ըստ Գասպարյանի` մայրաքաղաքի բյուջեով հնարավոր է 4 տարվա ընթացքում դա իրականացնել:
Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող` ավագանու թեկնածու Ավետ Պողոսյանն էլ ասաց, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագիծն ունի օրենքի ուժ, իսկ այն խախտելը հանցագործություն է: «Այդ հանցագործության հետևում կանգնած է այն կուսակցությունը, որը ներկայացնում է Լևոն Իգիթյանը»,- մատնացույց անելով ավագանու ՀՀԿ-ական թեկնածուին` հայտարարեց նա:
Պողոսյանի խոսքով` պետք է փոխվի քաղաքը վերահսկող համակարգը, որն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀԿ-ին զրկել քաղաքապարանում ունեցած մենաշնորհից, իսկ գլխավոր հատակագիծն, ըստ նրա, տեխնիկական հարց է:
ՀԱԿ ներկայացուցչի այս հայտարարությունը, բնականաբար, դուր չեկավ Լևոն Իգիթյանին: Նա նշեց, որ ինքն անպատասխանատու հայտարարություններ թույլ չի տա, և որ իրեն հանցագործ անվանելուց առաջ ՀԱԿ անդամը պետք է բավարար ապացույցներ ներկայացնի: