կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-03 17:39
Իրավական

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Գապբնակշին» ընկերության կողմից մի բնակարանը մի քանիսին վաճառելու գործով քննության մասնակիցներն արդեն անգիր են արել այն հարցերի շրջանակը, որը, որպես կանոն, մեղադրող դատախազը հնչեցնում է գրեթե յուրաքանչյուր նիստի: 

 

Մեղադրողը թվում է 4-5 , լավագույն դեպքում 1-2 անուններ և  հարցաքննվող տուժողին հարցնում` արդյո՞ք ճանաչում է նրանց, իսկ վերջում  ճշտում` ի վերջո, բնակարան ստացա՞վ, թե՞ ոչ: Դրանք այն մարդկանց անուներն են, ովքեր ինչ-ինչ պատճառներով տուժողից առաջ կամ հետո գնել են նույն բնակարանը:

 

Այսօրվա նիստին տուժող Հասմիկ Հարությունյանը ցուցմունք տալուց առաջ կեսկատակ-կեսլուրջ զգուշացրեց դատավարական կողմերին` իրեն նույն հարցը չտալ: «Դե, բնականաբար, բնակարանը չեմ ստացել, որ եկել եմ այստեղ»,- նշեց տուժողը:

 

Մեղադրող դատախազը և դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրին, որ իրենք էլ լավ գիտեն, որ տուժողները բնակարան չեն ստացել, պարզապես այդ մասին հայտնելը պարտադիր է, քանի որ դատաքննության ընթացքը ձայնագրվում է, որ հետո, երբ այն ունկնդրելու կարիք լինի', հասկանան, թե ինչի մասին է խոսքը:

 

Այսօրվա նիստին հարցաքննված տուժողներից մի քանիսն, ի դեպ, գործով մեղադրյալ Գագիկ Պապոյանի մտերիմ ծանոթներն էին, ովքեր մինչ այժմ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենց խաբել: Ցուցմունք տվողների թվում էր Պապոյանի ընկերոջ որդին: Մասնագիտությամբ զինվորական` խաբված գնորդը հայտնեց, որ նույն շենքում ոչ միայն ինքն է բնակարան գնել և տուժել, այլ նաև իր հորեղբայրը:  Մեղադրողի հարցին, թե` ինչպե՞ս եղավ, որ Ձեր մտերիմը Ձեզ նույնպես խաբեց, տուժողը պատասխանեց. « Դե, մենք էլ մյուսների հետ ընկանք «հոսքի» տակ»:

 

Գործով տուժող Գագիկ Հակոբյանը,  ինչպես պարզվեց, նորակառույց շենքի բնակարանը գնել էր 50.000 դոլար արժողությամբ իր «Պորշ Կայեն» մեքենայի  դիմաց` պարտավորվելով  գումարի մի մասն էլ վճարել ժամանակի ընթացքում, ինչը գնորդը բարեխղճորեն կատարել էր: Տուժողը,  բացի մեղադրյալ Պապոյանից, լավ էր ճանաչում նաև վերջինիս  հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Սիմոն Աղազարյանին («Գապբնակշինի» նախկին փոխտնօրենին):  Նշենք, որ Ս. Աղազարյանը հիվանդության պատճառով չէր ներկայանում  դատական նիստերին, այդ իսկ պատճառով դատարանն առանձնացրեց նրա գործը: Տուժող Հակոբյանը հայտնեց, որ Աղազարյանին ճանաչում է վաղուց, երբ նա դեռ ոստիկանության համակարգում էր աշխատում:

 

Մեղադրողի այն դիտարկմանը, թե Աղազարյանը  այդ ժամանակ աչքի է ընկել` կարգապահական բազմաթիվ նկատողություններ և տույժեր ստանալով, ինչը պետք է  վկայեր նրա անպատասխանատու  վարքագծի մասին, դա կասկածի տեղիք չի՞ տվել, տուժողը պատասխանեց. «Դե, մտածեցի մարդ ա, ոստիկանությունում անորակ ա, շինարարության մեջ` որակով, դրա համար էլ վստահեցի»:

 

Տուժողներից Աննա Գևորգյանը դատարանին հայտնեց, որ 2008-ին բրոքերական կազմակերպության միջոցով է տեղեկացել վաճառվող բնակարանների մասին:  Արամի 72/80  հասցեի 7-րդ հարկում բնակարան է գնել, որը հետո, Պապոյանի հետ փոխհամաձայնեցնելով, փոխել է նույն շենքի 9-րդ հարկի բնակարանի հետ:  Շենքի ճարտարապետին է դիմել` բնակարանի սենյակների միջնապատերն  իր  նախագծով կառուցելու համար, սակայն, ինչպես ինքն է ասում` կես տարի անց եկել և տեսել է, որ բնակարանի պատերը քանդել են: Տուժողին  պատճառաբանել են, որ շենքի հարկերն ավելացրել են և սեյսմակայունության խնդիր է առաջացել, դրա համար քանդել են, բայց հուսադրել են, որ խնդիր չկա` նոր պատեր կավելացնեն:

 

Ասում են` ընկերովի մահը հարսանիք է, մեկն էլ լինի` ասի, թե ընկերովի քաշվելն ի՞նչ է: Հարցին կարող է պատասխանել, օրինակ, այս գործով տուժող Սուրիկ Ալթունյանը: 3 ընկերներով որոշել են նույն շենքում բնակարաններ գնել, ընդ որում` նրանցից 2-ը մինչ այժմ բնակվել են արտերկրում և մտադրվել էին բնակարանը ստանալուն պես մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նրանց մոտ հայրենիք վերադառնալու ցանկություն այլևս կլինի, թե` ոչ, պարզ չէ, բայց որ ընկերովի քաշվել են, հաստատ է:

 

Այս գործով հաջորդ նիստը կկայանա վաղը: Տուժողների հերթական խումբը կներկայացնի  Պապոյանի կառուցած շենքում բնակարան գնելու և «ստանալու` իր  ոդիսականը: