կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 13:25
Հասարակություն

Նոր օրենքով կլուծվի՞ հաշմանդամների` աշխատելու իրավունքի հարցը

Նոր օրենքով կլուծվի՞ հաշմանդամների` աշխատելու իրավունքի հարցը

Այսօր անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումները:

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ արդեն քսան տարի է` Հայաստանում գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, իսկ նոր օրենքով, ըստ նախարարի, շեշտը պետք է դրվի հաշմանդամներին հասարակությանն ինտեգրելուն:

 

«Օրենքի ընդունմամբ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան նոր մոտեցումներ որդեգրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու ուղղությամբ: Նրանք մեզանից մեկն են եւ պետք է օգտվեն նույն իրավունքներից, ինչ բոլորը: Մինչեւ 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար կլուծվի կրթական եւ ակտիվության հարցը, իսկ դրանից բարձր տարիք ունեցողների համար պետք է լուծվի աշխատունակության եւ զբաղվածության ապահովման հարցը»,- ասաց Ասատրյանը:

 

Ըստ նախարարի` կարեւոր է, որ նոր օրենքի դրույթները ոչ թե դեկլարատիվ բնույթ կրեն, այլ գործնականում կիրառվեն:

 

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ, իր հերթին, նշեց, որ մեր հիմնական նպատակը պետք է լինի հաշմանդամության կանխարգելումը եւ նման խնդիրներով  մարդկանց ինտեգրումը` վերականգնողական բոլոր միջոցառումների շնորհիվ: Բաբլոյանը հավաստիացնում է, որ վերջին տարիներին ԱԺ-ի մոտեցումները նույնպես փոխվել են հարցի նկատմամբ` ոչ միայն օրենսդրական դաշտն են ցանկանում փոխել, այլ նաեւ փորձում են ինչ-ինչ միջոցառումներով նպաստել հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների ապահովմանը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը նշեց, որ ՀՀ-ն վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ինչի շնորհիվ առաջիկայում կլուծվեն հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք խնդիրներ: «Կոնվենցիան 180 աստիճանի փոփոխությունների ալիք է բերելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման հարցում: Իսկ նոր օրենքը վերջիններիս` հասարակական կյանքին լիարժեք մասնակցություն է ենթադրում, ինչը շատ կարեւոր է»,- ասաց նա: