կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 19:58
Սպորտ

Մնացել է 100 օր

Մնացել է 100 օր

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի  6-17-ը տեղի կունենան  համաշխարհային ուսանողական հերթական` 27 -րդ խաղերը: Այս առումով  մարտի  28-ը հոբելյանական  է, քանի որ խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ 100  օր: Սա նշանավորելու նպատակով խաղերի մայրաքաղաքում այսօր անցկացվում են մարզամշակութային բազմաթիվ միջոցառումներ: 

 

Կազանի  ստուգատեսի  ցանկում տեղ են գտել   ռեկորդային թվով` 27  մարզաձևեր  /բադմինթոն, բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ,  թաթարական ըմբշամարտ  կուրեշ, ջրագնդակ, վոլեյբոլ, ակադեմիական թիավարություն, բայդարկա և կանոե, ձյուդո, աթլետիկա, սեղանի թենիս, լող, լողափնյա  վոլեյբոլ, ջրացատկ, ռեգբի-7, սամբո, գեղալող, սպորտային  մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն, թենիս, ծանրամարտ, սուսերմարտ, շախմատ,  ֆուտբոլ, մականախաղ /: 

 

Սպասվում է, որ  մրցավայր  կժամանեն  170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ-մարզուհիներ: Նրանք կպայքարեն մեդալի  350 հավաքածուի համար: Ունիվերսիադայի ջահի փոխանցավազքը մեկնարկել է Վլադիվոստոկ քաղաքում. անցել է Խաբարովսկը, իսկ այսօր կհուրհրա Յակուտսկի հրապարակներում և փողոցներում:

 

Ընդհանրապես, ուսանողության  կրակը, մինչ խաղերի մեկնարկը, կանցնի  Ռուսաստանի 30 քաղաքներով, որոնք համարվում են սովորող երիտասարդության կենտրոններ: Մրցումներին զուգահեռ նախատեսված է կազմակերպել միջազգային փառատոներ: Իրենց արվեստը կցուցադրեն ազգային պարերի և երգերի համույթներ, կներկայացվեն արհեստագործության և կերպարվեստի նմուշներ, հանդես կգան թատրոնի, դասական, ժամանակակից երաժշտության և բալետի  ուսանող կատարողները, կցուցադրվեն կինոնկարներ և այլն: 

 

Միջոցառումը մասնակիցների քանակով  և բնույթով կարող է համեմատվել միայն օլիմպիական խաղերի հետ: Բանն այն է, որ  ուսանողների  պայքարում ընդգրկվողների  ավելի քան 60 տոկոսը հանդես է գալիս օլիմպիական խաղերում:  Համաշխարհային ուսանողական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1959 -ին' Թուրինում: Նախկին ԽՍՀՄ -ում միջոցառումը հյուրընկալվել է 1973 -ին: Հետաքրքիր է , որ  խաղերին նախորդել է հենց ունիվերսիադան բնորոշող մի նոր մարզական - միջազգային  միջոցառում, որի ծրագրում ընդգրկված է դարձյալ 27 մարզաձև: Դրանք անցկացվում են ունիվերսիադայի 64 մարզահամալիրներում, որոնցից շատերը նմանը չունեն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում և աշխարհում: