կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-28 11:50
Առանց Կատեգորիա

Գիտության գրանիտի իշխանական կրծողները

Գիտության գրանիտի իշխանական կրծողները

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուսանողների հետ երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ խոսել է այն անզուսպ աստիճանամոլության մասին, որը համակել է ռուսական պետական ապարատը. բոլորը ձգտում են դառնալ գիտության թեկնածու կամ դոկտոր: Թեկնածու դառնալն այն նվազագույն աստիճանն է, որին ձգտում է հասնել յուրաքանչյուր` քիչ թե շատ իրեն հարգող պաշտոնյա: «Մեզ մոտ, ցավոք, ատենախոսության պաշտպանությունը դարձել է պետական կառույցներում կարիերա անելու մի մաս,- ասել է Մեդվեդևը:- Նման բան աշխարհի և ոչ մի երկրում չկա»:

 

Ինչպե՜ս է սխալվում Դմիտրի Անատոլևիչը. «նման բան» վաղուց կա և, Ռուսաստանից բացի, փարթամորեն ծաղկում է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Այսօրվա դրությամբ մենք ունենք գիտության աստիճանավորների հսկա բանակ, որի տպավորիչ մի հատված նվիրումով կրծում է գիտության գրանիտը, բայց՝ հանուն սեփական կարիերայի, առաջխաղացման ու դիրքի:

 

Այո, հայոց պաշտոնեական վերնախավը նախընթաց և ընթացիկ տասնամյակում խիստ գիտականացել է: Վերջերս, օրինակ, գիտության թեկնածու դարձավ, ասել է թե` գիտության մշակի տաժանելի ճանապարհը բռնեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (ի դեպ, ատենախոսությունը պաշտպանելով այն բուհում, որի երբեմնի ղեկավարն էր այսօրվա ԲՈՀ-ի նախագահ Արտյուշա Ղուկասյանը, նա, ում վերջերս «բռնեցրին» ռուսերեն մի գիրք թարգմանաբար-ընկերովի յուրացնելու փաստի վրա): Իսկ ամենաթարմ օրինակը գյուղատնտեսության նախարար, 65-ամյա Սերգո Կարապետյանն է` օրերս կայացած` իր թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ: Վերջինիս ուշահաս գիտականացումը (ընդսմին` լոլիկի «գծով»` «Լոլիկի տեղական և ներմուծված սորտերի ու հիբրիդների ագրոկենսաբանական և քիմիատեխնոլոգիական առանձնահատկությունները») բնավ պատահական չէ. հապա նայեք ՀՀ «անփոխարինելի» (տե՛ս ՀՀ նախագահի վերջին մամուլի ասուլիսը) կառավարության կազմին զուտ գիտականության տեսանկյունից. նախարարների ավելի քան 80 տոկոսը գիտության թեկնածու է կամ դոկտոր, մնացած 20 տոկոսն էլ գիտության ճանապարհին է կամ մատույցներում, ինչպես` հիշատակված Սերգոն:

 

Իսկ ի՜նչ ճարպկությամբ է գիտության բարձրադիր արոտները կոխկրտում ՀՀԿ-ական ջահել-ջուհուլը, պարզապես նախանձել կարելի է: Այնպես որ` Դմիտրի' Անատոլևիչ, Դուք այնքան էլ օրիգինալ չեք` Ռուսաստանն աշխարհի բոլոր մնացած երկրներից առանձնացնելով: Վերոնշյալ հանդիպման ժամանակ Ռուսաստանի վարչապետը ուշագրավ մի միտք էլ է արտահայտել. «Երբ տեսնում եմ, որ մի ղեկավար ինչ-որ գիտության թեկնածու է, ապա ինձ մոտ կասկածներ են առաջանում»: Ահա թե է՛լ երբ ենք մենք տարբերվում գործընկեր Ռուսաստանից. մեզ մոտ՝ Հայաստանում, իշխանական կասկածները լրիվ հակառակ բևեռից են. եթե մեկը հասել է որևէ պաշտոնական դիրքի և առնվազն գիտության թեկնածու չէ, ապա կասկածներ են առաջանում վերջինիս կազմակերպչական ու մյուս բոլոր ընդունակությունների առումով:

 

«Մի ժամանակ ես ցանկանում էի դոկտորական գրել: Բայց որոշեցի, որ դրա կարիքը չկա, որովհետև դա շատ ծիծաղելի կլիներ»,- ասել է Դ. Մեդվեդևը: Դիմա, Դիմա: Մեզ մոտ` Հայաստանում, ծիծաղելին թեկնածուից հետո չդոկտորանալն է: Եվ ոչ միայն ծիծաղելի, նաև` աններելի: Վկա` ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, որի դոկտորականի թեման Երևանի մանկավարժական համալսարանում ուսանողների հիգիենիկ անվտանգությունն ապահովելու հիմնահարցերն են: Տեսնում եք՝ ի՜նչ կարևորագույն հիմնահարցեր են իշխանական գիտունների հետաքրքրությունների շրջանակներում` լոլիկ, հիգիենիկ անվտանգություն… Իսկ Դիման ասում է` ծիծաղելի է:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆԸ