կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-27 15:06
Մշակույթ

″Արգելված գրքեր″. հայերեն կթարգմանվի եւս երեք գիրք

″Արգելված գրքեր″. հայերեն կթարգմանվի եւս երեք գիրք

Մեր իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում` գիրք կարդալ չեմ սիրում, քաղաքականությամբ զբաղվելու համար գիրք ընթերցել պետք չէ, եւ մարդիկ մտածում են, որ չաղ ու բախտավոր ապրելու համար գիրք ընթերցել պետք չէ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

 

Նա նշեց, որ ընթերցանությունը խթանող միակ փորձը պաշտոնյայի կողմից այն էր, երբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը աշակերտների հետ հանդիպման ժամանակ գիրք կարդաց նրանց համար:

 

«Երբ վերջերս Facebook-ում մի նկար տարածեցինք եւ գրեցինք, թե գիրք կարդալը սեքսուալ է, մարդիկ միանգամից սկսեցին ասել, թե հակագովազդ ենք անում: Սակայն կուզեի նշել, որ դա ոչ թե ընթերցողների, այլ չընթերցողների համար մի փոքրիկ հնարք էր, եւ հետո` սեքսապիլ` նշանակում է գրավիչ` գիրք կարդալը գրավիչ չէ՞»,- ասաց Մարտիրոսյանը:

 

2012-ին «Անտարեսը» նախաձեռնեց տպագրել «Արգելված գրքեր» շարք, որի շրջանակներում արդեն երեք գիրք լույս տեսավ: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ արգելված գրականություն ասելով` շատերը հասկանում են պոռնոգրաֆիա, ինչը թյուր կարծիք է:

 

«Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը», որը նույնպես արգելված գրականության ցանկում է, արգելված է եղել, քանի որ վիրավորել է թուրքի ազգությունը` թուրքական օրենքի համաձայն, եւ այս վեպում պոռնոգրաֆիական ոչ մի տեսարան չկա: Արգելված գրականության ցանկում հայտնված գրքերի հրատարակման արգելքը հիմնականում ծիծաղելի, հակասական եւ կամայական է եղել»,-ասաց Նիկողոսյանը` հավելելով, որ «Անտարեսն» առաջիկայում «Արգելված գրքեր» շարքում կհրատարակի եւս երեք գիրք` Լորենսի «Լեդի Չաթըրլիի սիրեկանը», Միշել Վելբեկի «Տարրական մասնիկները» եւ Կամիլ լը Մոնիեի «Տղամարդու սերը»: