կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 16:35
Առանց Կատեգորիա

Թե ինչու ՀՀԿ-ն քաղաքապետին չի տարբերում գլխավոր ''հավաքարարից''

Թե ինչու ՀՀԿ-ն քաղաքապետին չի տարբերում գլխավոր ''հավաքարարից''

Օրեր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե երևանցին ընտրելու է ոչ թե ապագա արտգործնախարարին, վարչապետին կամ նախագահին, այլ մայրաքաղաքային տնտեսության կազմակերպչին: «Այս առումով սրանք համայնքային ընտրություններ են»:

 

Իսկ դրանից առաջ «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, պալատական սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշել էր, թե Երևանի ավագանու ընտրությունները ապաքաղաքական են լինելու: «Քվեարկելու մոտիվացիան ընտրողների մոտ տարբեր կարող է լինել: Քաղաքապետից մարդիկ ավելի շատ աջակցություն եւ կյանքի բարելավում են սպասում»,- ավելացրել էր նա:

 

Իսկ ահա լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հպանցիկ անդրադառնալով երևանյան ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը և համամասնական ցուցակներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնը ներկայացրեց «կենցաղային հոգսեր հոգացողի» մակարդակով:

 

Մինչդեռ Երևանի ավագանու ընտրությունները, ըստ «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, անցկացվում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ինչը ցույց է տալիս, թե քաղաքական ինչպիսի բացառիկ նշանակություն է տրված Երևանին և դրա կառավարմանը: Մյուս կողմից` ներդրված ընտրական համակարգը ենթադրում է բացառապես կուսակցությունների ներգրավում, ինչով արդեն այս ընտրությունները չեն կարող լինել ապաքաղաքական և զուտ լոկալ նշանակություն ունեցող: Բայց սա հարցի միայն իրավական կողմն է: Իրականում Երևանի կառավարումը իշխանության ամբողջականության պահպանման առանցքային օղակներից մեկն է: Եվ պատահական չէ, որ ինչպես ուժային կառույցները, Երևանի ավագանին և քաղաքապետի պաշտոնը իշխանությունը ձգտում է պահել ատամներով:

 

Եթե Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, ապա դժվար է հասկանալ, թե ինչպես կարող էր մեկ տարվա ընթացքում երեք քաղաքապետ փոխվել և փոխվել իշխող կուսակցության միանձնյա հայեցողությամբ: Ինչպես կարող էր երևանցիների կողմից քաղաքապետ ընտրված անձը հրաժարական տալ նախագահականից դուրս գալուց անմիջապես հետո, իսկ Բաղրամյան 26-ը հաստատեր, որ որ դա տեղի է ունեցել նախագահի պահանջով, կարծես, խոսքը նրա վարորդի մասին էր:

 

Կամ` եթե սա քաղաքական ընտրություն չէ, ինչպե՞ս է երկրի ղեկավարը, դուրս գալով իր իրավասությունների շրջանակից, քաղաքապետ «Տարոն ջանին» հորդորում չշարունակել Մաշտոցի պուրակի կրպակաշինությունը, իսկ վերջինս հլու-հնազանդ ենթարկվում է կուսակցապետի (թե նախագահի, այդպես էլ հասկանալի չդարձավ) հրահանգին, այն դեպքում, երբ երևանցիներն համարյա մեկ ամիս դա էին խնդրում, պահանջում քաղաքապետից:

 

Բայց որպեսզի ՀՀԿ-ն կարողանար գոնե մասամբ համոզիչ դարձնել, որ գործ ունենք ընդամենը Երևանի գլխավոր «հավաքարարի» ընտրության հետ, ապա, առաջին հերթին, պետք է դադարեցներ ընտրողներ ցուցակագրելու անօրինական պրոցեսը և դրանում նույնիսկ վարչական մարզային ռեսուրսը գրեթե բացահայտ ներգրավելը: Երևանյան առաջիկա ընտրությունները քաղաքական բովանդակությունից զրկելու, կենցաղայնացնելու` իշխանության այս ձգտումները, սակայն, առավել քան հասկանալի են: Նախագահական ընտրությունների արդյունքներից հետո իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, վստահություն չունի, որ կկարողանա կանխատեսելի արդյունք ապահովել և Տարոն Մարգարյանին կրկին բարեհաջող քաղաքապետ դարձնել: Այս անգամ ընտրություններին մասնակցում են գրեթե բոլոր հիմնական խաղացող քաղաքական ուժերը, որոնց մի մասը, կարծես, անհամեմատ ավելի վճռական են տրամադրված: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի համար սա ինչ-որ տեղ նախագահական ընտրություններին չմասնակցելուց հետո քաղաքական դաշտում ռեաբիլիտացվելու հնարավորություն է, որից նրանք անպայման օգտվելու են` ինչ-որ բաներ ապացուցելու համար թե' հասարակությանը, թե' իրենք իրենց և թե' իշխանությանը: Սա, իհարկե, մեծացնում է նրանց միջև մրցակցությունը և ընդդիմադիր էլեկտորատի քվեի մանրացման, փոշիացման նախադրյալներ ստեղծում: Սակայն եթե այս կուսակցությունները, առանձին մասնակցելով հանդերձ, հիմնական խնդիր դարձնեն իշխանության կողմից բացարձակ մեծամասնություն կազմելու պլանի ձախողումը, ապա չափազանց հետաքրքիր զարգացումներ կարող են լինել թե' բուն քվեարկության օրը` մայիսի 5-ին, թե' ավագանիում ուժերի հարաբերակությունը հստակեցնելուց հետո:

 

Իր հերթին, ՀՀԿ-ն ՕԵԿ-ի օգնությամբ խնդիր ունի սրբագրելու նախագահական ընտրությունների, մեղմ ասած, ոչ այնքան գոհացուցիչ արդյունքները: Ամեն ինչ արվելու է` թե' ընտրղների բարձր մասնակցություն ապահովելու և թե' բոլոր հնարավոր լծակներով մեծամասնություն ձեռք բերելու համար: Սակայն ամենամեծ գործոնը, որը ավագանու ընտրությունները վերածում է գերքաղաքականի` ի հեճուկս իշխանության ձգտումների, նախագահական ընտրություններից հանրության ստացած այն էներգետիկան է, սեփական ուժերի և հնարավորությունների հանդեպ ձեռք բերած այն վստահությունը, որը ներկայումս, լավ թե վատ, գեներացվում է Ազատության հրապարակում և դրա շուրջը: Իշխանության իրական մրցակիցը ոչ այնքան քաղաքական այդ ուժերն են, որքան հանրային այս տրամադրվածությունը, որի ազդեցությամբ երևանյան ընտրությունները սկսում են ընկալվել ոչ թե քաղաքապետ ընտրելու, այլ Երևանի կտրվածքով իշխանության վերարտադրությունը կանխելու, դրանում Ազատության հրապարակի հանգրվանային հաղթանակն ապահովելու տեսանկյունից:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ