Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ առավոտվանից արտակարգ և լարված իրավիճակ էր Արագածոտնի մարզում: 10 գյուղերի 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել էին բեռնատար և այլ մակնիշի մեքենաներ, ճանապարհի լայնքով դրվել էին ջրի հսկայական խողովակներ, որ երթևեկությունը դադարեցվի: Գյուղացիների համբերության բաժակը լցվել է, Իրանից Հայաստան եկած Փարվիզ Նոսրաթին, Արագածոտնի մարզում մոտ 7-8 տարի առաջ ՀԷԿ է կառուցել, հիմա երկուսը գործում են, երրորդն էլ կառուցվում է՝ գյուղացիներին զրկելով խմելու և ոռոգման ջրից։ Գյուղացիները հայտարարում էին. եթե հարցը չլուծվի, գալու են Երևան՝ կառավարության շենքի մոտ, ի նշան բողոքի, ընդհուպ ինքնահրկիզվեն: Այս ակցիան երեկ տևեց մի քանի ժամ, «դեպքի վայր» ժամանեցին ոստիկանության խմբերը՝ մարզի ոստիկանապետը: Գյուղացիների հետ բանակցությունների արդյունքում ի վերջո ճանապարհը բացվեց, բայց, հարկ եղած դեպքում՝ նոր ճնշման սպառնալիքով:
«Հրապարակ»-ը զրուցել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
- Ոչ մի բան էլ չի կատարվում, իմ համար էսօր կարևորը գյուղացին է, գյուղացին պետք է անպայման ապահովված լինի ջրով, մնացածը կարևոր չի:
- Խոսվում է, որ ինչ-որ պարսիկի ՀԷԿ-ի պատճառով են գյուղացիները զրկվել ջրից:
- Եղել է ջրի խնդիր, բայց հիմա կարգավորվել է:
- Պարսիկ է, չէ՞, ՀԷԿ կառուցել, դրա պատճառով է...
- Շուտ ա կառուցել՝ 5-6 տարի առաջ: Պարսկահայ ա...
- Պարսկահա՞յ, թե՞ պարսիկ:
- Պարսիկ: Կարող ա՞ գիտես ես պարապ եմ, զանգել, հետաքննություն ես անցկացնում:
- Փաստորեն ստացվում է, որ Սյունիքի մարզպետն իր ղեկավարած մարզում է բնակիչների հաշվին արոտավայրերը տալիս պարսիկներին, Ձեր ղեկավարած մարզում էլ ժողովրդի հաշվին ծաղկում է ինչ-որ պարսիկի բիզնես:
- Բայց ես ի՞նչ կապ ունեմ, էդ մարդը տարիներ առաջ է իր ԳԷՍ-ը կառուցել:
- Իսկ ինչո՞ւ է հիմա այդ խնդիրն առաջացել, անօրինակա՞ն է:
- Դե, ջուրը ճիշտ չեն բաշխել. մեկին՝ մի քիչ քիչ, մեկին՝ մի քիչ շատ, ու սենց խնդիր է առաջացել:
- Ուզում եք ասել՝ արագածոտցիներն այնքան արկածախնդիր են, որ մի փոքր խնդրից կսպառնա՞ն ինքնահրկիզվել, եթե տևական չի եղել խնդիրը:
- Ես բացատրեցի, չէ՞, խնդիր է եղել, հիմա կարգավորվել է, հարցը փակվել:
- Իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչո՞ւ եք թողնում խնդիրն այնքան մեծանա, որ փողոց փակեն, հետո հարց լուծեք:
- Ես չեմ իմացել, առավոտյան եմ իմացել:
- Փաստորեն, նաև գյուղապետերը տեղում չեն, պատժելո՞ւ եք նրանց:
- Շատ խորացար, գրավոր ուղարկիր հարցերդ: